«Ցեղասպանությունից» բացի՝ հայերի բնաջնջումը նկարագրող այլ բառ չգիտեի. Հռոմի Պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանից Հռոմ վերադարձի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ մինչ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելը հայերի բնաջնջումը նկարագրող բառ, բացի «ցեղասպանությունից», չգիտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Il Sole 24 Ore պարբերականին:

«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, և Բուենոս Այրեսի Մայր տաճարում մենք խաչքար տեղադրեցինք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Ես այլ բառ չգիտեի այդ երևույթը նկարագրելու համար: Երբ ես եկա Հռոմ, լսեցի մեկ այլ արտահայտություն՝ «մեծ չարիք», և ինձ ասացին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է: Սակայն ես միշտ խոսել եմ 3 ցեղասպանության մասին՝ հայերի ցեղասպանությունը, Հիտլերի ցեղասպանությունն ու Ստալինի ցեղասպանությունը»,- տեքստից շեղման և «ցեղասպանություն» բառն արտասանելու մասին հարցին պատասխանել է Պապը:

«Անցած տարի, երբ ես պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի արարողությանը, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործեց այդ բառը, և ես նրան մեջբերեցի: Դա վատ արձագանք ունեցավ, թուրքական կառավորությունը հայտարարություն արեց՝ հետ կանչելով իր դեսպանին, ով վերադարձել է մի քանի ամիս առաջ: Իմ ելույթի մեջ չի եղել այդ բառը, սակայն երբ ես լսեցի Հայաստանի նախագահի խոսքը, իմ կողմից տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի այն, ինչ ասացի մեկ տարի առաջ»,- նշել է պոնտիֆիկը:

Կիրակի օրը տեղի է ունեցել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությունը:




Լրահոս