«ԽՆԴՐԵՄ, ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ, ԹՈՂ ԴԱՏԻ ՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հովանավորվում է ԵԽԽՎ-ում գործող կանոնադրությամբ եւ օրենքներով: Նա նաեւ շեշտեց, որ պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, եթե Սերժ Սարգսյանն իրեն դատի տա` կազինոյի հետ կապված հայտնի հարցի հնչեցման կապակցությամբ:
-Տիկին Փոստանջյան, Դուք հայտարարել եք, որ այս խորհրդարանը լուծարման ենթակա խորհրդարան է, եւ դա շուտով տեղի կունենա: Խնդրում եմ նշեք, թե Դուք ի՞նչ հիմքեր ունեք նման հայտարարություն անելու:
-Հենց ուղիղ իմաստով պետք է հասկանալ, խորհրդարանը ենթակա է լուծարման:
-Նախագահական ընտրություններից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ տարբերակների, իր կողմից առաջարկվել է լուծարել խորհրդարանը…
-Ուրեմն պարոն Հովհաննիսյանի հետ կապված բոլոր հարցերը կխնդրեի հղել իրեն, ես իրավասու չեմ պարոն Հովհաննիսյանի փոխարեն պատասխան տրամադրել:
-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած նոր կարգի համաձայն, միջխորհրդարանական պատվիրակությունները պետք է վերակազմավորվեն: Այսինքն, ԱԺ խմբակցությունները պետք է նորից առաջադրեն իրենց պատգամավորներին: Փաստորեն, հնարավոր է առնվազն 4 ընդդիմադիր պատգամավորներ այդ կարգի պատճառով այլեւս պատվիրակության կազմում չլինեն, կարելի է ասել, Ձեր պատճառով: Դուք ինչպե՞ս եք այդ հարցի լուծումը տեսնում:
-Ես կարծում եմ՝ սպառիչ պատասխան տրամադրել եմ: Այս պահի դրությամբ պատվիրակության լիազորությունները հաստատված են, գործում է պատվիրակության 8 անդամ: Դեռ նոր լիազորությունների հաստատումը պետք է տեղի ունենա, եթե Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի, պետք է նոր կազմ ներկայացվի, նոր կազմի հետ կապված էլ արդեն գնահատական կտրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից: Արդյոք այդ կազմը, որը ներկայացվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, հարգում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգը:
-Տեսակետ կա, որ Դուք վայելում եք ԵԽԽՎ-ի հովանավորությունը, անգամ նշվեց, որ Ձեր այցերը ֆինանսավորվում են այնտեղից…
-Գիտեք ինչ, այո, մենք ունենք հովանավոր. դա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգն է եւ համապատասխան… օրենքը:
-Անձամբ Դուք ունե՞ք հովանավորություն:
-Անձա՞մբ: Օրենքն է հովանավորում յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունը: Ասեմ նաեւ, որ շատ սխալ բառ եք ընտրել հովանավորել ասելով: Պատգամավորի գործունեության երաշխիքը օրենքն է: Հայաստանի Հանրապետությունում օրենքները հաճախ չեն գործում եւ հավասար չեն կիրառվում, բայց ԵԽԽՎ-ում մինչ այս պահը օրենքը գործել է: Եվ հենց այդ օրենքի պահանջի հիման վրա է 2012 թվականին ներկայացվել այսպիսի պատվիրակության կազմ: Եթե այդպիսին չլիներ, եւ Հովիկ Աբրահամյանի ցանկությունները լինեին, ապա պատվիրակության կազմն այսպիսին չէր կարող լինել:
-Խաղատներում 70 միլիոն եվրո պարտվելու մասին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ ամբիոնից Ձեր հղած հարցի շուրջ կրքերը դեռ չեն մարել: Եվ բոլորին հետաքրքրում է, թե Ձեզ որտեղից նման փաստեր: Դուք ունե՞ք կոնկրետ փաստեր:
-Խնդրում եմ՝ ծանոթացեք հրապարակված փաստերին, որը ներկայացրել է պարոն Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից մի անձ: Ու երբեւիցե Սերժ Սարգսյանի կողմից դա չի վիճարկվել:
-Այսինքն, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայի կազինոներից մեկում պարտվե՞լ է…
-Ուրեմն խնդրում եմ՝ հրապարկված հանրահայտ այդ փաստը ուսումնասիրեք, քանի որ այն տարածված է եղել բոլոր լրատվամիջոցներով:
-Փաստորեն, այդ հրապարակման հիման վրա՞ եք Դուք նման հարց ուղղել Սերժ Սարգսյանին:
-Հանրահայտ փաստերի հիման վրա ես փորձել եմ նրանից ճշտել:
-Եթե որոշեն Ձեզ դատի տալ…
-Խնդրեմ, ես պատրաստ եմ, ես արդեն ասել եմ:
-Փաստեր ունե՞ք:
-Ես արդեն ասել եմ, ես պատրաստ եմ, եթե ցանկություն ունի դատի տալու ինձ, եթե որեւիցե օրենք եմ խախտել, ես պատրաստ եմ:
Հ. Գ. Անդրադառնալով սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանի կողմից իր հասցեին հնչեցրած սպառնալիքներին՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդում է տվել ՀՔԾ-ում եւ պահանջելու է, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս