ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Երեկ «Սթար» սուպերմարկետներից տուժած 129 պարտատեր ընկերություններ դատարանում ներկայացրել են իրենց պահանջները: Հիշեցնենք, որ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի սնանկության գործընթացը չի սկսվել ընկերության կողմից, դա արվել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի համաձայն: Այսպիսով՝ «Սթար»-ն ավելի քան 234 միլիոն դրամի պարտք ունի հետեւյալ ընկերություններին՝ «Օրանժ Արմենիա»-ին, «Երեւանի գարեջուր»-ին, «Արտֆուդ»-ին, «Պեռնո Ռիկար Արմենիա»-ին, «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան»-ին, Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ին եւ «Բորոդինո» պահածոների գործարանին: Բացի այդ` մոտ 82 մլն դրամ պարտք է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, «Հայինկասացիա» ընկերությանը` 527 հազար 136 դրամ, «Չանախ»-ին՝ 25.5 մլն դրամ, «Եվրոթերմ»-ին՝ 16.5 մլն դրամ, «Բարի Սամարացի» ընկերությանը՝ 50.5 մլն դրամ, «Մանանա գրեյն»-ին՝ ավելի քան 10.5 մլն դրամ, «Թալգրիգ»-ին՝ 35.5 մլն դրամ: Ի դեպ, 450 հազար դրամ էլ պարտք է «Պանորամա» էլեկտրոնային լրատվական կայքին: «Սթար»-ը 146 հազար 727 դրամ պարտք է «Լեւոն եւ Լամարա» ՍՊԸ-ին, ավելի քան 105 մլն դրամ` «Արմեն Համիկ եղբայրներ»-ին, իսկ Մեղրու պահածոների գործարանին պարտք է մնացել 1 մլն 452 հազար դրամ, «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ին՝ 21 մլն 288 հազար 638 դրամ, «Զոհրաբյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ 3 մլն դրամ, «Հայփոստ» ընկերությանը՝ ավելի քան 6 մլն դրամ, «Ջերմուկ գրուպ»-ին՝ 150.5 մլն դրամ, «Թագուհի Կլեոպատրա»-ին՝ ավելի քան 6 մլն դրամ:
ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ»-ի հոկտեմբերի 17-ի հրապարակման մեջ գրել էինք, որ Երեւանի Սայաթ-Նովայի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները պնդում են, որ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի սեփականատերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ Վ. Սարգսյանից, սակայն վերջինս չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին: Եվ սրանից երկու օր անց օրաթերթը Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացել է պատասխան, որտեղ նշված է. «Ձեր թերթի հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Մտահոգված են» վերնագրով հրապարակման մեջ անհիմն եւ անհարկի հիշատակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը՝ այն կապելով կառուցապատող ինչ-որ ընկերության հետ եւ իբրեւ սեփականություն նրան վերագրելով մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցում «կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքը», ինչն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ուստի, նկատի առնելով Ձեր թերթի միջոցով տարածված ակնհայտ ապատեղեկատվությունը եւ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով՝ խնդրում ենք սույն գրությունն ստանալուց հետո՝ օրենքով նախատեսված ժամկետում, այն տպագրել որպես հերքում»: