Armenian text to speach

Հռոմի պապն ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո 12-օրյա շրջագայության է մեկնել Լատինական Ամերիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո իր առողջական վիճակը լավ է։ Այս մասին քահանայապետը լրագրողներին հայտնել է Ուրուգվայ մեկնելու ճանապարհին, որտեղ մեկնարկել է Լատինական Ամերիկայի երկրներով նրա 12-օրյա շրջագայությունը, հաղորդում է BBC News-ը։

«Հրաշալի բժիշկների շնորհիվ կարծում եմ, որ առողջական բավական լավ վիճակում եմ», — ասել է Լևոն XIV-ը։

Նա նաև խոստովանել է, որ շատ ուրախ է այս ուղևորությունը կատարելու հնարավորության համար։ Ուղևորությունը կասկածի տակ էր հայտնվել անցյալ ամիս, երբ պլանային հետազոտության ժամանակ ուռուցք էր հայտնաբերվել։

Քահանայապետը նշել է, որ ի սկզբանե համոզված է եղել ուղևորության անհրաժեշտության մեջ։ Ուռուցքի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, և, բժիշկների խոսքով, քաղցկեղը չի տարածվել այլ օրգանների վրա։

Ուրբաթ օրը պապը ժամանել է Մոնտեվիդեո, որտեղ նրան դիմավորել են առափնյա զբոսավայրում հավաքված բազմաթիվ մարդիկ։ Այցի առաջին օրը նա ելույթ է ունեցել Անկախության հրապարակում՝ կոչ անելով ապահովել բժշկական օգնության համընդհանուր հասանելիությունը։

«Բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին», — ընդգծել է քահանայապետը։

Նա նշել է, որ իր ստացած բուժումը ստիպել է իրեն մտածել այն բազմաթիվ տղամարդկանց ու կանանց մասին, որոնք միջոցներ չունեն ժամանակին ախտորոշվելու և անհրաժեշտ օգնություն ստանալու համար։

Ելույթից հետո Լևոն XIV-ն աղոթել է Մոնտեվիդեոյի մայր տաճարում։

Իր վեցերորդ միջազգային շրջագայության ընթացքում քահանայապետը կանցնի ավելի քան 20 հազար մղոն։ Ուրուգվայից հետո նա կայցելի Արգենտինա՝ իր նախորդի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայրենիքը, որտեղ վերջինս իր քահանայապետության ընթացքում այդպես էլ չայցելեց։ Այնուհետև Լևոն XIV-ը կմեկնի Պերու, որտեղ երկար տարիներ ծառայել է որպես միսիոներ, իսկ ավելի ուշ՝ որպես եպիսկոպոս։ Վատիկանում ուղևորության այս փուլն անվանել են վերադարձ տուն։

Պապի խոսքով՝ այցի նպատակն է լինել այն մարդկանց կողքին, որոնք Կաթոլիկ եկեղեցուց հույսի պատգամ են սպասում։




Մամուլի Տեսություն

Լրահոս