ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ «ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԻ» ԲԱՆԱՁԵՎՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում սեպտեմբերի առաջին երկուշաբթին տոնվում է որպես «Աշխատանքի օր», որը խորհրդանշում է ամերիկյան աշխատավորների շարժումն ու դրա միջոցով երկրի բարեկեցության ու բարգավաճման հիմքերի կերտումը: Այդ տոնով էլ մեկնարկում է ԱՄՆ նախագահական ընտրությունների բուն շրջափուլը, որին սկսում են հետեւել նաեւ քաղաքականությունից հեռու մարդիկ: Իսկ այս տարի իրավիճակն ուղղակի աննախադեպ է, երբ ընտրությունը պետք է կատարվի երկու չարյաց փոքրագույնի միջեւ գրեթե այնպես, ինչպես հիմնականում Հայաստանում է լինում:

Նոյեմբերի 8-ին սպասվող քվեարկությանն ընդառաջ առայժմ առաջատարը շարունակում է մնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: Ի տարբերություն հանրապետականների թեկնածուի` Քլինթոնի թիկունքում կանգնած են կուսակցական ամուր շարքերը: Եթե Թրամփին սեփական կուսակիցների մեծ մասը այդպես էլ պաշտոնապես չսատարեց, ապա Քլինթոնը կարողացավ նվաճել իր հիմնական մրցակից Բեռնի Սանդերսի աջակցությունը: Ֆինանսական շրջանակների հակվածությունը դեպի Քլինթոնը մեկ այլ հավելյալ ֆորա է խոստանում նախկին առաջին տիկնոջը: Քլինթոնը, սակայն, բավականին մանվածապատ հարաբերություններ ունի ընտրողների համեմատաբար երիտասարդ շրջանակների հետ, որոնք կասկածի տակ են դնում նախկին պետքարտուղարի ազնվությունն ու վստահելիությունը` գերազանցապես պայմանավորված նրա էլեկտրոնային նամակների աղմկալից պատմությամբ: Քլինթոնն այդպես էլ հիմնավորապես չի կարողանում ժխտել, որ չի օգտագործել մասնավոր էլփոստը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար: Միեւնույն ժամանակ նա ազնվություն էլ չի ցուցաբերում եւ չի հաստատում այդ փաստի իսկությունը` ամերիկացիների առաջ զղջալու ու նրանց ներողամտությունը հայցելու ճանապարհով: Չի բացառվում, որ Քլինթոնը մինչեւ նոյեմբերի 8-ը, այնուամենայնիվ, հայտարարի այդ մասին, եթե, իհարկե, վստահ լինի, որ ՀԴԲ-ի կողմից քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու հռչակված գործարար Դոնալդ Թրամփն էլ շարունակում է հին գործիքներով տարվող ընտրարշավը: Թվում էր` ԱՄՆ երկու խոշորագույն կուսակցություններից մեկի ընտրյալը դառնալուց եւ ներկուսակցական պայքարի խառանաշփոթից դուրս գալուց հետո Թրամփը կվերանայի իր մոտեցումներն ու լրջագույն փոփոխությունների կդիմի: Սակայն ընտրական շտաբի ղեկավարի բազմակի փոփոխություններից հետո Թրամփի հեղհեղուկ քարոզչությունը պահպանեց իր նախկին տեսքը: Մրցակիցներին հասցեագրված անվայել պիտակավորումների շքերթը Թրամփը շարունակեց նաեւ Հանրապետականի մեծ համաժողովից հետո: Քլինթոնը, ինչպես նաեւ նրան սատարող հայտնի գործիչները եւ պարզապես չեզոք մարդիկ, որոնք իրենց մտահոգությունն էին արտահայտում Թրամփի «ոչ-նախագահական» կեցվածքի կապակցությամբ, ամեն անգամ արժանանում էին թեկնածուի վիրավորանքներին: Այսպիսի մեթոդներով հաղթելով հանրապետական հակառակորդներին` Թրամփը հույս ունի նույնպիսի արդյունք արձանագրել նաեւ Քլինթոնի դեմ պայքարում:
Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ ընտրողների վերաբերմունքն է թեկնածուների նկատմամբ: Սոցիոլոգիական հարցումներով զարմանալի պատկեր է ի հայտ եկել: Պարզվում է, որ Քլինթոնին ու Թրամփին ավելի շատ մերժում են, քան ընդունում: ԱՄՆ նախագահական նախորդ ընտրություններում թեկնածուներից առնվազն մեկը շատ ավելի դրական համարում է ունեցել, իսկ այժմ երկուսն էլ հավասարապես բացասական ընկալումներ ունեն հասարակության մեջ: Եթե Քլինթոնի պարագայում դա ծագում է նրա անազնվության ու ֆինանսական շրջանակների հետ մութ գործարքների մասին սպրդող տեղեկություններից, ապա Թրամփի հանդեպ համատարած վախ կա: Եվ այդ վախը պայմանավորված է թեկնածուի անկայուն բնույթով, վաղվա օրվա նկատմամբ վստահություն չունենալու հանգամանքով: Ըստ տարբեր հարցումների` դեմոկրատներին հարող ընտրողները բնազդային վախ ունեն Թրամփի նախագահությունից, իսկ հանրապետականներն էլ մեծապես հիասթափված են Քլինթոնի կեղծավորությունից: Ցայսօր հրապարակված միայն մեկ հարցմամբ է Թրամփը 1 տոկոս առավելություն ունեցել Քլինթոնի հանդեպ, մինչդեռ այլ տվյալներով նա զիջում է դեմոկրատ մրցակցին առնվազն 2-6 տոկոսով: Թեկնածուների միջեւ հարաբերակցության նոր փոփոխություն է խոստանում մատուցել ամերիկյան քաղաքականությանը հետեւողների համար կարեւորագույն իրադարձություններից մեկը` սեպտեմբերի 26-ին կայանալիք նախագահական առաջին բանավեճը: Հատկանշական է, որ մինչ այս Թրամփը բանավեճերում անթաքույց հաջողություններ է արձանագրել, եւ անվիճելի է, որ իր մրցակիցներին հաղթել է գերազանցապես բանավեճերում իր ցուցադրած արտիստիզմի շնորհիվ: Ենթադրելի է, որ Քլինթոնին դժվար երեկո է սպասվելու` հաշվի առնելով Թրամփի սանձարձակությունն ու վիրավորանքների նկատմամբ խտրություն չդնելու բնավորությունը:
Հայաստանյան նախագահական ընտրություններում, բացի 1991 եւ 1998թթ. փորձերից, հասարակության մոտ մշտապես գործել է չարյաց փորքագույնի տրամաբանությունը: 1996թ. Վազգեն Մանուկյանն էր համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ թեկնածու, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը` Քոչարյանից, 2008-ին Տեր-Պետրոսյանը` Սերժ Սարգսյանից, իսկ 2013թ.-ին Րաֆֆի Հովհաննիսյանը` կրկին Սերժ Սարգսյանից: Օրինակ` 2008թ. բազմաթիվ ընտրողներ չկամեցան ընտրել ո՛չ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ քվեարկեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի օգտին: Ընտրություններից հաշված օրեր անց վերջին երկուսն էլ նախընտրեցին համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, թեեւ նրանց ընտրողները քվեարկել էին նույն Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած իշխանության հանդեպ հնչեցրած քննադատության օգտին: ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի նույնօրինակ քայլը ուղղակի բացասական ազդեցություն ունեցավ այդ կուսակցությունների վարկանիշի վրա: Նույնիսկ այն աստիճան, որ Արթուր Բաղդասարյանը ստիպված եղավ փոխել կուսակցության անվանումը: Անշուշտ, ԱՄՆ-ում ոչ ոք չի գնա նման ճարահատյալ քայլի, սակայն դրական այլընտրանքի բացակայությունը հուշում է, որ հաղթող կողմը պարտավոր է քաղաքական համակարգի կազդուրման բաղադրատոմս առաջարկել, ինչի բացակայությունը լրջագույն հետեւանքներ կարող է ունենալ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր տերության համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ
ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ հրաժարական տալը նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, մի որոշում է ստորագրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ՀՀ վարչապետի՝ 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եւ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետում փոփոխություններ է կատարել: Ի դեպ, վերոնշյալ որոշումը կայացվել է դեռեւս 1998 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Այն հիմնավորում է, թե որ պետական կառույցը աշխատողների ինչ թվաքանակ պետք է ունենա:
