Ադրբեջանն անընդհատ պետք է իր ժողովրդին և միջազգային հանրությանը հիշեցնի, որ կա խնդիր. Վազգեն Մանուկյանը` սահմանում տիրող վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Նշենք, որ բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր շուրջ 2800 կրակոց:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  ՀՀ պատպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հակառակորդի կողմից միշտ այդ ակտիվությունը եղել է և նոր բան չի:

«Ուղղակի քառօրյա պատերազմից հետո մի քիչ ավելի հանդարտ էր, և հիմա նորից վերադառնում է իր հին վիճակին: Ադրբեջանն անընդհատ պետք է իր ժողովրդին և միջազգային հանրությանը հիշեցնի, որ կա խնդիր: Ես նոր բան չեմ տեսնում»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանը շատ ցավում է, որ մեր սահմաններում չկա խաղաղություն:

Պատրա՞ստ է արդյոք մեր բանակը դիմակայելու թշնամու հարձակումներին, թե ոչ: Մեր այս հարցին ի պատասխան` Վազգեն Մանուկյանը նշեց, որ նախորդ ժամանակաշրջանում մենք ցուցաբերել ենք մեր հնարավորությունները հակազդելու դրան:

«Քառօրյա պատերազմը մի քիչ առանձնացված է, որովհետև քառօրյա պատերազմը  ստանդարտ իրավիճակ չէր: Դա փաստորեն հարձակում էր մեծ ուժերով, բայց, այնուամենայնիվ ես վստահ եմ մեր բանակի մարտունակության վրա»,-նկատեց նա:

Ըստ նրա՝ մենք նույնպես ունենք նորագույն զինատեսակներ, որոնց մի մասը ցուցադրվեց զինվորական շքերթի ժամանակ, բայց չենք կարող ունենալ նույն քանակությամբ զենք, ինչքան որ ունի Ադրբեջանը և դա եղել է միշտ:

«Ժամանակակից էլէկտրոնային սարքավորումներ մենք շատ ակտիվորեն օգտագործում ենք: Եվ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ որոշակի թերություններ կան, բայց այսօր հետևում եմ, բավականին մեծ արագությամբ այդ բացը լրացվում է: Եվ բանակում միշտ էլ անելիքներ կան»,-նշեց նա:

ArmLur.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև  նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Վերջինիս կարծիքով՝ բանակ դրսից մարդ նշանակելը տվյալ պայմաններում արդարացված է:

«Ես չեմ կարող գնահատել և չեմ ուզում գնահատել Սերյան Օհանյանի աշխատանքը, որովհետև նա շատ լավ է աշխատել: Իսկ Վիգեն Սարգսյանին էլ ճանաչելով` գիտեմ, որ շատ կազմակերպչական շնորհք ունի: Ճիշտ է ռազմական գործողությունների չի մասնակցել, բայց դրա համար գոյություն ունի շտաբ: Շտաբի լիազորություններն անուղղակի ձևով բավականին ուժեղացնում են: Եվ Վիգեն Սարգսյանը կկարողանա նոր շունչ տալ բանակին: Իսկ նրա գործունեությունն ամիսներ կանցնեն, կտեսնենք`  արդարացված են մեր սպասումները, թե ոչ: Կարծում եմ արդարացված կլինի»,-հավելեց նախկին պաշտպանության նախարարը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս