Ինչու է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն դաժան ծեծի ենթարկել եկեղեցու առաջնորդին. Վանաձորում տեղի ունեցած դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշերը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, 15 հոգու հետ այցելել է Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին եւ հենց սենյակում դաժան ծեծի ենթարկել տարեց մարդուն:

Ի՞նչն է եղել պատճառը

ArmLur.am-ին կատարվածից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ՝ Արկադի Փելեշյանը մոտ 15 հոգու ուղեկցությամբ մտել է Ավետարանի եկեղեցու՝ Ռաֆայել Գրիգորյանի աշխատասենյակ, վերջինիս առաջարկել առանձին զրուցել: Գրիգորյանն էլ թողնելով իր աշխատասենյակում եղած հյուրերին՝ Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ մտել է աշխատասենյակի հարեւան սենյակ: Նշենք, որ Գրիգորյանն ապրում է եկեղեցում` ընտանիքի հետ եւ հյուրեր է ունեցել արտերկրից:

Գրիգորյանի և Փելեշյանի՝ առանձնանալուց հետո վերջինիս ուղեկցող տղաները տրոհվել են՝ մի մասը կանգնել է աստիճանների մոտ, մյուս մասը կենդանի պատ է կազմել դռան մոտ, իսկ Արկադի Փելեշյանը մնացած տղաների հետ ներս է մտել:

Ռաֆայել Գրիգորյանին ճանաչողները` այդ թվում եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նրան բնութագրում են որպես հավատավոր մարդ, որն ունի իր սկզբունքները, հարգանքը եւ քաղաքական գործընթացներին մեծապես չի խառնվում: Սակայն Ական որոշել է նրա հետ հաշիվ մաքրել եւ հենց Ավետարանական եկեղեցու ներսի այդ սենյակում եկեղեցու առաջնորդին նախատել է, թե «քեզ Անուբախ Համբարյանը (խմբ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, որն, ըստ լուրերի, նշանակվելու է Լոռու մարզպետ) փող է տվել, որ ՀՀԿ-ի համար աշխատես»: Ակնարկել է, թե խաբել է իրենց:

Դաժան ծեծի մանրամասները

Նշված խոսքերի ուղեկցությամբ նա սկսել է հայհոյել տարեց մարդուն ու հարվածներ հասցնել: Ռաֆայել Գրիգորյանը հորդորել է հանգստանալ, չհարվածել իրեն, սակայն բարկացած Արկադին շարունակել է հարվածները, ինչի արդյունքում եկեղեցու առաջնորդը ընկել է հատակին: Լսելով բղավոցներ, հայհոյանքներ՝ Գրիգորյանի աշխատասենյակում գտնվող նրա կինն ու հյուրերը փորձել են մտնել կողքի սենյակ: Սակայն Ակային ուղեկցող տղաները, որոնք դռան մոտ պատ են կազմած եղել, արգելել են: Ներքևից եկեղեցու առաջնորդի թոռնիկն է փորձել վերև բարձրանալ` պապին օգնելու, նրան ևս արգելել են: Թոռնիկը վերցրել է քաղաքային հեռախոսը, որ ինչ-որ մեկին զանգահարի, տղաները կտրել են հեռախոսի լարը: Թոռնիկը ստիպված է եղել ներքև իջնել և բջջային հեռախոսով օգնություն խնդրել ինչ-որ մեկից: Այդ ընթացքում Ռաֆայել Գրիգորյանին ուղղված հարվածներն ու հայհոյանքները շարունակվել են:

Արկադի Փելեշյանի և նրան ուղեկցողների խուճապահար փախուստը

Երբ ներկաները սկսել են աղմկել, այդ պահին դրսից ներս է մտել եկեղեցու առաջնորդի փեսան` սպորտային կազմվածքով, որին Արկադի Փելեշյանին ուղեկցող տղաները չեն կարողացել խոչընդոտել ներս մտնել: Փեսան ներս մտնելով՝ տեսել է աներոջը` գետնին ընկած վիճակում: Հարցրել է, թե «Ակա՛, էս ի՞նչ եք անում», «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն շտապել է հանգստացնել, թե ոչինչ ու մեծ արագությամբ հավաքել է իրեն ուղեկցողներին ու անհետացել տարածքից:

Տեսախցիկներն արձանագրել են. Փելեշյանը որոնվում է

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ողջ եղելությունը, եւ այն արդեն ՀՀ ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցների ձեռքում է: Ավելին` մեզ հաջողվեց պարզել, որ տեսախցիկի նկարահանված կադրերում եղած դեմքերն արդեն նույնականացվել են, եւ ՀՀ ոստիկանությունը սկսել է որոնել ինչպես Արկադի Փելեշյանին, այնպես էլ` նրան ուղեկցող մի քանի տղաների: Տեղեկացնենք, որ նախկին ՕԵԿ, այսօր ՀՎԿ ներկայացուցիչ Արկադի Փելեշյանը Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Ինչպես հայտնի է՝ ոստիկանապետը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Էրիկ Շարմազանովը կնքել է Ակայի երեխաներին: Երեկ գիշեր քննիչները բացատրություններ են վերցրել Ավետարանի եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանից եւ ներկաներից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գիշերով դեպքի վայրում է եղել նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Այսօր Ռաֆայել Գրիգորյանը հիվանդանոցում լուրջ հետազոտություն պետք է անցնի, քանի որ հիմնականում գլխի հետևի մասին ուղղված հարվածներից ծանր վնասվածքներ է ստացել:

ՕԵԿ-ի պարզաբանումը

Երեկ գիշեր, երբ արդեն լուրերը տարածվել էին, «Առավոտը» զանգահարել էր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին` նրանից մեկնաբանություն եւ տեղեկություն խնդրելով: Բիշարյանը բարկացել էր, թե. «Իսկ ի՞նչ իմացաք, որ դա այդպես է: Եթե ինչ-որ մեկը մի բան է գրում, 30-40 լրագրողներով պետք է զանգահարեք մեկի լուրը ճշտե՞ք: Ժամը 12-ին զանգել ասում եք՝ կարո՞ղ է էն մի քաղաքում դեպք է եղել: Ես նախ չեմ իմանում: Վստահ չեմ, որ այդպիսի բան եղած կլինի»:

Բիշարյանը տարակուսել է, որ իրեն այդ հարցով ուշ ժամին անհանգստացրել են. «Ասես, Ղարաբաղի սահմանն է խախտվել… Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ծեծել է, կամ էլ դա էլ հա՞րց է՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ»: Ավելի ուշ տիկին Բիշարյանը տեղեկացրել է, որ զանգահարել է Վանաձոր եւ ճշտել` «նման բան չկա, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ դեպքի առիթով արդեն իսկ քրեական գործ է հարուցված:




Լրահոս