Այս տարվա հուլիսի 25-ից քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց են անում: Նրանք պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երեւանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Թեեւ երբեմն տպավորություն է, որ վերջիններից հրաժարականն ընդամենը մեքենայի վրայի պաստառն է պահանջում, քանի որ ակտիվիստներ չկան:
Երեկ նստացույց անողներին միացել են մի խումբ երիտասարդներ՝ նպատակ ունենալով միասին մասնակցել Երեւան քաղաքի ավագանու բաց նիստին: Սակայն նրանց չի հաջողվել, քանի որ թույլ չեն տվել: Թեեւ առավոտյան ՀՀԿ ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանն ակտիվիստներին տեղեկացրել է, որ ավագանու դռնբաց նիստին կարող են մասնակցել միայն Երեւանի քաղաքապետի կամ ավագանու որեւէ խմբակցության հրավերով, այնուամենայնիվ, հրաժարվել է ՀՀԿ-ի անունից նրանց եւս հրավիրել: Մերժում ստանալուց հետո ակտիվիստները փորձել են ներս մտնել՝ ոստիկանական պատնեշը հաղթահարելով, սակայն դարձյալ չի ստացվել, փոխարենը 8 ակտիվիստ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին. «8 հոգու նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի համապատասխան կազմվել է արձանագրություն, ինչից հետո նրանք ազատվել են ոստիկանության բաժանմունքից»:
Բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ցանկանում էինք մասնակցել նիստին եւ մեր հարցադրումներն անել, իսկ ոստիկանությունը հրելով, քաշելով, վիզը ոլորելով մտցնում էր մեքենաները եւ տանում, անգամ այն դեպքում, երբ ասում էինք՝ ներկայացե՛ք, մենք ինքներս կգանք»:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում կազմակերպվող գրեթե բոլոր ակցիաներն ավարտվում են ոստիկանության հետ բախումներով՝ ի տարբերություն մարտի 1-ին նախորդած ու հաջորդած ժամանակահատվածի, երբ պայքարողների թիվն անցնում էր հարյուր հազարը, սակայն նման դեպքեր, կարելի է ասել, չէին լինում: Կ. Հարությունյանը սա այսպես մեկնաբանեց. «Խնդիրը քանակը չէ, այլ պայքարի մեթոդները: Մենք չենք ենթարկվում իրենց ասած օրենքներին: Մենք չենք հրահրում եւ նպատակ էլ չունենք, արդեն հոգնել ենք ոստիկանների հետ բախումներից: Մենք ոստիկանների հետ խնդիր չունենք, պարզապես նրանց են բերում մեր դեմ»:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ նման ակցիաներն օժանդակում են քաղաքական կառույցները եւ նույնիսկ ակտիվիստներին գումարներ տալիս պայքարն ավելի թեժացնելու համար, Կ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց՝ ասելով, որ նման կարծիքը պարզապես ծիծաղելի է: Թե մինչեւ երբ կպայքարեն ակտիվիստները կամ արդյոք մեկ-երկու պաստառապատված մեքենայով եւ 2-3 հոգու հերթապահությամբ արդյունք կունենան, նա պատասխանեց, որ պարտադիր չէ այնտեղ շատ մարդ լինի, քանի որ այն ստատիկ պայքար է, եւ պայքարելու են այնքան, մինչեւ պաշտոնանկ կանեն վերոնշյալ անձանց:
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