«Ատ գրեյն» ընկերությունը, որը երկար տարիներ զբաղվել է սննդի եւ ալյուրի արտադրությամբ, սնանկացել է:
Ըստ ՀՀ պետական ռեգիստրից ստացված տվյալների՝ ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին Տիգրան Զաքարյանի եւ Արտյոմ Մակարյանի կողմից: Այն գործել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ զբաղվել սննդի արդյունաբերությամբ եւ ալյուրի արտադրությամբ: «Ատ գրեյն»-ը հիմնականում զբաղվել է ցորենի ու գարու ներկրմամբ: Հիմա ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ի վճռով «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Ընկերության պարտատերերն են՝ «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն, որին «Ատ գրեյն»-ը պարտք է 92 հազար 609 դոլար, ՀՀ պետբյուջեն՝ 500 հազար դրամ, «ՌԱՍՏՐ գործարան» ԲԲԸ-ն՝ 150 հազար դոլար եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 2 մլն 554 հազար 154 դրամ:
«Ատ գրեյն»-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի խոսքերով՝ «Ատ գրեյն»-ը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ ունեցած դրամական պարտավորությունները չի կատարել: Ինչի արդյունքում էլ հայտնվել է նման կարգավիճակում: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ»-ի «Ատ գրեյն» ընկերության տնօրեն Գրիգոր Խալափյանին գտնելու ջանքերը զուր անցան: Նրա հեռախոսահամարն անջատված էր:
Զրուցեցինք մի քանի սպիտակցիների հետ, որոնք պատմեցին, որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ սկսեց ունենալ 2014 թվականից, երբ Լոռու մարզում օպերատիվ հետախուզության վարչության Վանաձորի բաժինը բացահայտել էր ստվերում աշխատող մի քանի ընկերության գործունեություն: Ըստ այդմ, ապրանքը մատակարարից մինչեւ վաճառող եւ վերջնական գնորդ հասել էր առանց անհրաժեշտ փաստաթղթերի:
Այդպես էր աշխատել նաեւ «Ատ գրեյն» ընկերությունը, ում պատկանող մեքենայում հայտնաբերել էին 250 պարկ ցորենի թեփ, որը առաքվում էր Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող Ա/Ձ Աշոտ Մեսրոպյանին: Առաքողի խոսքով` տեղափոխվող ապրանքի արժեքը կազմում էր 299 հազար 376 դրամ, եւ հենց այդ գումարի ՀԴՄ կտրոն էլ դուրս է գրվել: Սակայն պարզվել էր, որ ավտոմեքենան իրականում բեռնված է եղել 486 հազար դրամ արժեքի ցորենի թեփով:
Համաձայնեք, փոքր գումարներ են, եւ եթե այդ տուգանքը անգամ կարող էր ընկերության սնանկության հասցնել, ուրեմն մտածելու բան ունի ՀՀ կառավարությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