Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը վերածվել է մի մութ անտառի, որի միակ նպատակը տնտեսական աճ արձանագրելն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը վերածվել է մի մութ անտառի, որի միակ եւ հավերժական նպատակը, անկախ ամեն ինչից, տնտեսական աճ արձանագրելն է, իսկ եթե որեւէ մեկը փորձի պարզել, թե ինչպես է դա արվում, ապա դատապարտված է ձախողման:

Մի կողմ թողնենք հաշվարկների հիմքում դրված թվերի արժանահավատության հարցը եւ արձանագրենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններում նույնիսկ տարրական տրամաբանության կաննոներ չեն պահպանվում:

Այսպես՝ «համախառը ներքին արդյունք» կոչվածը տնտեսության վիճակը բնորոշող հիմնական գործակիցներից է, եթե չասենք, որ հիմնականը: Մինչեւ 2008 թվականը, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի ՀՀ վարչապետ դառնալը, Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրվում էր ՀՆԱ-ով: ՀՆԱ-ն տվյալ երկրում որոշակի ժամանակահատվածում` եռամսյակում կամ մեկ տարում արտադրված վերջնական ապրանքների եւ ծառայությունների, ներառյալ առեւտրի շուկայական արժեքն է:

Այլ կերպ ասած՝ ԱՎԾ-ն տարվա ընթացքում եռամսյակներով, վերջում էլ մեկ տարվա կտրվածքով հաշվարկում էր, թե տվյալ տարում որքան ապրանք է արտադրվել, որքան առեւտուր է տեղի ունեցել ու ծառայություն մատուցվել, հանրագումարը ներկայացվում էր որպես ՀՆԱ: Եթե ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճում էր, դա նշանակում էր, որ Հայաստանում տնտեսական աճ էր արձանագրվել: Հակառակ պատկերը տնտեսական անկում էր ենթադրում:

Սակայն 2009-ից Հայաստանի պաշտոնական վիճակագիրները հնարեցին «տնտեսական ակտիվության ցուցանիշ» ասվածը եւ սկսեցին տնտեսության վիճակը դրանով բնորոշել: Այս տվյալի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հնարել են մեր պաշտոնական վիճակագիրները, եւ դրա հիմքերը, մեղմ ասած, ոչ ոք չի կարող գտնել: Իսկ ՀՆԱ-ի դեպքում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէր, քանի որ ցանկության դեպքում տնտեսագետները կարող էին այն հաշվել եւ համադրել պաշտոնականի հետ:

Մյուս կողմից ԱՎԾ-ն շարունակում է հրապարակել ՀՆԱ-ի ցուցանիշը: Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը ԱՎԾ-ն օրերս հրապարակեց այս տարվա առաջին չորս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ տվյալների հետ: Ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 898 միլիարդ 232 միլիոն 600 հազար դրամ:

Համապատասխան աղուսյակում ներկայացված է ՀՆԱ-ի կառուցվածքը` ըստ տնտեսական գործունեության տեսակների: Այլ կերպ ասած՝ մեկ առ մեկ ներկայացված է, թե, օրինակ, «գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն» դասակարգիչի տակ ներառվող գործունեության, «Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում», «Մեծածախ եւ մանրածախ առեւտուր. ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում» եւ մնացած բոլոր տեսակի գործունեությունների արդյունքը որքան է կազմել եւ այն ընդհանուր ՀՆԱ-ի որ մասն է կազմում: Կրկնում ենք՝ այդ ցանկում ներառված են տնտեսական գործունեության բոլոր այն տեսակները, որոնց արդյունքը ներառվում է ՀՆԱ-ի հաշվարկում, ոչինչ չի մոռացվել, անգամ «Մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ»-ը եւ «Պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրություն»-ը չեն մոռացել:

Բայց արի ու տես, որ երբ ԱՎԾ-ի ցանկում ներկայացված ՀՆԱ-ի բացվածքը ըստ տեսակների գումարում ենք, բոլորովին այլ թիվ ենք ստանում` ընդհանուրից 224 միլիարդ դրամով պակաս` 664 միլիարդ 552 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է Հայաստանում գոյություն ունի յուրահատուկ մի տնտեսական գործունեություն, որի արդյունքները ՀՆԱ-ի հաշվարկում ներառվում են, բայց մյուս կողմից էլ այդ գործունեությունը աշխարհին եւ պաշտոնական վիճակագիրներին հայտնի ոչ մի տեսակի մեջ չի մտնում:

Ավելին, ըստ գործունեության տեսակի՝ ներկայացված թվի կողքին նշված է նաեւ, թե այդ արդյունքը ընդհանուր ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում: Այս թվերը գումարելիս եւս այլ թիվ ենք ստանում. 100, 99 կամ 101 տոկոսի փոխարեն ստանում ենք 90,1 տոկոս:

Մի խոսքով, երբ ԱՎԾ-ի թվերին մի փոքր սկսում ես լուրջ վերաբերվել եւ ուսումնասիրել, պարզվում է, որ դրանք Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքներից հեչ չեն տարբերվում. իշխանությունների խելքին ինչ գալիս է, գրում են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս