Սերժ Սարգսյանն Արցախի հարցում կարծես չունի հստակ նպատակ ու ռազմավարություն. «չհասկացվածության պատն» ավելի է ամրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հարցի կարգավորման հերթական հանգրվանը դարձավ Վիեննան, որտեղ կայացած բանակցությունների մասին նախորդ օրերին կարծես ամեն ինչ ասվել է: Հարկ է, սակայն, արձանագրել, որ Վիեննայի բանակցությունները կրկին ցուցադրեցին մեր հասարակության ներսում գոյություն ունեցող գերբեւեռացվածությունը: Դժբախտաբար, հերթական անգամ պարզ դարձավ, որ իշխանությունը մտադիր չէ վերանայել իր նախկին կեցվածքը:

Դեռեւս 2008թ․ մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը խոսում էր «չհասկացվածության պատի» մասին, որը արդեն 8 տարի է՝ ոչ միայն շարունակում է կանգուն մնալ, այլեւ օրեցօր ավելի ամրանալ: Թվում էր՝ քառօրյա պատերազմը իսկական ցնցում է հարուցել երկրում՝ բառի դրական իմաստով: Ի հեճուկս պատերազմի արհավիրքի՝ հայ հասարակության ներսում առաջացել էր յուրօրինակ խանդավառություն: Ներքաղաքական ու ներհասարակական շերտերում ակնհայտորեն վերացել էր պաշտոնյա-սովորական քաղաքացի անջրպետը: Եթե հասարակության խանդավառությունը կարելի է մասամբ բացատրել վերջին մի քանի տարիների «լեթարգիական քնով», ապա իշխանության բազմաստիճան օղակների շփոթը պայմանավորված էր պատերազմի հանկարծակիությամբ ու իրավիճակի անկառավարելիությամբ:

Անշուշտ, հեռու ենք այն մտքից, թե հասարակությունն իր ձեռքն էր վերցրել թելադրողի կարգավիճակը, նման բան աշխարհում ոչ մի տեղ չի լինում, բացի լենին-ստալինյան դոկտրիններից: Բայց եւ չի կարելի չնկատել, որ հասարակությունը զգացել էր իր կարեւորությունը․ քաղաքացին տեսավ, որ ինքն ի վիճակի է ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Դա փաստվեց հատկապես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդին դիմակայող 18-20-ամյա երիտասարդների հերոսությամբ: Ի դեպ, այն հարցադրումները, թե ինչո՞ւ սահմանին կանգնած չէին հարուստների զավակները, ծագում էին հենց այս մտայնությունից, ըստ որի՝ հերոսության ընդունակ է միայն հասարակ ժողովուրդը, վերջինիս զավակը, եւ այդտեղ պետության հարստահարությամբ ունեցվածք դիզածները տեղ չունեն: Վերջապես, հասարակությունն այդ օրերին տեղյակ չէր տարածքային կորուստների մասին եւ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելն ինքնին ընկալվում էր իբրեւ հաղթանակ: Բնական է, որ ցանկացած հաղթանակ էյֆորիա է առաջացնում հասարակության ներսում, ինչը, սակայն, իշխանությունները «հրաշալիորեն» հաղթահարեցին:

Առավելագույնս տեղյակ լինելով իրավիճակին՝ իշխանությունը բացահայտեց, որ նախորդ 18 տարիներին լայն թափով իրականացված վայրագություններն իսկապես խաթարել են Հայաստանի անվտանգությունը: Հիշենք, թեկուզ իշխանության երկրորդ էշելոնի ներակայացուցիչների (օր.՝ Աշոտյան, Շարմազանով) հայտարարությունները, թե իբր արդեն ամեն ինչ փոխվել է, այլեւս չի կարելի նախկինի պես շարունակել եւ այլն: Իրավիճակային հայտարարություններ լինելով հանդերձ՝ դրանք ուղղակիորեն մատնում էին բանախոսների ներքին անհանգստությունը: Սերժ Սարգսյանը նույնիսկ հարկադրված եղավ աշխատանքից ազատել մի շարք բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաեւ ԴԱՀԿ-ի պետին: Նախկինում, կարծեք, է՛լ ավելի խայտառակ օֆշորային սկանդալներ էին եղել, բայց որեւէ մեկը դրան ուշադրություն իսկ չէր դարձրել:

