Հայաստանն իր ուրույն տեղն ունի ՀՕԿ անդամ պետությունների շարքերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Երևանում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության (ՀՕԿ) Կլիմատոլոգիայի հանձնաժողովի ղեկավար խմբի նիստը, որին մասնակցում էին ՀՕԿ Կլիմատոլոգիայի հանձնաժողովի նախագահ Թոմաս Պետերսոնը, ՀՕԿ փորձագիտական խմբի տնօրեն Մաքս Դիլեյը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

Ներկա էին նաև կազմակերպության անդամ այլ պետությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր ամփոփել նախորդ տարվա արդյունքները և նախանշել հետագա անելիքները:

Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության», իր ուրույն տեղն ու դերն ունի ՀՕԿ անդամ պետությունների շարքերում: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային երեք հաղորդագրությունների պատրաստման գործընթացում առանցքային դեր են ունեցել Հիդրոմետ ծառայության կողմից իրականացված մշակումների արդյունքները, որոնք հիմնականում առնչվում են Հայաստանի տարածքի և նրա առանձին շրջանների կլիմայական սիստեմատիկ դիտարկումներին, տվյալների կառավարման և տրամադրման համակարգի վիճակին, կլիմայի ներկա փոփոխությունների մասին գնահատականներին, գլոբալ և տարածաշրջանային կլիմայական մոդելներով հաշվարկված կլիմայական սցենարներին, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխությունների բնագավառում միջազգային, տարածաշրջանային ու ազգային կազմակերպությունների հետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին, որոնց իր նպաստն է բերում նաև ՀՕԿ-ի Կլիմատոլոգիայի հանձնաժողովը:

ՀՀ ԱԻ նախարարի և նախարարության անունից ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանն ընդգծեց ՀՕԿ-ի և Հիդրոմետ ծառայության արդյունավետ համագործակցության արդյունքները և ձեռքբերումները:

– Հիդրոմետ ծառայությունում ակտիվացել են կլիմայի փոփոխության ուղղությամբ գիտական ուսումնասիրությունները, բարելավվել են եղանակային կանխատեսումներն ու կլիմայական սպասարկումը, ինչը բարձր է գնահատվում որոշումներ կայացնողների և այլ շահառուների կողմից: Հուսով եմ՝ կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ ՀՕԿ-ի կողմից իրականացվող համագործակցությունը մեծ նպաստ կբերի բոլոր երկրների կայուն տնտեսական զարգացմանը: Հարգելի գործընկերներ, մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, – ասաց Դ. Կարապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարությունը, ի դեմս Հիդրոմետ ծառայության, իր գործառույթների շրջանակներում մշտապես իրականացնում է կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրություններ: Այդ ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում և բազմաթիվ շահառուների կողմից:

Հիդրոմետ ծառայության կողմից մեծ ուշադրություն է դարձվում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների` երաշտների, ցրտահարության, կարկտահարության, ջրհեղեղների, ուժեղ քամիների, անոմալ բարձր ջերմաստիճանների, տաք և ցուրտ ալիքների, խիստ սառնամանիքների կլիմայական էքստրեմումների վերլուծություններին: Աշխատանքներ են տարվում գիտականորեն հիմնավորելու կլիմայի փոփոխականության և վտանգավոր երևույթների հաճախականության միջև եղած կապը:

Վերջին տարիներին, ՀՕԿ-ի օժանդակությամբ, հայ մասնագետները յուրացրել են կլիմայի ուսումնասիրության ասպարեզում առաջավոր միջազգային փորձը:

• Հայաստանի տարածքում կլիմայի փոփոխության սցենարների մշակման համար վերլուծվել են մի շարք գլոբալ և տարածաշրջանային կլիմայական մոդելների արդյունքները: Նորացված սցենարներով թարմացվում են էկոհամակարգերի, ջրային ռեսուրսների, բերքի խոցելիության և այլ գնահատականները:
• Ներդրվել է Մետեոֆրանսի կողմից մշակված HOMER ծրագրային փաթեթը, որն օգտագործվում է կլիմայական ամսական տվյալների շարքերի սխալների հայտնաբերման, վերականգնման և համասեռության ապահովման նպատակով:
• Յուրաքանչյուր տարի, ըստ 47 օդերևութաբանական կայաններից ստացված տվյալների, հաշվարկվում են կլիմայական էքստրեմումները RCLIMDEX փաթեթով, և արդյունքները տրամադրվում են շահառուներին: Այսպես, Երևանում ջերմային ինդեքսների քանակը վերջին 25 տարում աճել է 258 դեպքով:

Նշենք, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հիմնադրվել է 1955 թ., իսկ Հայաստանը կառույցին անդամակցում է 1992 թ.-ից։ Կառույցի հիմնական նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։




Լրահոս