ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԱՐՔԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԳԼԽԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքի «Ռուբին» ոսկերչական սրահից գողության փորձ կատարած Գյումրիի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի հայրը` Մերգելյով Քալաշյանը, վստահ է, որ իր որդին գողության նպատակ չի ունեցել, այլ պարզապես կատարվածի պատճառը իր որդու հոգեբանական վիճակն է եղել:
Հիշեցնենք, որ գողության դեպքը տեղի էր ունեցել 2013թ. օգոստոսի 5-ին՝ գիշերը ժամը 4:20-ի սահմաններում: Այդ օրը Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը եւ նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը փորձել էին թալանել Խաղաղության օղակ 8 հասցեում գործող «Ռուբին» ոսկերչական սրահը: Սակայն գողության փորձը կանխվել էր, քանի որ ոսկերչական խանութի անվտանգության ազդանշանները միացել էին, եւ ծառայություն իրականացնող ոստիկանները կարողացել էին կանխել գողության դեպքը: Նշենք, որ ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկաններին հայտնաբերել էին դիմակավորված վիճակում:
«Գալա»-ի հետ զրույցում ոստիկանների հարազատները պատմել էին, թե նրանք ցածր աշխատավարձ են ստացել` 50-60 հազար դրամի չափով, սակայն պետական մակարդակով սարքել են 150 հազար ու էդքան էլ ներկայացրել են, ինչն էլ զայրացրել է ոստիկաններին: Արդյոք գողություն անելու ցանկությունը ոստիկանների մոտ պայմանավորված է եղել ցածր աշխատավարձո՞վ եւ, առհասարարակ, ի՞նչն էր եղել ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ քայլին գնալու պատճառը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց գողության գործով ամբաստանյալ, Մուշ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի հոր` Մերգելյով Քալաշյանի հետ: Նրա համոզմամբ, սոցիալական վիճակը չէր կարող այս գողության պատճառը լինել. «Իմ որդին 170.000 դրամ աշխատավարձ է ստանում: Նա բազմաթիվ պարգեւատրումներ է ստացել, մի շարք գործեր է բացահայտել, մեդալ է ստացել, մի՞թե նա կարող էր նման բան անել, դա աբսուրդ է»:
Ըստ ոստիկանի հոր` կատարվածը կապված է իր որդու նյարդերի, հոգեկան վիճակի հետ. «Նա, անկախ իրենից, ջարդել է խանութի պատուհանը, եթե սա արած լիներ մի հասարակ քաղաքացի, պետք է տուգանեին ու բաց թողեին: Բայց մեր դեպքում պատմություն սարքեցին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ որդին գողության նպատակով չի կոտրել ապակիները, որովհետեւ, լինելով ոստիկան, նա հստակ գիտեր, որ այնտեղ ոսկի չկա: Պարզապես դիտավորյալ գնացել է գույքի ոչնչացման, քանի որ շատ նյարդայնացած վիճակում է եղել: Տղաս զղջում է դրա համար, որ շատ վատ բան արեց, բայց նա գողության փորձ չի արել»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, իր որդու հետ կատարվածից հետո ինքը մեռած է, բայց թաղած չէ, իսկ մայրը այս օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում. «Ես իմ որդու հետ տեսակցության ժամանակ խոսել եմ, նա ասել է՝ պապ ջան, ինչ գողություն, ինչի մասին է խոսքը: Տղաս շատ վրդովված է եղել: Մեկը չի ասում, թե տեսնենք՝ ինչ վիճակ է եղել, որ այսքան պարգեւատրումներ ստացած մարդը գնացել է նման բանի: Ավելին, երբ ՀՔԾ-ում գործը քննվել է, պարզել են, որ ընդամենը 15.000 դրամի գույքի վնաս են հասցրել ու ոչ մի բան էլ չեն տարել»:
Մեր այն դիտարկմանը, թե պարզապես չեն հասցրել ավարտին հասցնել գողությունը, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ էր անում ձեր որդին առավոտյան 4:20-ի սահմաններում փողոցում եւ այն էլ՝ դիմակով, Քալաշյանը պատասխանեց, թե նա ոստիկան է, ու նրա համար գիշեր-ցերեկ չկա: ««Սպարտիվկի» գլխարկն է եղել ու դրանով ասել, թե դիմակավորված է եղել, այդքան էլ ճիշտ չէ: Ես այդտեղ չեմ եղել եւ հետո այդ մասին իմացել եմ առավոտյան: Կրկնում եմ՝ գնացել են գույքի ոչնչացման: Իսկ թե ինչու են գնացել գույքի ոչնչացման, դա միայն իրենք գիտեն, ինչից են զայրացել եւ ումից են վրդովված եղել»,-ասաց Գյումրիի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի հայրը: Նրա մեկնաբանմամբ, ապակիները կոտրելուց հետո իր որդին ու նրա ընկերը ոսկերչական խանութ չեն մտել: Նրանք ընդամենը ճանապարհին են հանդիպել ոստիկաններին: Մեր զրուցակիցը հուսով է, որ արդար քննության արդյունքում իր որդին կարդարացվի եւ կշարունակի աշխատել համակարգում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս