ԲԱՑԱԿԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆԱԵՎ ՆԵՐԿԱ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ մեծ աղմուկ հանած «Հարկային օրենսգրքի» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը: 79 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքներով այն ընդունվեց: Իհարկե, օրենսգիրքը դեռ պետք է երրորդ ընթերցմամբ եւս ընդունվի, սակայն ողջ խնդիրն այն է, որ երկրորդից-երրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծն այլեւս չի կարող իմաստային կամ որեւէ այլ էական փոփոխության ենթարկվել, միայն կոսմետիկ բաներ: Մինչեւ երրորդ ընթերցման ներկայացնելը օրենսգրքի նախագիծը միայն խմբագրական շտկումների կարող է ենթարկվել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ չնայած երեկվա նիստին Մհեր Սեդրակյանը եւ Սեյրան Սարոյանը բացակայում էին, արտահերթ նիստի ընթացքում ոտք չեն դրել խորհրդարան, բայց միեւնույն է՝ նրանք կողմ են քվեարկել: (տես՝ լուսանկարը): Ներկայիս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենախայտառակ եւ մեր երկրի համար վնասակար ամենաշատ օրենքներ ընդունած հաստատություն: Իսկ ինչ վերաբերում է ընդունված փաստաթղթին, այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել եկող տարվա հունվարի 1-ից: Թերեւս դրանից մի քանի ամիս անց բոլորի համար ակնհայտ կդառնա, թե այդ փաստաթուղթն ինչ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի տնտեսության համար, եւ ինչու են ընդդիմադիրներն ասում, որ այս օրենսգիրքը Հայաստանի դեմ դավադրություն է:

 

 
Այսօր հոկտեմբերի 2-ին Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեք հարյուրից ավել համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Նշված մարզերի 292 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սակայն այս օրերին Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի եւ Վանաձորի վրա, որտեղ հոկտեմբերի 2-ին պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ: Այս քաղաքները առաջին անգամ ավագանի են ընտրելու համամասնական ընտրակարգով` քվեարկությանը մասնակցում են կուսակցությունները: Ավագանու տեղերը կբաշխվեն մասնակիցներից այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք կհաղթահարեն վեց տոկոսանոց արգելքը: Այսօր ակնհայտ է, որ մասնակից քաղաքական ուժերից եւ ոչ մեկին, թերեւս, չի հաջողվի Գյումրիում եւ Վանաձորում բացարձակ մեծամասնություն ունենալ: Իսկ թե կոալիցիաների ինչպիսի հնարավորություններ կլինեն, պարզ կդառնա երեք օրից:

 

 
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց հատկապես Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, արդյոք ուրիշ թեկնածու չունեին. «Ինչի չունեինք, էնքան մարդ ունեինք»,- ասել է Սահակյանը: Եթե այլ վարչապետացուներ կային, ինչու հենց Կարապետյանը նշանակվեց: «Դա մի տեղ է (վարչապետի պաշտոնը)՝ կամ Կարեն Կարապետյանը պետք է լիներ կամ մեկ ուրիշը»,- ասել է Գալուստ Սահակյանը: Հիրավի իմաստուն խոսքեր: Կարապետյանին են նշանակել, որովհետեւ եթե չլիներ նա, ապա փոխարենն ուրիշը կլիներ: «Ժողովուրդ»-ը համառելով՝ փորձել է պարզել, թե, այնուամենայնիվ, ինչու հենց Կարեն Կարապետյանը: «Վերջին հաշվով դա մի տեղ է, եւ այդ տեղի համար նստում, մտածում ես, գտնում ես, առաջիկայում ինչ պետք է՝ կարողանաս կատարես, ընտրում ես Կարեն Կարապետյանին»,- պարզաբանել է ԱԺ նախագահը: Կասկածից վեր է, երբ Գալուստ Սահակյանը ակտիվ քաղաքականությունից հեռանա, ամենաշատը լրագրողները կտխրեն:

 

 
ՀՀ կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստում հաստատվեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ եկող տարի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 210 միլիարդ 100 միլիոն դրամ: Այս տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել 23 միլիարդ 835 միլիոն դրամով: Սակայն ուշագրավն այն է, որ հարկեր եւ տուրքերի գծով եկամուտի ավելացումը նախատեսվում է, որ ընդամենը 6 միլիարդի չափով է լինելու: Այլ կերպ ասած՝ եկամուտները կաճեն, բայց դրանք տնտեսության վիճակի բարելավմամբ պայմանավորված չեն լինի: Մյուս կողմից էլ՝ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա համեմատ եկող տարի նախատեսվում է կրճատել ոչ ավել, ոչ պակաս` 82 միլիարդ 463 միլիոնի չափով: Սա այն դեպքում, երբ եկող տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի փաստացի ծախսերը օբյեկտիվորեն աճելու են: Ստացվում է, որ ընթացիկ տարում շուրջ 100 միլիարդ դրամի հավելյալ` անիմաստ ծախս է արվել:

 

 
ՆՎԱՍՏԱՄՏՈՐԵՆ
Ռուսական «Մոսկովսկի Էքսպրեսս» պարբերականի թղթակից Անդրեյ Սմիրնովը բավականին ուշագրավ ակնարկ է գրել «Հակառուսական տրամադրություններ Հայաստանում. Ժողովուրդը հաստատում է, նախագահի խորհրդականը՝ հերքում» վերնագրով, որում նա իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ծավալվող հակառուսական տրամադրությունների առնչությամբ:
Լրագրողը խնդրի շուրջ զրուցել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի հետ, ով հանդես է եկել, մեղմ ասած, տարակուսելի հայտարարություններով: Նախ՝ նա հայտարարել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առհասարակ չկան: Ապա հարկ է համարել հավելել.«Որոշ մարդիկ ենթադրություններ են անում վտանգավոր եւ չստուգված տեղեկությունների հիման վրա: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը նույնպես ունի իր հետաքրքրությունները: Նրա ջերմ հարաբերությունները մի երկրի հետ, որը Հայաստանում իբրեւ թշնամական է ընդունվում, կարող է մեզ համար շահեկան լինել. կրիտիկական պահերին զսպողի դեր ստանձնող է պետք»:
Ապա աստիճանաբար ընկնելով ռուսաքծնության աֆեկտի մեջ՝ մի պահ մոռացել է, որ ինքը, ի վերջո, հայ է եւ այլեւս չզսպելով իր ներսի հպատակին՝ պոռթկացել է.«Հայաստանցիները սիրում են բոլորին մեղադրել, բացի իրենցից: Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, եւ արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»: Ռուսաստանն այլեւս առաջվանը չէ, եւ պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլեւս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ-որ բան» մոտեցմամբ»:
Եթե նման հայտարարություն աներ որեւէ ռուսամետ քաղաքական գործիչ, անընդունելի լինելով հանդերձ, գուցե այդքան զարմանալի չլիներ: Բայց երբ նման գնահատականներ է հնչեցնում ՌԴ-ում ՀՀ երկարամյա դեսպանը, ՀՀ նախագահի ներկայիս խորհրդականը, արդեն խայտառակություն է: Եվ, ահա, այսպիսի մտածողությամբ մե՞կն է տարիներ շարունակ պաշտպանել Հայաստանի շահերը Մոսկվայում: Ոչ հարգարժան սույն պարոնը, ով, ի դեպ, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի օրոք զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, հավանաբար մոռացել է, որ հենց իր ապիկար պաշտոնավարման /2002-2010թթ./ տարիներին են Հայաստանի հիմնական հզորությունները «նվիրվել» Ռուսաստանին, չեղարկվել Իրան-Հայաստան տարանցիկ գազատարի կառուցման հնարավորությունը, եւ հայկական երկաթուղին տրվել ռուսներին:
Թեեւ նայած թե ում համար է նրա գործունեությունը եղել ապիկար: Դատելով սրա հայտարարություններից՝ նա իր իսկական տերերի համար լավ էլ արդյունավետ է ծառայել:




Լրահոս