ԱՊԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն, որը երկար տարիներ զբաղվում էր ապակե տարաների արտադրությամբ, նախորդ տարվա նոյեմբերի 24-ին սնանկացել է: Այժմ ընկերությունը գտնվումն է լուծարման փուլում:

Նշենք, որ 2004 թվականին հայտնի Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա հիմնադրվեց «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն: Կատարվեցին հսկայական ներդրումներ, ինչի արդյունքում ընկերությունն ուներ ապակե տարաների արտադրման 3 հոսքագիծ եւ ընդհանուր հաշվով տարեկան տալիս էր 120 մլն հատ արտադրանք: «Գլաս Ուորլդ Քամփնի»-ն ուներ 322 աշխատող, տարեկան մոտ 800 մլն եկամուտ, իսկ արտադրանքը արտահանում էր նաեւ Վրաստան: Նշենք, որ «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության արտադրած ապակե տարաները հիմնականում գնել են Հայաստանի պահածո արտադրող մի շարք խոշոր ընկերություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Օփթիլինգ Հոլդինգս» ՍՊԸ-ն նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել սնանկ ճանաչել «Գլաս Ուորլդ Քամփնի»-ին:
Բանն այն է, որ դեռեւս 2006 թվականին «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերությունը «Օփթիլինգ Հոլդինգս»-ից վարկ է վերցրել: Սակայն «Օփթիլինգ Հոլդինգս» ընկերության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունը «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն հնարավորություն չի ունեցել մարելու, քանի որ գտնվել է ֆինանսապես ճգնաժամային իրավիճակում: Ըստ «Գլաս Ուորլդ Քամփնի»՝ դրա պատճառն այն է, որ ընկերությունը 2014 թվականի հուլիսի 1-ից սկսել է ապակե տարաների արտադրման վառարանի կապիտալ վերանորոգում, ինչի հետեւանքով նախապես հաշվարկված ֆինանսական ծախսերը կրկնակի աճել են: Իսկ վառարանի վերանորոգման համար ընկերությունը ծախսել է ավելի քան 4.3 մլն եվրո: Ընկերությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել առարկություն, որում նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից անօրինական որոշում է կայացվել անջատել ընկերության գազամատակարարումը, ինչի հետեւանքով վերոնշյալ վառարանը չի գործում: Տեղեկացնենք, որ ներկա պահին ընկերությունը փաստացի գործունեություն չի ծավալում, քանի որ չունի գազ, անջատված է նաեւ էլեկտրամատակարարումը:
Ի դեպ, ընկերությունն ունի մոտ 28 մլն դրամի հասնող պարտավորություններ, այդ թվում նաեւ աշխատավարձի պարտքեր, որոնց վերաբերյալ աշխատողները պահանջներ են ներկայացնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաճառված ապրանքի դիմաց ստացված եկամուտով ընկերությունը ստիպված էր մարել բանկից վերցրած վարկերի տոկոսները, ինչպես նաեւ աշխատողների աշխատավարձը, հետին պլան էր մղվել «Օփթիլինգ Հոլդինգս» ՍՊԸ-ից վերցված վարկի մարումը, որը երկարացվել էր մինչեւ նախորդ տարվա հունիսի 30-ը: Սակայն այս դեպքում նույնպես ընկերությունը չի կարողացել դրանք մարել:
«ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Գլաս Ուորլդ Քամփնի»-ն առարկել է ընկերությանը սնանկ ճանաչելու «Օփթիլինգ Հոլդինգս»-ի պահանջին: Ընկերության կողմից ներկայացված առարկության մեջ նշված է, որ «Գլաս Ուորլդ Քամփնի»-ի կանոնադրական կապիտալը կազմել է 3 մլրդ 401 մլն 346 հազար 400 դրամ: Իսկ «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության պարտքը «Օփթիլինգ Հոլդինգս» ՍՊԸ հանդեպ կազմում է 3 մլն 13 հազար 266 դոլար: «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության ներկայացուցիչը դատարանին ներկայացրել է նաեւ, որ ընկերությունը որպես արդյունաբերական գործարան, ունի իր կարեւոր դերն ու նշանակությունը ՀՀ-ում եւ հանդիսացել է խոշոր հարկ վճարող: Եւ այս դեպքում ընկերության սնանկացումը բացասական կազդի երկրի տնտեսության վրա, եւ Հայաստանում գործազուրկների թիվը կհամալրվի ավելի քան 300-ով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ ընկերության դեբիտորական պարտքերը կազմում են ավելի քան 1 մլրդ 2 մլն դրամ, որոնք ընկերությունը փորձում է վերադարձնել ՀՀ օրենքով սահմանված բոլոր միջոցներով: Ինչպես նաեւ ընկերության պահեստներում առկա են պատրաստի արտադրանքներ, որոնք նախատեսված են ազատ վաճառքի համար: Բացի այդ՝ «Գլաս Ուորլդ Քամփնի»-ի՝ դատարան ներկայացված առարկությունում նշված է, որ ընկերության տնօրինությունը բանակցություններ է վարում վրացական մի շարք հայտնի ընկերությունների հետ հետագա համագործակցության վերաբերյալ, նախատեսում է կնքել պայմանագրեր, որոնց օգնությամբ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը մոտ ժամանակներս կկայունանա, եթե «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն սնանկ չճանաչվի:
Եւ չնայած ընկերության խնդրանքներին՝ դատարանը որոշել է ընդառաջել «Օփթիլինգ Հոլդինգս» ընկերությանը եւ բավարարել նրանց դիմումը՝ «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերությանը սնանկ ճանաչելու մասին: Մինչդեռ կառավարությունը ամեն պատեհ առիթի հայտարարում է, որ պատրաստ է աջակցել գործարարին եւ կանգնած է նրա կողքին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ՎԱՐԿ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Համաշխարհային բանկը Ադրբեջանին հավելյալ 66,7 միլիոն դոլարի վարկ կհատկացնի: Վարկի հատկացման պաշտոնական փաստաթուղթը ստորագրվել է երեկ: Վարկն ուղղվելու է բնակչության կենսապայմանների բարելավմանն ու եկամտային հնարավորությունների ամրապնդմանը:
ՀԲ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ տվյալ դրամային միջոցները մի շարք հնարավորություններ են ստեղծելու պարտադրված տեղահանվածների համար: «Վարկի շրջանակում նրանց համար կազմակերպվելու են թրեյնինգներ որոշակի ոլորտների վերաբերյալ, ինչից հետո նրանց կհատկացվի անհրաժեշտ կապիտալ՝ նոր գործ սկսելու համար»,- ասել է ՀԲ ներկայացուցիչը:

