Նիցցայի ահաբեկչության վայրում գտնվող ռեստորանի հայազգի սեփականատերը մանրամասներ է հաղորդել զոհված Արևիկի և Գայանեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիցցայում երկու զոհված հայերը կանայք են. այս մասին «Արևելքի» հետ հեռախոսազրույցում ասել է Նիսի La Cucina ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը։

Նա հավելել է, որ նրանցից մեկին՝ Արևիկին անձամբ էր ճանաչում, իսկ մյուս զոհին՝ Գայանեին մի քանի անգամ էր տեսել:

Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն:

Ըստ Վահիկ Սահակյանի, նրանք Նիս տեղափոխված հայաստանցիներ են: Մեր զրուցակիցը նշեց, որ Նիսի հայկական համայնքում խոսում են նաև ևս մեկ հայ զոհի՝ տղամարդու մասին, որին ինքը չի ճանաչում:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայի միջերկրածովյան Նիցցա քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31­ամյա քաղաքացի է:




Լրահոս