Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Ճամբարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Փրկարարական աշխատանքների իրականացումը զենքի կիրառման հետևանքով վնասված բարձրահարկ շենքում» թեմայով: Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, ոստիկանության մարզային վարչության Ճամբարակի բաժնից 1 խումբ, ՃՈ 1 հաշվարկ, «Ճամբարակի Առողջության Կենտրոն» ՓԲԸ աղետների բժշկության 1 խումբ (14 հոգանոց բուժանձնակազմով), «Գազպրոմ Արմենիան», «Հայկակական էլեկտրական ցանցերը», «Հայջրմուղկոյուղի» ընկերություններից վթարավերականգնողական 1-ական խումբ, ինչպես նաև՝ ՀՀ ՊՆ սակրավորների 1 խումբ:

Ուսումնավարժության սցենարի համաձայն` հակառակորդի օդուժը ռմբակոծել էր Ճամբարակ քաղաքը, որի հետևանքով վնասվել էր քաղաքի X հասցեում գտնվող շենքը, կային մասնակի փլուզումներ, վիրավորներ, առաջացել էր հրդեհ: Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության գործնական միջոցառումներն անցկացվեցին 8 տեղամասերում:

Ուսումնավարժության նպատակներն էին`

• կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փլուզված շենքում որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս.
• կատարելագործել արձագանքող ուժերի փոխգործակցությունը:

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը նշեց, որ այսքան շատ արձագանքող ուժեր ներգրավված էին, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ավելի արագ ու օպերատիվ կազմակերպել արձագանքումը:

– Նման վարժանքները հնարավորություն են տալիս ԱԻՆ ծառայողներին և ներգրավված մյուս ծառայությունների աշխատակիցներին կատարելագործել իրենց հմտությունները: Վարժանքների ժամանակ ավելի մեծ փորձ է ձեռքբերվում, ինչը թույլ է տալիս մասնակիցներին բարձրացնել մասնագիտական կարողությունները: Փոխգործակցությունը տարբեր ստորաբաժանումների միջև գնահատում եմ շատ բարձր, և ոչ միայն այս ուսումնավարժության ընթացքում, այլև՝ ողջ մարզի մակարդակով:
Ճամբարակ համայնքի ղեկավար Յ.Ավալյանը կարևորեց նմանատիպ վարժանքների կազմակերպումը՝ նշելով, որ գիտելիքներ ունենալուն զուգահեռ շատ կարևոր է գործնական հմտությունների կիրառումը:

– Այս միջոցառման ընթացքում մենք ականատես եղանք, որ բոլորն էլ պատրաստ էին և հավուր պատշաճի կատարեցին իրենց պարտականությունները՝ դրսևորելով մասնագիտական բարձր ունակություններ: Տեսնելով այս վարժանքը՝ մենք վստահ ենք և հանգիստ, որ նման դեպքերում մեր բնակչությունը պաշտպանված կլինի ամեն տեսակ հարձակումից, – եզրափակեց Յ. Ավալյանը:

«Ճամբարակի Առողջության Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Մելքումյանը բարձր գնահատեց ընդգրկված արագ արձագանքման բժշկական խմբի հմտությունները: Խումբն անցել է համապաստախան վերապատրաստման դասընթացներ, և ըստ Ա. Մելքումյանի՝ իրեն դրսևորեց գերազանց՝ պատրաստ լինելով արագացված և օպերատիվ կերպով կազմակերպել առաջին բուժօգնություն:

Ուսումնավարժությանը մասնակցում էր նաև երիտասարդ կամավորների խումբ Ճամբարակ քաղաքից, որի անդամները վերապատրաստվել էին «World Vision» կազմակերպության և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ:




Լրահոս