Հայ-ամերիկյան վարժանք Երևանում
Հուլիսի 20-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում շարունակվեց «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի (ՄՄԼԿ) ծավալումն ու աշխատանքի կազմակերպումը» թեմայով եռօրյա սեմինարը և շտաբային ուսումնավարժությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները:
Առաջին օրը հատկացված էր թեմայի վերաբերյալ ԱՄՆ գործընկերների զեկույցներին, որոնցում ներկայացվում էր ամերիկյան փորձը, իսկ 2-րդ օրը նվիրված էր շտաբային ուսումնավարժությանը: Այս փուլում երկրաշարժի սցենարով վարժանքի ընթացքում գործարկվեց աղետների ժամանակ ծավալվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ): Կենտրոնի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` խոսելով «մեկ ձայնով» և կանխելով խուճապի ու ասեկոսեների տարածումը:
Ուսումնավարժության սցենարի համաձայն` ՀՀ մարզերից մեկում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ. կան բազմաթիվ «զոհեր, տուժածներ և անօթևաններ»: Ծավալվել էր շարժական լրատվական կենտրոնը՝ իր «թեժ գիծով» և հատուկ կայք-էջով, որը պարբերաբար տարածում էր իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություններ և ուղերձներ, ինչպես նաև համակարգում էր լրատվամիջոցների աշխատանքը:
ՄՄԼԿ կազմում ընդգրկվել էին ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից, ովքեր իրավասու են իրենց լիազորած մարմնի կողմից լրատվական կենտրոնին ներկայացնել ԱԻ արձագանքմանը նպաստող տեղեկատվություն: Լրատվական կենտրոնի կարևոր խնդիրներից է նաև զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ փոխգործակցությունը:
Միջոցառման գործնական հատվածում, ստանալով տարաբնույթ հանձնարարականներ՝ միջանկյալների տեսքով, ՄՄԼԿ անդամները կազմակերպեցին ստեղծված իրավիճակը լուսաբանող և տարբեր մեդիա հարթակներով սփռվող ապատեղեկատվությունը հերքող խաղարկային մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ՝ տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Շտաբային ուսումնավարժության ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում մանրամասն վերլուծության ենթարկվեցին խաղարկված ՄՄԼԿ կազմավորման աշխատանքը և բացթողումները: Ընդգծվեց ՄՄԼԿ լիարժեք աշխատանքն ապահովելու համար համապատասխան իրավական դաշտ ստեղծելու անհրաժեշտությունը:
Վերլուծող խմբի անդամները, ընդհանուր առմամբ, դրական գնահատեցին վարժանքի մասնակիցների աշխատանքը՝ հույս հայտնելով ապագայում ապահովել ավելի մեծ արդյունքներ:
ԱՄՆ գործընկերները ևս գոհունակություն հայտնեցին վարժանքի ընթացքում կազմակերպված աշխատաքների վերաբերյալ՝ կարևորելով մասնակիցների կողմից նախորդ օրվա զեկույցներից քաղած դասերը: Նրանք նշեցին, որ ուսումնավարժության ընթացքում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների դրսևորած եռանդն ու հմտություններն ուսանելի էին նաև իրենց համար:
– Շատ գնահատեցի ձեր ազնիվ մոտեցումը և շփումը: Մենք վարժանքների ընթացքում ձեռք ենք բերում նոր հմտություններ և բացահայտում թերությունները: Դա վարժություն է, որ պետք է պարբերաբար անել: Մենք՝ ամերիկացիներս, այն կոչվում ենք մկանի հիշողություն. պետք է մարզենք այդ մկանները,- նկատեց ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի Նորթ Աթլանթիկի դիվիզիայի ներկայացուցիչ Դյուի Ուոնգը:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ: Հիշեցնենք, որ աշխատաժողովն ու վարժանքը կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը և ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը: