ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան շարժման օրերին` 1989թ. սեպտեմբերին, հայտնի գիտնական Ռաֆայել Իշխանյանը «Մաշտոց» ինքնահրատում հանդես եկավ «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածով, որը, կարելի է ասել, ուղենիշային դարձավ հետագա պայքարի համար: Այս հոդվածը չի կորցրել իր արդիականությունը նաեւ այսօր: Ներկայացնում ենք այն` որոշակի կրճատումներով:
«Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել եւ ավելի ու ավելի անսխալ դառնալ։ Ասում են՝ Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը՝ «պրիմիտիվ ազգ»։
Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։
…Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաեւ հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արեւմուտքը։
Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարեւաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արեւմուտքին եւ Ռուսաստանին։
…Մեր գլխավոր հաղթանակը 1918թ. մայիսին եղավ առանց որեւէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարեւոր հաղթանակը 1920-21թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ առանց որեւէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք:
…Երրորդ ուժին ապավինելու գաղափարը եւ միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատեւելու կամքը։
Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։ Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը եւ պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել եւ խոսել պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի իրական էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են։
Ազգային պետականություն չունեցող ամեն մի ժողովրդի ազգային շարժման գլխավոր նպատակը իր պետականությունը, այսինքն անկախությունը վերականգնելն է կամ ձեռք բերելը։ Սա վերաբերում է նաեւ հայերին։ Եթե մեր մեջ չկա ազատության ձգտումը, դատապարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։
Սակայն անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից եւ մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։
…Որեւէ երրորդ ուժ հայերի կամքով երբեւէ չի շարժվել եւ չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբեւէ չի օգնել եւ չի օգնի (եթե շահ չունի)։ Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարեւանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։
Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա եւ միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարեւանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարեւանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք եւ ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, եւ դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։
…Անիմաստ է նաեւ Ռուսաստանի հետ թշնամանալը։ Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել։
…Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին եւ առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան եւ մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։
Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը»։




Լրահոս