ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեւանի Սայաթ-Նովայի h. 10 եւ 12 շենքերի բնակիչները մտահոգված են. գրեթե երկուսուկես ամիս է անցել, սակայն դեռ տեղի չեն ունեցել նշված շենքերի չգործող կաթսայատան փոխարեն կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի մասին քննարկումները: Բնակիչներից մեկը, որի անունը դեռ չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Վ. Սարգսյանից, սակայն նա, իր սովորության համաձայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները բողոքում էին, քանի որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Եվ բնակիչների բողոքը մեղմելու նպատակով Երեւանի քաղաքապետի կողմից ժամանակավորապես դադարեցվեցին շենքերի չգործող կաթսայատան շինաշխատանքները մինչեւ քննարկումներ, որոնք այդպես էլ չեն կայանում:

ԷԼԻ ԿՌԻՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը, իր փեսայի հետ միասին իրենց «X 5» մեքենայով բախվել են «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ու չընդունելով իրենց մեղքը՝ սկսել են հայհոյախառն արտահայտություններով քաշքշել «Աուդի»-ի վարորդին: Վերջինս էլ չի ընկճվել ու հետ քաշվել, ինչի արդյունքում ծեծուջարդ է սկսվել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել Գեւորգ Ղուկասյանից: Վերջինս հերքեց՝ ասելով. «Նման պատահարներ կարող են լինել բոլորի հետ, բայց մեզ հետ նման բան չի եղել»:

ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ԳՏԵԼ
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔԿՀ-ում նշված օրը չնախատեսված խուզարկություն է իրականացվել, ինչի արդյունքում դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգված: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը: «Իսկապես, չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է 0,8 գրամ կանաչավուն զանգված»,-ասաց Գոռ Ղլեչյանը` չբացահայտելով դատապարտյալի ով լինելը:

ԱՇԽԱՏՈՒՄ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ոստիկան Սամվել Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք իրեն արդեն նշանակել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանի փոխարեն: «Ես այժմ իմ աշխատասենյակում եմ ու ձեզանից եմ լսում այդ տեղեկությունը: Ինձ նման բան չեն ասել: Ու դա նախագահի լիազորությունն է»,-նշեց մեր զրուցակիցը՝ ասելով, թե միջոցառում է նախապատրաստում եւ զբաղված է:




Լրահոս