Ինչո՞ւ քաղհասարակությունը կրկին չստորագրեց ԸՕ համաձայնագիրը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ 6 խմբակցություններից 5-ը, բացառությամբ «Ժառագության», երեկ ստորագրեց ԸՕ օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ նոր համաձայնագիր: Նախորդը, հիշեցնենք, ստորագրվեց հունիսի 16-ին, դրա հիման վրա հունիսի 30-ին ընդունվեց ԸՕ փոփոխությունների մասին նոր օրինագիծ, որը, սակայն, չեղարկվեց սահմանված վերջնաժամկետից՝ սեպտեմբերի 1-ից մի քանի օր առաջ՝ տեխնիկապես անիրագործելիության պատճառաբանությամբ:

Անցած տասնօրյակում ծավալված քննարկումների արդյունքում իշխանություն-ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ ձեւաչափով ստորագրված նոր համաձայնագիրն իր մեջ ներառում է այն հիմնական պահանջը, որը ընդդիմությունը եւ քաղհասարակությունը ներկայացրել էին դեռեւս մարտին՝ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում առաջադրված իրենց 5 հիմնական կետերում. խոսքը ստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին է:

Չնայած դրան՝ երեկվա համաձայնագրին այդպես էլ չմիացան քաղհասարակության ներկայացուցիչները՝ հայտարարելով, թե իրենք իրենց իրավունք չեն վերապահում հանդես գալ որպես կողմ եւ ներկայացնել ողջ քաղաքացիական հասարակության տեսակետը: Միեւնույն ժամանակ այնպես, ինչպես եւ նախորդ անգամ քաղհասարակության ներկայացուցիչները ստորագրված համաձայնագիրը որակեցին իբրեւ դրական քայլ, իսկ դրանով սահմանվող փոփոխություններն էլ՝ կարեւոր առաջընթաց:

Թե որն է քաղհասարակության կողմից իրենց ապահովագրելու այս գործելաոճի պատճառը, թերեւս դժվար չէ հասկանալ: Իրականում նրանք վստահ չեն, որ ամենագեղեցիկ ձեւակերպումներով այդ համաձայնագրի տակ ստորագրելով՝ առաջիկայում չեն կանգնի փաստի առջեւ, երբ իշխանությունն ընդդիմադիր որոշ ուժերի հետ համաձայնության գալով՝ հերթական անգամ կկեղծի ընտրությունները, իսկ քաղհասարակության դժգոհությանն ի պատասխան՝ կասվի՝ արդյոք սա ձեր ստորագրությունը չէ համաձայնագրի տակ: Նկատենք, սակայն, որ քաղհասարակության կողմից կատարվելիք փոփոխություններին համաձայնության հղումն արդեն իսկ արվել է:

Մասնավորապես երեկ ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք բանակցված այդ համաձայնագիրը չէին ստորագրում՝ սպասելով քաղհասարակության համաձայնությանը.«Այդ համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 մլն դոլարն ամբողջությամբ հայթայթված է: Միակ բանը, որին սպասում էինք՝ քաղաքացիական հասարակության ռեակցիան էր ստորագրված փաստաթղթին: Նրանք հավանություն են տվել այդ համաձայնությանը… Քանի որ արդեն ունենք քաղաքացիական հասարակության հավանությունը եւ համաձայնությունը, ես առաջարկում եմ՝ որքան հնարավոր է արագ նախաձեռնել այս համաձայնագրի վերջնական ստորագրումը»:

Այնպես որ, եթե քաղհասարակությունը չի ցանկանում ստանձնել պատասխանատվությունն այս գործընթացի համար, հարկ է, որ առավել հստակ կերպով իրեն սահմանազատի: Ընդդիմադիր ուժերը, ինչպես տեսնում ենք, վաղուց արդեն իրենց չեն սահմանազատում իշխանական խաղի կանոններից:




Լրահոս