Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը փոխնախարար Գևորգ Վերանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ասկերանի շրջվարչակազմում Արամ Մխոյանը հանդիպել է շրջանի մեխանիզատորների, հողօգտագործողների և ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայության (ԱԻԾ) շրջանային բաժնի աշխատակիցների հետ՝ քննարկելով բերքահավաքն անկորուստ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:
Գյուղնախարարը ներկաներին հորդորել է հնարավորինս նպատակասլաց և սրտացավ վերաբերմունք ցուցաբերել բերքահավաքին նախորդող՝ այդ թվում և՝ հակահրդեհային միջոցառումների աշխատանքներին և բուն բերքահավաքին:
Գյուղոլորտի ղեկավարի հավաստիացմամբ՝ բերքահավաքը կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկայի խնդիր ևս չի լինի՝ ՀՀ-ից կներգրավվեն կոմբայններ:
Ասկերանի մեքենատրակտորային կայան այցելելուց հետո, Արամ Մխոյանն ուղևորվել է Մարտակերտի շրջան, որտեղ իրականացրել է դիտարկում հացազգի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներում:
Աշխատանքային այցն ավարտվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ Ասկերանի տեղամասում, որտեղ նախարարը հանդիպել է կազմակերպության տնօրինության և աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Արամ Մխոյանը ցուցում է տվել խստորեն պահպանել կարգուկանոնը՝ ինչից մեծապես կախված է պատասխանատու այս ժամանակահատվածում ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը:
«Հողօգտագործողները չպետք է ոռոգման ջրի խնդիր ունենան: Ջրային ռեսուրսների ռացիոնալ ու արդյունավետ օգտագործում և կարգուկանոնի խստագույնս պահպանում. սա պիտի լինի ձեր գործունեության սկզբունքը, ինչի արդյունքում մենք կկարողանանք ջրօգտագործողներին ապահովել անհրաժեշտ քանակի ջրով»,-ասել է Ա. Մխոյանը: