Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի այցելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այս օրերին Հայաստան չի այցելի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանից: Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել էր որպես հայ ժողովրդի շահերի «օգտագործում իմպերիալիստական ուժերի կողմից»:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նամակը հրապարակելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զրուցել է Աթեշյանի հետ եւ փորձել հետաքրքրվել Էրդողանին նամակ գրելու դրդապատճառների մասին: Սակայն Գարեգին Բ-ի այս հետաքրքրությանն ի պատասխան՝ Աթեշյանը ոչինչ չի արձագանքել: Այս տեղեկության մասով Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարեց. «Այս առնչությամբ ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու եւ որեւէ տեղեկություն չեմ տրամադրելու»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս օրերին՝ Հռոմի Պապի այցի նախաշեմին, Մայր աթոռի Վեհարանը կահավորվել է նոր եւ թանկարժեք կահույքով:




Լրահոս