Ո՞ւմ համար էր գաղտնիք, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնատերեր են, որոնք պարզապես չէին կարող բյուջետային աշխատավարձով նման ունեցվածքի տիրանալ: Բայց եւ այնպես, աշխատանքից ազատելը Սարգսյանը բավարար համարեց ներհասարակական լարվածության թոթափման ճանապարհին ճիշտ այնպես, ինչպես 2014-ին աշխատանքից ազատվեց եւ մեկ տարի անց իր դիրքերում վերականգնվեց Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հասարակությանն իր հին՝ ոչինչ չորոշողի տեղը ցույց տալու իշխանության իրական գործողությունները մեկնարկեցին ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկումներով՝ իրենց տրամաբանական ավարտին հասնելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցով:

Ինչեւէ, Վիեննայի բանակցությունների մասին դիվանագիտական հաղորդագրությունը դեռ մարսված չէր, երբ հրապարակ նետվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատար լինելով՝ Սերժ Սարգսյանը պարզապես չպետք է ձեռքից բաց թողներ հարմար առիթը, եթե ոչ միավորելու հասարակությանը, ապա առնվազն դրական ազդակներ հաղորդելու: Դա էր պահանջում թե՛ պետական շահը, թե՛ իշխանության դիրքերի ուժեղացման տրամաբանությունը: Բայց պարզվում է, որ Սարգսյանը նման մանր-մունր հարցերի համար ժամանակ չուներ: Նա բացեիբաց կշտամբեց կորուստների մասին խոսողներին՝ նրանց կոչ անելով անձամբ գնալ ու ետ վերցնել կորսված դիրքերը: Գերագույն գլխավոր հրամանատարի նման անպատասխանատու հայտարարությունները եթե հնչեին արեւմտյան ժողովրդավարություններից ցանկացածում, խորհրդարանը նվազագույնը հանդես էր գալու դատապարտումով, եւ գուցե թե հատուկ հանձնաժողով էլ ստեղծվեր նախագահի վարքի քննության ու դրան քաղաքական գնահատական տալու համար: Իսկ մեզ մոտ խորհրդարանականները, ինչպես միշտ, շտապեցին սատարել Սարգսյանի՝ լիապես անընդունելի ձեւակերպումները:

Հասկանալիորեն խնդիրը կորսված դիրքերի ետ գրավումը չէ, քանզի աշխարհաքաղաքական մեծ խաղատախտակի վրա հաճախ հարկադրաբար պիտի զիջես մասը՝ ամբողջը պահպանելու համար: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը պետք է բացատրեր, որ այդ կորսված դիրքերի ետ գրավումը նախընտրելի չէ՝ կոնկրե՛տ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այստեղ նա պետք է անկեղծ խոսեր ժողովրդի հետ՝ բացատրելով իր քաղաքականության նպատակը: Փոխարենը ներկայիս բարդ իրավիճակում նա ծաղրում է անվտանգության հարցով իրենց մտահոգությունները բարձրաձայնողներին: Այսպիսի վարքագիծը կարելի է միայն բացատրել մինչապիրլմեկյան պատերազմը իշխանության վարած նույնատիպ քաղաքականությամբ: Այսօր եւս Սերժ Սարգսյանն Արցախի հարցում կարծես չունի հստակ նպատակ ու ռազմավարություն, ընդհուպ նույնիսկ մոտավոր տեսլական: Իշխանության օրակարգում կրկին բացակայում է հայեցակարգային մոտեցումը՝ տուրք տալով հնաոճ ինքնանպատակ վարքագծին: Իրերի դրությունը հուշում է, որ իշխանությունը կրկին վերգտել է իրեն եւ վերադառնում է կոսմետիկ ու ձեւական քայլերի մարտավարությանը:

Ն. Հովսեփյան




Լրահոս