 

 

ԱՃ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Ըստ ավտոարտադրողների եվրոպական ընկերակցության տվյալների՝ Եվրամիությունում նոր ավտոմեքենաների վաճառքները 2016թ. մայիսին աճել են 16 տոկոսով. աճը շարունակվում է արդեն 33 ամիս անընդմեջ: Հունվար-մայիս ամիսների ընթացքում գրանցված նոր ավտոմեքենաների թիվը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 9,9 տոկոսով: Անցած ամիս Եվրամիության 27 երկրներում գրանցվել է 1,29 մլն նոր ավտոմեքենա՝ մեկ տարի առաջվա 1,17 միլիոնի դիմաց: Այսպիսով, Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքները գրեթե վերադարձել են 2008թ. մայիսի մինչճգնաժամային մակարդակին:
Ի դեպ, աճ են արձանագրել ԵՄ-ի բոլոր առաջատար երկրները, առաջատարներն են դարձել Իտալիան (+27,3 տոկոս), Ֆրանսիան (+22,3 տոկոս), Իսպանիան (+20,9 տոկոս): Գերմանիայում՝ Եվրոպայի խոշորագույն ավտոշուկայում, ավտոմեքենաների գրանցման ծավալներն ավելացել են 11,9 տոկոսով:




Լրահոս