Բաքվի խանդն ավագ եղբոր նկատմամբ. ինչ պայքար են տանում Էրդողանն ու Ալիևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Թուրքիան արտաքին քաղաքական հարաբերություններում գրեթե միշտ հանդես են գալիս միասնական ճակատով: Այս երկրները, ունենալով բավական շատ ընդհանրություններ, նույնիսկ որդեգրում են ներքին քաղաքականության կազմակերպման ընդհանրական սխեմա: Իհարկե, այստեղ հիմնական ընդօրինակողը Ադրբեջանն է, որը գրեթե միշտ հետեւում է իր ավագ եղբոր գործողություններին:

Չնայած որոշ հարցերում Անկարան ու Բաքուն ունենում են տարաձայնություններ, երբեմն Բաքուն խանդով է նայում իր ավագի ավելի մեծ ազդեցությանը Նախիջեւանում, ինչպես նաեւ նրան, թե ինչպես է երբեմն «հեռավոր տեքստերով» Թուրքիան ակնարկում Երեւանի հետ հարաբերությունների նորմալացման մասին (իհարկե, երբ դրանից Արեւմուտքում կարող է որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել), սակայն դա, իհարկե, նրանց միջեւ խորքային տարաձայնությունների առաջացման համար լուրջ հիմքեր չի ստեղծում:

Հիմա էլ բացառություն չէ «գյուլենական շարժման» դեմ պայքարը: Հայտնի է, որ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար դարձել է պայքարի թիվ մեկ թիրախը: Հատկապես այն բանից հետո, երբ անցած հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման անհաջող փորձը, Էրդողանն ու նրա շրջապատը սկսեցին ահեղ պայքար ծավալել Գյուլենի դեմ, որին էլ մեղադրում են այն կազմակերպելու մեջ:

Դժվար է ասել, թե Գյուլենն ինչ դերակատարում ունի, սակայն հստակ է, որ նա լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի ներքին քաղաքականության վրա: Էրդողանն առավելապես վախենում է այդ մարդու մշակութային-գաղափարական ազդեցությունից, որից մոբիլիզացիոն մեծ վտանգ է տեսնում: Գուցե Էրդողանն այսպիսով ցանկանում է իր համակարգի կենսունակության համար ստեղծել որոշակի քաղաքական միֆ՝ ի դեմս «գյուլենական չարիքի» եւ պայքար մղել ներքին թշնամիներին ու դիսիդենտներին չեզոքացնելու համար:

Հայտնի է, որ քաղաքական միֆը, հատկապես փակ-բռնատիրական համակարգերի պարագայում հրաշալի ծառայում է տվյալ համակարգի կենսունակության ապահովմանը: Այն հեշտությամբ կարողանում է դեպի իշխանական ռեժիմն ուղղել հանրության կողմնորոշումներն ու այդպիսով ապահովել վերջինի աջակցությունը համակարգին: Իսկ Թուրքիայի նախագահը, բավական հասուն եւ խարդավանքների սիրահար քաղաքական գործիչ լինելով, չի կարող այս հանգամանքը չօգտագործել:

Ահա եւ իր կրտսեր եղբայր Ալիեւը նույնպես որոշել է «պայքար մղել» «գյուլենականների դեմ», որը, գուցե, Ադրբեջանում ավելի շատ վիրտուալ, քան իրական ուժ է: Ալիեւի հաշվարկն էլ պարզ է. նա ցանկանում է երկու նպատակի հասնել:

Նախ՝ քաղաքական ու գաղափարական սոլիդարություն է հայտնում իր պետության «կնքահայր» Թուրքիային, երկրորդ՝ դա իրեն նույնպես հնարավորություն է տալիս պայքար մղելու սեփական ռեժիմի հակառակորդների դեմ՝ իհարկե, հյուսելով քաղաքական միֆը, թե պետությունը գտնվում է անվտանգության ներքին սպառնալիքի տակ, որը պետք է չեզոքացնել զանգվածային մոբիլիզացիայով: Ստացվում է, որ գյուլենականների անվան տակ երկու երկրների առաջնորդները գնում են սեփական դիկտատուրայի խստացման, որը ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին իրենց բավական անհրաժեշտ է:

Թեկուզ այն պատճառով, որ Անկարան ունի քրդական եւ, այսպես ասած, հեղաշրջման ցիկլային իրավիճակ, դրան գումարած խնդիրներ սիրիական ու եվրոպական ուղղություններով: Ինչ մնում է Բաքվին, ապա այն ունի արցախյան հարց ու ապրիլյան քառօրյայում ռազմական լայնամասշտաբ գործողություններով տարիներով խոստացված հայկական բանակների ջախջախման եւ «պատմական հողերի հետ վերադարձի» ձախողում:

Այս վերջինն ադրբեջանական հանրության մոտ կարող է լուրջ հարցադրումներ առաջացնել, երբ մարդիկ սկսեն դուրս գալ քարոզչական դաշտի ազդեցությունից եւ սթափ դատել իրավիճակը: Բացի այդ՝ Ալիեւն ունի մեկ այլ խնդիր եւս. գյուլենականների պատրվակով, այսպես կոչված, «Իսլամական պետության» հետեւորդների դեմ պայքարը, որը պետք է անել քողարկված, որպեսզի հանրությունը չկասկածի, թե Ադրբեջանում ԻՊ-ի սպառնալիք գոյություն ունի, եւ խուճապային տրամադրություններ չարթնանան: Ահա թե ինչու ալիեւյան ռեժիմը փորձում է իր ժողովրդին նման հնարավորություն չտալ՝ նրան հրամցնելով տարատեսակ քարոզչական թիրախներ, որոնք միտված են ռեժիմի ամրացմանն ու համակարգի գոյապահպանմանը:

Հատկանշական է, որ երբ Բաքվից բողոքել են, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ կառավարությունն ամեն ձեւով ճնշում են գյուլենականներին, Վրասանում Գյուլենի դպրոցների կառավարիչ Հայաթի Քյուչյուքը հայտարարել է, թե Գյուլենը սպառնացել է «Ադրբեջանի իշխանություններին նետել Կասպից ծովը, եթե վերջիններս շարունակեն ճնշել այդ երկրում իր հետեւորդներին»:

Գուցե Գյուլենն իսկապես էլ Ադրբեջանում լուրջ հնարավորություններ ունի եւ կարող է գլխացավանք դառնալ այդ երկրի իշխանության համար, ինչը կերեւա ժամանակի ընթացքում:

Արման Սահակյան




Լրահոս