Ապրիլյան պատերազմից հետո Բաքուն տարբեր ուղղություններով շատ ակտիվ արտաքին քաղաքական քայլեր է կատարում. ինչ է անում Երևանը դրան ի հակակշիռ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գերագույն դատարանը երեկ փոխել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը՝ նրա 7.5 տարվա ազատազրկման ժամկետը փոխարինելով 3.5 տարվա պայմանական ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւի ընտանիքի օֆշորային գործարքների մասին հետաքննություն սկսած Խադիջա Իսմայիլովան դատապարտվել էր ազատազրկման՝ «յուրացումների, չարաշահումների ու հարկերի վճարումից խուսափելու» համար: Ադրբեջանցի լրագրողի հարցը մեծ հնչեղություն էր ստացել ողջ աշխարհով մեկ, եւ ի թիվս տասնյակ այլ ազատազրկված իրավապաշտպանների եւ լրագրողների՝ հենց Իսմաիլովայի ազատ արձկումն էր այն պայմաններից մեկը, որ առաջադրվում էր Արեւմուտքի կողմից Իլհամ Ալիեւի վարչակազմի նկատմամբ նախկին վերաբերմունքը վերականգնելու հարցում:
Եվ, ահա՝ գնալով այդ քայլին՝ Ալիեւն, ըստ էության, կատարեց դեպի Արեւմուտք 3-րդ ժեստը. հիշեցնենք, որ մարտին նրա հրամանագրով ազատ արձակվեցին 15 քաղբանտարկյալներ՝ այդպիսով հնարավորություն տալով Ալիեւին քիչ թե շատ «երեսատեղ» ունենալ Վաշինգտոնում միջուկային գագաթնաժողովին մասնակցելու համար:

Հաջոդ ժեստը, որ արեց Ադրբեջանն Արեւմուտքի ուղղությամբ, մայիսի 23-ին ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին Էլմար Մամեդյարովի մասնակցությունն էր: Հիշեցնենք, որ դրանից առաջ՝ անցած ամռանը, հենց նույն՝ մարդու իրավունքների հետ կապված եվրոպական կառույցների քննադատությանն ի պատասխան՝ Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանին բոլորովին էլ պետք չէ ինտեգրվել Եվրոպային. «Մեզ պետք չեն եվրոպական արժեքները: Եթե այսօր հարկ լիներ ընտրություն կատարել, ապա հնարավոր է` մենք չէինք մտնի նաեւ Եվրոպայի խորհուրդ»:

Արեւմուտքի ուղղությամբ ալիեւյան քաղաքականության այս փոփոխությունը ամենեւին պատահական չէ եւ ուղղակի կապ ունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Բաքվում հասկացել են, որ ներկայիս իրավիճակում, երբ երկրում տնտեսական ճգնաժամ է, եւ նավթադոլարների նախկին քանակը, հետեւաբար նաեւ ազդեցությունն այլեւս չեն կարող լինել այնքան որոշիչ, որքան մինչ այդ, նրանք որոշել են երկրի ժողովրդավարացմանն ուղղված մի քանի ցուցադրական քայլեր անել: Զուգահեռաբար Բաքուն շատ ակտիվ կերպով մեսիջներ է հղում թե՛ Եվրոպային, թե՛ Ռուսաստանին: Բրյուսելյան գագաթնաժողովից հետո երեկ էլ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց Բաքվի ցանկության մասին՝ «հաշտեցնելու» Թուրքիային եւ Ռուսաստանին, որի հետ այդ երկիրը ունի «ամենաջերմ հարաբերությունները»:
Թե որքանով են Ադրբեջանի այս նախաձեռնություններն անկեղծ եւ ինչ արդյունքի կհանգեցնեն, դժվար է ասել, սակայն փաստ է, որ ապրիլյան պատերազմից հետո Բաքուն տարբեր ուղղություններով շատ ակտիվ արտաքին քաղաքական քայլեր է կատարում՝ այդ ընթացքում գնալով նաեւ իր համար ցավոտ վերանայումների: Իսկ թե դրան ի հակակշիռ ինչ է անում Երեւանը, ցավոք, առայժմ տեսանելի չէ:

 




Լրահոս