Վատիկանում բացահայտել են Հռոմի պապի՝ Ադրբեջան և Վրաստան կատարելիք այցերի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանի Սուրբ Աթոռի տեղեկատվական համակարգը երկուշաբթի օրը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 2-ին Վրաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ծրագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թբիլիսիում երկօրյա այցի ընթացքում պոնտիֆիկը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի ամենայն կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի, տեղի ասորի-քաղդեական և կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 1-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ կանցկացնի Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում, ավելի ուշ կայցելի Վրաստանի հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթայում գտնվող Սվետիցխովելի հայրապետական տաճար:

Հոկտեմբերի 2-ին Ֆրանցիսկոս պապը կմեկնի Բաքու: Այցը կսկսվի Սուրբ Աստվածածին եկեղեցում պապական պատարագից:Դրանից հետո հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարի, ռուսական ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան Ֆրանցիսկոս պապը կվերադառնա Վատիկան:

Հիշեցնենք, որ հունիսի 24-26-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցով գտնվում էր Հայաստանում:




Լրահոս