Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մեկնարկում է մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանի նախաշեմին: Անկախությունն այն անսակարկելի արժեքն է, որի գիտակցումն սկսում է ձեւավորվել դպրոցի եւ բուհի առաջին իսկ դասից: Անկախությամբ սկսվեց մեր երկրի պատմության նոր ու կարեւորագույն մասը, իսկ նոր ուսումնական տարին նոր էջ է մարդու կենսագրության մեջ: Աշակերտը` ուսուցչի, ուսանողը` դասախոսի առաջնորդությամբ պետք է ձգտեն ոչ միայն այդ էջը, այլեւ ամբողջ կենսագրությունը դարձնել բովանդակալից: Եւ համառությունն ու աշխատանքը, նպատակասլացությունն ու ջանասիրությունը միասին կհանգեցնեն այն արդյունքին, որն օգտակար կլինի թե՛ դպրոցն ու բուհն ավարտող պատանու եւ երիտասարդի, թե՛ նրանց ընտանիքների եւ թե՛ մեր երկրի համար:

Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ,

նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքների հետ մեկտեղ մաղթում եմ, որ գիտելիք տալուց եւ դաստիարակելուց բացի դպրոցն ու բուհը ձեզ համար բացեն նոր աշխարհի դռները եւ օգնեն բացահայտելու այն, սատարեն նվաճելու բարձունքներ, նպաստեն զգալու եւ վայելելու ազատությունը, բայցեւ զգոն պահեն` երբեք չմոռանալու դրա սահմանների մասին: Թող ամեն ուսումնական տարի ձեզ ավելի մոտեցնի ձեր նպատակներին` ուրախություն պարգեւելով ձեր ծնողներին ու հարազատներին, ուսուցիչներին ու դասախոսներին, պատիվ ու փառք` մեր երկրին:

Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար ուսումնական տարին առաջինն է որպես աշակերտ եւ ուսուցիչ, որպես ուսանող եւ դասախոս: Հատուկ շնորհավորում եմ այն պրոֆեսիոնալներին, ովքեր իրենց աշխատանքով ու գործունեությամբ տարբեր կրթօջախներում հոգ են տանում լուսավորության ու կրթության մասին, ծնողներին, ում համար գիտելիքն իսկապես հարստություն է, այսօրվա եւ վաղվա սերնդի մրցունակությունն ու ապագան ապահովելուն ուղղված լավագույն ներդրումը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:




Լրահոս