ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՈՒՄ ՈՒ ՉԵՆ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեի հոդվածում արած պնդումը, թե «Սերժ Սարգսյանի իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի եւ Արցախի համար, ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական եւ թե՛ բարոյա-հոգեբանական առումներով», ապացուցում է նույն իշխանությունների հրապարակած պաշտոնական վիճակագրությունը: Խոսքն այն վիճակագրության մասին է, որը հաճախ փորձում է թվային մանիպուլյացիաների միջոցով իրավիճակն ավելի մեղմ ներկայացնել:
Եվ այսպես, երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-սեպտեմբեր ամիսներին» վերնագրով զեկույցը: Ու թեեւ 2013թ. ավարտին դեռ 3 ամիս կա, սակայն արդեն իսկ պարզ են ընդհանուր միտումները: Հատկապես ժողովրդագրական առումով Հայաստանում իրավիճակը գնալով ավելի է վատթարանում: Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -122 հազար 191 մարդ: Այս տարի Հայաստան է ժամանել 996 հազար 492 ՀՀ քաղաքացի, մեկնել՝ 1 մլն 888 հազար 183-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ եկել է 847 հազար 748 ՀՀ քաղաքացի, հեռացել՝ 957 հազար 153-ը: Այլ կերպ ասած՝ եթե 2012թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է 109 հազար 405 ՀՀ քաղաքացի, ապա այս տարի այդ թիվն ավելացել է 12 հազար 786-ով:
Հատկանշականն այն է, որ ՀՀ-ից հեռացել են հիմնականում Բագրատաշենի անցակետով, երկրորդ տեղում է «Զվարթնոց» օդանավակայանը: 2012թ. Բագրատաշենով արտագաղթածների թիվը կազմել է 26 հազար 961 ՀՀ քաղաքացի, իսկ այս տարի այն կտրուկ աճել է` դառնալով 60 հազար 82: Այս ցուցանիշը, թերեւս, ամենալավն է արտացոլում արտագաղթի պատկերը. բանն այն է, որ Բագրատաշենի անցակետով, Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիները հիմնականում մեկնում են ՌԴ: Ընդ որում, այդպես գլխավորապես մեկնում են սոցիալապես անապահովները կամ նրանք, ովքեր հեռանում են ընտանիքով. այսինքն՝ նրանք, ովքեր ոչ թե գնում են վերադառնալու հույսով, այլ պարզապես արտագաղթում են:
Հայաստանում ժողովրդագրական աղետալի վիճակը, թերեւս, ավելի ընդգծված է երեւում մյուս ցուցանիշների համատեքստում: Այս տարի նվազել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2012թ. 9 ամիսներին եղել է 31 հազար 55 ծնունդ, ապա այս տարի այդ թիվը նվազել է` դառնալով 30 հազար 477: Այս տարի մահացությունների թիվը եղել է 20 հազար 898: Իսկ բնական հավելաճը 2013թ. կազմել է 10 հազար 209` 0.5 տոկոսով ավելի, քան 2012թ.: Եթե բնական հավելաճի տվյալները համեմատում ենք ՀՀ-ից արտագաղթածների թվի հետ, ապա իրավիճակը կրկին մտահոգիչ է՝ -111 հազար 982: Հարկ է նկատել, որ ՀՀ-ում նվազել է ամուսնությունների եւ աճել ամուսնալուծությունների թիվը. 2013թ. գրանցվել է 13 հազար 473 ամուսնություն՝ նախորդ տարվա 13 հազար 828-ի փոխարեն, եւ 2 հազար 768 ամուսնալուծություն` նախորդ տարվա 2 հազար 435-ի փոխարեն:
Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` 2008թ. սկսած, այս ցուցանիշները հետեւողականորեն նվազել են: Հատկապես արտագաղթը գնալով ահռելի ծավալներ է ստանում. անգամ պաշտոնական վիճակագրությամբ, 2008թ. սկսած, Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը ոչ թե պարզապես եղել է բացասական, այլ այդ բացասական ցուցանիշն աճել է տարեցտարի:
Հայաստանում նույն տխուր պատկերն է մյուս «ոլոլորտներում» եւս. տնտեսական ակտիվության ցուցանիշն այդպես էլ աճի միտումներ չի դրսեւորում. այս տարվա 9 ամիսներին գրանցված տնտեսական աճը կազմել է 3.2 տոկոս: Հատկանշականն այն է, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը գնալով նվազում է. եթե հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.9 տոկոս, ապա հունվար-սեպտեմբերին այդ թիվը հասել է 3.2-ի: Տնտեսական վիճակի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ եթե 2012թ. սեպտեմբերին ՀՀ-ում գործել է 18 հազար 898 մանրածախ առեւտրի օբյեկտ, ապա այս տարի այդ թիվը նվազել է` դառնալով 16 հազար 778. նվազել է թե՛ խանութների, թե՛ կրպակների, թե՛ առեւտրի այլ օբյեկտների թիվը:
Ուշագրավ եւս մեկ փաստ. այս տարի կրկին ավելացել է ՀՀ արտաքին պարտքը. եթե այս տարվա սկզբին այն 3 մլրդ 739 մլն դոլար էր, ապա 9 ամսվա ընթացքում դարձել է 4 մլրդ 341 մլն դոլար: Այդ գումարի առյուծի բաժինը ՀՀ կառավարության պարտքն է` ավելի քան 3 մլրդ 786 մլն դոլարի չափով:
Այս ցանկը, թերեւս, կարելի է երկար շարունակել: Սակայն նշվածն էլ բավարար է` ցույց տալու, թե ինչպիսի աղետալի վիճակ է Հայաստանում: Վիճակ, որը ոչ միայն փոքր-ինչ բարելավվելու միտումներ չի ցուցաբերում, այլեւ խորանում է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս