Ռուսաքծնության աֆեկտի մեջ գտնվող նախկին դեսպանը` մի պահ մոռանալով, որ հայ է, տարակուսելի հայտարարություններով է հանդես եկել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Մոսկովսկի Էքսպրեսս» պարբերականի թղթակից Անդրեյ Սմիրնովը բավականին ուշագրավ ակնարկ է գրել «Հակառուսական տրամադրություններ Հայաստանում. Ժողովուրդը հաստատում է, նախագահի խորհրդականը՝ հերքում» վերնագրով, որում նա իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ծավալվող հակառուսական տրամադրությունների առնչությամբ:

Լրագրողը խնդրի շուրջ զրուցել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի հետ, ով հանդես է եկել, մեղմ ասած, տարակուսելի հայտարարություններով:

Նախ՝ նա հայտարարել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առհասարակ չկան: Ապա հարկ է համարել հավելել.«Որոշ մարդիկ ենթադրություններ են անում վտանգավոր եւ չստուգված տեղեկությունների հիման վրա: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը նույնպես ունի իր հետաքրքրությունները: Նրա ջերմ հարաբերությունները մի երկրի հետ, որը Հայաստանում իբրեւ թշնամական է ընդունվում, կարող է մեզ համար շահեկան լինել. կրիտիկական պահերին զսպողի դեր ստանձնող է պետք»:

Ապա աստիճանաբար ընկնելով ռուսաքծնության աֆեկտի մեջ՝ մի պահ մոռացել է, որ ինքը, ի վերջո, հայ է եւ այլեւս չզսպելով իր ներսի հպատակին՝ պոռթկացել է.«Հայաստանցիները սիրում են բոլորին մեղադրել, բացի իրենցից: Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, եւ արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»: Ռուսաստանն այլեւս առաջվանը չէ, եւ պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլեւս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ-որ բան» մոտեցմամբ»:

Եթե նման հայտարարություն աներ որեւէ ռուսամետ քաղաքական գործիչ, անընդունելի լինելով հանդերձ, գուցե այդքան զարմանալի չլիներ: Բայց երբ նման գնահատականներ է հնչեցնում ՌԴ-ում ՀՀ երկարամյա դեսպանը, ՀՀ նախագահի ներկայիս խորհրդականը, արդեն խայտառակություն է: Եվ, ահա, այսպիսի մտածողությամբ մե՞կն է տարիներ շարունակ պաշտպանել Հայաստանի շահերը Մոսկվայում: Ոչ հարգարժան սույն պարոնը, ով, ի դեպ, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի օրոք զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, հավանաբար մոռացել է, որ հենց իր ապիկար պաշտոնավարման /2002-2010թթ./ տարիներին են Հայաստանի հիմնական հզորությունները «նվիրվել» Ռուսաստանին, չեղարկվել Իրան-Հայաստան տարանցիկ գազատարի կառուցման հնարավորությունը, եւ հայկական երկաթուղին տրվել ռուսներին:

Թեեւ նայած թե ում համար է նրա գործունեությունը եղել ապիկար: Դատելով սրա հայտարարություններից՝ նա իր իսկական տերերի համար լավ էլ արդյունավետ է ծառայել:




Լրահոս