ՀՈՒՅՍՆԵՐՆ ԱՆՏԱՌՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է ձմեռը, եւ կրկին ծագում է բնակարանների ջեռուցման խնդիրը: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ  իրենց անտառտնտեսությունն արդեն անվճար կերպով 4000 խորանարդ մետր անտառի թափուկ է տրամադրել կառավարության որոշմամբ հաստատված անտառամերձ համայնքների բնակիչներին: Անվճար թափուկն ամեն ընտանիքի տրվում է առավելագույնը 8 խմ-ի չափով, սակայն կան ընտանիքներ, որոնց պահանջը դրանից քիչ է: Բացի այդ՝ Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեվան, Ոսկեպար, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս համայնքների սոցիալապես անապահով բնակիչներին կառավարության որոշմամբ թույլատրվել է պետականորեն հաստատված սակագնի կես արժեքով՝ մեկ խմ-ն 3240 դրամով  վառելափայտ պատրաստել անտառի թաց կանգուն ծառերից: Վ. Չիլինգարյանն ասաց, որ դեռեւս Տավուշի մարզպետարանից չեն ստացել նման պահանջարկ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը, այն կստացվի եկող շաբաթվա սկզբին:
Նշենք, որ  Հայաստանի անկախացումից հետո վերոհիշյալ 5 սահմանամերձ համայնքները բնական գազից չեն օգտվել, թեեւ արդեն 4 տարի է` Բաղանիսի ծայրին գործում է ավտոգազալցավորման ճնշման կայան: Ներկայումս ընթացքի մեջ է այդ 5 սահմանամերձ  գյուղերի գազաֆիկացումը: Սակայն նշված համայնքների բնակչության մեծամասնությունը, լինելով սոցիալապես անապահով, ջեռուցման համար օգտագործում եւ գազաֆիկացումից հետո էլ օգտագործելու է վառելափայտ: Ընդհանրապես, Նոյեմբերյանի շրջանում  վառելափայտը մնում է բնակարանների ջեռուցման հիմնական միջոցը: Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերում ապրող քիչ ընտանիքներ են իրենց տները ջեռուցում բնական գազով: «Կապույտ վառելիքի» ամառային թանկացումից հետո բնական գազով ջեռուցումն ավելի ծախսատար է դարձել, եւ շատ ընտանիքներ նախկինում օգտագործվող  բնական գազի փոխարեն այս տարի արդեն իսկ իրենց տները տաքացնում են փայտով:  
Նոյեմբերյանի շրջանում «փայտի  գործ անողները» մեկ խմ-ն ներկայումս վաճառում են 10 հազար դրամով՝ ապահովելով նաեւ փայտի տեղափոխումը: Վ. Չիլինգարյանն ասաց, որ ՀՀ տարբեր վայրերից թաց կանգուն վառելափայտի գնորդներն իրենց անտառտնտեսությունից ինքնապատրաստմամբ փայտ են գնում խմ-ն 6480 դրամով: Պարոն Չիլինգարյանին հարցրինք, թե վառելափայտի նման մեծ պահանջարկի դեպքում անտառի վրա մարդկային գործոնի ճնշումն արդյոք չի մեծացել: Անտառտնտեսության ղեկավարը նշեց, որ, բնականաբար, մեծացել է, սակայն իրենք նախօրոք հաստատել են հատատեղերը, որպեսզի  անտառխախտումներ չլինեն: Նրա խոսքով՝ եթե առաջիկայում եղանակը մնա չորային, ապա խախտումներ քիչ կկատարվեն, սակայն եթե անձրեւային եղանակներ լինեն, որոշ բնակիչներ, վախենալով, որ չեն հասցնի վառելափայտ կուտակել, կդիմեն խախտումների՝ փայտ հայթայթելով ճանապարհամերձ տարածքներից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս