«Վերնիսաժ» կրակոցների գործով. երկու տարի անց BMW-ն այդպես էլ չի հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի հարեւանությամբ կրակոցներ էին հնչել, արդյունքում տուժել էին ինչպես վեճի մասնակիցները, այնպես էլ անցորդները: Վեճի կողմերից մեկը եղել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի փեսան` Գոռ Առաքելյանը, իսկ մյուս կողմից քրեական աշխարհի հետ կապեր ունեցող Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը:

Դեպքի վայրում եղած «BMW X6» մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը վարել էր Վալերիկ Հովհաննիսյանը, անհետացել էր: Անցել է երկու տարի, բայց այդպես էլ ավտոմեքենան չի հայտնաբերվել: Վ. Հովհաննիսյանի հայրը` Սամվել Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անհետ կորած ավտոմեքենան գտնելու համար դիմել են փաստաբանի օգնությանը:

«Մեքենայի անհետացման մասով քրեական գործ է հարուցվել, որն անջատվել էր կրակոցների գործից: Եթե չանջատվեր, դրանով շատ բան ի հայտ կգար, որդիս չէր ազատազրկվի: Մեքենան իմ անունով է, ոչ թե որդուս»,- պարզաբանեց Սամվել Հովհաննիսյանը: Նշված օրը հնչել էր 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել էր ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ): Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, այդպես էլ անհայտ է մնացել:




Լրահոս