8 ոսկե և 2 արծաթե մեդալ. ԱԻՆ աշխատակիցները լավագույնն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշմանդամների հանրապետական 14­-րդ մարզական փառատոնը, որի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, հունիսի 16­-ին ավարտվեց: Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացված եռօրյա փառատոնին մայրաքաղաքը և տարբեր մարզեր ներկայացնող թիմերը մրցում էին շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում:

Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես գալով տարբեր թիմերում` լուրջ արդյունքեր են գրանցել, գրավել մրցանակային տեղեր և արժանացել բարձր պարգևների. Սևակ Մխիթարյան ­ բասկետբոլ և ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Կոտայքի մարզ) Հարություն Մխիթարյան ­ ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Լոռու մարզ) Սարգիս Միրիբյան ­ ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Գեղարքունիքի մարզ) Հովհաննես Խզմալյան ­ բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Երևան) Գրետա Վարդանյան ­ ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Շիրակի մարզ) Նուբար Կիրակոսյան ­ սեղանի թենիս՝ ոսկե, բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Արագածոտնի մարզ):

Փառատոնի մասնակից Գրետա Վարդանյանը, ով ապրիլի 7­ին յուրատեսակ նվեր է ստացել՝ աշխատանքի ընդունվելով Արտակարգ իրավիճակների նախարարություն, այս տարի Հայաստանը կներկայացնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերում: Գրետան մեծ ոգևորությամբ սպասում է խաղերի մեկնարկին և տրամադրված է միայն լուրջ արդյունքների, քանի որ տանը նրան սպասում է ամենահավատարիմ և սրտացավ փոքրիկ երկրպագուն:

Վեցամյա Օֆելյան մայրիկին սպասում է միայն հաղթանակած: ՀՀ ԱԻ նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամ աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի, ինչպես նաև՝ ամենօրյա մարզումների համար:




Լրահոս