Լոնդոնի Իլինգ Թաուն Հոլում կայացավ տոնախմբություն` նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Իլինգ Թաուն Հոլում Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի եւ Լոնդոնի ԹՄՄ նախաձեռնությամբ կայացավ մեծաշուք տոնախմբություն` նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Արմեն Լիլոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ, ՄԹ-ում Կիպրոսի դեսպան Է.Էվրիվիադեսը, ՄԲ պառլամենտական Ս.Փաունդը, դիվանագետներ, հոգեորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բրիտանացիներ:

Բացման խոսքով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով համայն հայությանը անկախության 25-ամյակի առթիվ, նա պատմական ակնարկ կատարեց դեպի 1990-ականներ, արձանագրելով Հայաստանին դեպի անկախություն տանող դժվարին, բայց հաղթական ուղին: Վ.Ուզունյանն անդրադարձավ նաեւ Թեքեյան Հիմնադրամի եւ ԼԹՄՄ քառասնամյա մշակութային եւ բարեսիրական գործունեությանը՝ ի նպաստ հայ ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն ու տարածմանը, Հայրենիքին օգտակար լինելու գործին:

unnamed-7

Ձեռնարկի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Արմեն Լիլոյանն անդրադարձ կատարեց անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ճանապարհին՝ լի ձեռքբերումներով եւ փորձություններով, վերելքներով եւ մարտահրավերներով: Նա նշեց, որ անկախ Հայաստանի կայացման գործում մեծ ավանդ ունի Սփյուռքը, առանց որի օժանդակության եւ անմիջական ակտիվ մասնակցության անհնարին կլինեին նվաճումները: Համայն հայությունն իր պայքարի եւ ջանքերի շնորհիվ այսօր ունի անկախ Հայրենիք, եւ այդ գաղափարի շուրջ պետք է շարունակել միավորված լինել եւ նորովի ձեռնամուխ լինել Հայաստանի զարգացման, ամրապնդման ու բարգավաճման գործին:

unnamed-8

Տոնական միջոցառումը շարունակվեց մշակութային ծրագրով, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ տարեսկզբից: Համերգը մեկնարկեց նորաստեղծ «Բատիկյան» լարային քառյակի՝ Կոմիտասի եւ Ա.Խաչատրյանի ստեղծագորխությունների կատարումով: Երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար Կրիստինա Առաքելյանը կատարեց Ս.Ջրբաշյանի «Տոկատան» եւ Ա.Բաբաջանյանի «Էկսպրոմտը»: Է.Աբրահամյանի «Ախ, ինչ լավ են սարի վրա» եւ Ա.Հարությունյանի «Երգիր ինձ համար» երգերով հանդես եկավ տենոր Սիփան Օլահը:

unnamed-6

Հատկանշական էր անվանի ջութակահարուհի Անի Բատիկյանի կատարմամբ Ղ.Սարյանի «Արիան» եւ կոմպոզիտոր Կ.Առաքելյանի՝ հատուկ այս համերգի համար գրված «Ֆանտազիա հայկական թեմայով» ստեղծագործության պրեմիերան. դաշնամուրային նավագկցությամբ հանդես եկավ հեղինակը՝ Կ.Առաքելյանը: Մեցո-սոպրանո Անայիս Հեղոյանը կատարեց Ա.Աճեմյանի «Արաքս գետը» եւ Վ.Կոտոյանի «Երեւան» երգերը: Վաստակաշատ դերասանուհի, Մովսես Խորենացու մեդալի եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի արժանացած Ժենյա Ներսիսյանն ասմունքեց հատվածներ Հ.Թումանյանի «Սասունցի Դավիթ» Էպոսից: Համերգի առաջին մասն եզրափակվեց Ա.Աճեմյանի «Իրիկնային Երեւան» երգով, որի փոխադրումը կատարել էր Սիփան Օլահը Ա.Բատիկյանի /ջութակ/, Ս.Օլահի /տենոր/, Ա.Հեղոյանի /մեցո-սոպրանո/, Կ.Առաքելյանի /դաշնամուր/ համար:

Համերգային ծրագրի երկրորդ մասն սկսվեց Լոնդոնի «Ախթամար» պարային համույթի ելույթով /գեղ. Ղեկավար՝ Ա.Զաքարյան/: 18 հոգուց բաղկացած երիտասարդների խումբն իր կատարողական արվեստով ներկայացրեց հայտնի «Բերդ», «Կռունկներ», «Ղարաբաղ», Ա.Սպենդիարյանի «Էնզելի» պարերը:

unnamed-2

Երաժշտական երեկոն շարունակեց Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը /նախագահ՝ Վ.Ուզունյան/, որն իր բարձ որակներով հիացրեց ներկաներին: Երգչախմբի համահիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սիփան Օլահը դաշնակահարուհի Էլլա Բաբայանի հետ 8 ամիս շարունակ պատրաստում էին երգչախմբին այս կարեւոր երեկոյին: «Կոմիտասի» 30 երգիչները համահունչ կատարեցին Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայից հատվածներ, Ա.Դոլուխանյանի «Երեւանի գիշերներ» եւ Կոմիտասի «Խումար» երգերը: Ա.Աճեմյանի «Ծաղկած բալենի» երգը համերգի անակնկալներից մեկն էր: Ս.Օլահի այս երգի փոխադրումը կատարեցին «Կոմիտաս» երգչախումբը՝ մենակատար սոպրանո Հայարփի Եղիկյանի եւ «Ախթամար» համույթի համատեղ ելույթով:

unnamed-3

Ս.Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգերը» /փախադրումը՝ Ս.Օլահի/, կատարեցին «Կոմիտաս» երգչախումբը եւ Անի Բատիկյանը /ջութակ/: Ս.Լուսիկյանի «Ազատ Հայաստան» երգը հուզեց թե հայ, թե  բրիտանացի հանդիսատեսին Լ.Հայրապետյանի կողմից իր անգլերեն թարգմանված հատվածով: Համերգային ծրագիրն եզրափակվեց «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ Է.Հովհաննիսյանի «Սարդարապատ» երգով, որի վերջին ակորդները հանդիսատեսն ընդունեց մեծ ցնծությամբ եւ բարձր ծափահարություններով:

Միջոցառմանը Լիանա Հայրապետյանն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը, որում նախարարը բարձր գնահատեց տարիներ շարունակ բրիտանահայ համայնքի ունեցած դերն անկախ Հայաստանի զարգացման եւ հայ-բրիտանական հարաբերությունների խորացման գործում: «Մեր ժողովրդի վերջին դարերում ունեցած ամենամեծ ձեռքբերումը մեր երկու հայկական պետություններն են՝ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայրենիքը կերտողները հայ ժողովուրդն է, ուստի մեր երկիրը միասին պետք է պահենք, հզորացնենք, զարգացնենք ու փոխանցենք գալիք սերունդներին», ասվում էր նախարարի ուղերձում:

unnamed-1

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, եզրափակելով ձեռնարկը, անդրադարձավ օրվա խորհրդին եւ իր բարեմաղթանքները հղեց համայն հայությանը. խոսեց նաեւ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնության մասին: Սրբազան հայրը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց Թեքեյան Հիմնադրամի եւ Լոնդոնի ԹՄՄ նախաձեռնությունը՝ կազմակերպելու նման բացառիկ եւ հաջողված մշակութային երեկո, ինչի մասին վկայում էր ներկաների բարձր տրամադրությունն ու ոգեւորությունը:




Լրահոս