Բենզին գողացողներին բռնել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արա Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ՝ Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի նորոգման վաշտի հատուկ աշխատանքների դասակի հրամանատար, օգտվելով այն հանգամանքից, որ վաշտի հրամանատարի որոշակի համարով կնիքը գտնվում է իր մոտ, 2015թ. սեպտեմբերի 12-ին պոկել է զորամասի ավտոհավաքակայանում կայանված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի աջ բաքի կնիքը, բացել այն եւ գաղտնի հափշտակել 20 լիտր ավտոբենզին, փակել բաքը եւ կնքել իր մոտ գտնվող կնիքով:

Փայլակ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով վերոհիշյալ զորամասի նորոգման վաշտի ավտոփականագործ, 2015թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 6-ը ընդգրկված լինելով զորամասի վերակարգում, 2015թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գաղտնի գնացել է զորամասի զինավանի ավտոհավաքակայանում կայանած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի մոտ, պտուտակահանով քանդել է ավտոմեքենայի աջ բաքից դեպի շարժիչ տանող խողովակի բնիկը եւ գաղտնի հափշտակել 40 լիտր ավտոբենզին:

Սասուն Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով վերոհիշյալ զորամասի նորոգման վաշտի առբեռնման ջոկի վարորդ, 2015թ. նոյեմբերի 7-ին Փ. Մկրտչյանից 10 հզ դրամ գումարով ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի աջ բաքից վերջինիս կողմից հափշտակված 40 լիտր ավտոբենզինը: Ա. Դավթյանին եւ Փ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդ. 1-ին մասով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը), Ս. Մովսեսյանին՝ 216 հոդ. 1-ին մասով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել):

Ա. Դավթյանի եւ Ս. Մովսեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Փ. Մկրտչյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը: Այս քրգործով դատավարությունը շարունակվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:




Լրահոս