Տեղեկացնենք, որ 1998 թվականի նոյեմբերի 6-ի որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը եւ կառուցվածքային ստորաբաժանումները բաղկացած են եղել համապատասխանաբար 863 եւ 4 աշխատակցից: Սակայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստորագրած որոշմամբ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի՝ 863-ից բաղկացած աշխատակազմը դարձել է 841, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների թիվը՝ 4-ից դարձել է 3: Այսինքն՝ սպասարկման գրասենյակներում թվով 238 աշխատակիցներից մնացել են 228, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում 436-ից դարձել է 420, իսկ, ահա, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում նրանց թիվը ավելացել է՝ 43-ին գումարվել է եւս 5-ը, եւ դարձել 48:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ամենը իրականացվել է բարեփոխումների շրջանակներում: Մասնավորապես՝ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետագա խորացման արդյունքում Երեւանի «Կենտրոն», «Էրեբունի» եւ «Նոր Նորք» գրասենյակները միավորվեցին, ինչի հիման վրա կազմավորվեց «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ` բնակիչների եւ աշխատակիցների համար ապահովելով առավել հարմարավետ պայմաններ:
Այսինքն՝ կոռուպցիայից խուսափելու համար դեռեւս 2012 թվականին հանրապետության ողջ տարածքում կրճատվել է կադաստրի տարածքային ստորաբաժանումների թիվը: Դրանց փոխարեն ստեղծվել են սպասարկման գրասենյակներ: Իսկ տարածքային սպասարկման գրասենյակներում էլ կրճատվել է աշխատողների թիվը: Ավելին՝ դեռեւս 2012 թվականից անշարժ գույքի կադաստրը չի իրականացնում հաշվառման, չափագրման գործառույթը: Այն այժմ իրականացվում է մասնավոր չափագրող ընկերությունների կողմից, որ նրանց բիզնեսն էլ զարգանա: Արդյունքում պետական ապարատում աշխատող չափագրողները կրճատվել են:
Այսպիսով՝ բարեփոխումների արդյունքում աշխատողներ են կրճատվել: Շատ բարեփոխիչն են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին տեղի կունենան խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններ: Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր:

Գրանցված է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 7 թեկնածու՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ տեղական կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրված Վանուշ Ամիրաղյանը, ով քաղաքը ղեկավարել է 2002-2005թթ. եւ 2008թ.-ից մինչ օրս, անկուսակցական, անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ գնորդ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը, Նոյեմբերյանը 1996-2002 եւ 2005-2008թթ. ղեկավարած, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը, Բարեկամավանի գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը, Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Գարիկ Փիրումյանը: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը Ոսկեվան գյուղի մուտքի մոտ, ավտոճանապարհի վրա փակցրել է իր մեծ լուսանկարը: Դա Ոսկեվանի բնակիչների շրջանում խոսակցություների տեղիք է տվել, թե ինչու իրենց գյուղի՝ Ոսկեպարի մուտքի մոտ չի փակցրել նախընտրական մեծ պաստառը: Երվանդ Եգանյանն ասաց, որ ինքը գործել է օրենքի շրջանակներում: Նա իր նախընտրական մեծ նկարը փակցրել է նաեւ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, «Գվարզին» ձեռնարկության շենքի վրա: Ե. Եգանյանի խոսքով՝ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ընտրողների մոտ 40 տոկոսը չի ճանաչում համայնքի ղեկավարի թեկնածուներին, այդ պատճառով է ինքը մարդաշատ տեղերում փակցրել իր նկարները: Նոյեմբերյան համայնքի խոշորացումը շատ հապճեպ արվեց, համայնքի ղեկավարի թեկնածուներին ընտրողների մեծ մասն անձնապես չի ճանաչում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս