ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 53 ՄԻԼԻԱՐԴՈՎ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 6 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 53 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության նախօրեին հրապարակած տեղեկանքից:

Այսպես, ըստ ֆինանսների նախարարության` ինն ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 836 միլիարդ դրամ: Մինչդեռ նշված ժամանակահատվածի համար պետական բյուջեով պլանավորված էր, որ եկամուտները պետք է կազմեին առնվազն 889 միլիարդ դրամ: Ի դեպ, հարկ է նշել, որ ծախսերի գծով եւս պետական բյուջեն թերակատարվել է 6,2 տոկոսով: Ինն ամիսներին պետական բյուջեով նախատեսված է եղել իրականացնել ավելի քան 991 միլիարդ դրամի ծախսեր, սակայն իրականացվել է 929,6 միլիարդի:
Պետական բյուջեի եկամուտների գծով թերակատարումների մի մասը բաժին է հասել արտաբյուջետային եկամուտներին, որոնք նախատեսվածից 26 տոկոսով պակաս են եղել եւ կազմել են ընդամենը 22,6 միլիարդ դրամ: Ինչեւէ, հարկեր եւ տուրքերից պետական բյուջե մուտք եղած գումարներն ինն ամիսների արդյունքներով կազմել են 787.5 մլրդ դրամ: Այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերից ավել է 0,1 տոկոսով, կամ այլ կերպ ասած՝ գրեթե նույնն է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա համար հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների ավելի մեծ ցուցանիշ է սահմանված եղել, քան անցած տարի: Մասնավորապես, հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների թերակատարումը կազմել է 6,4 տոկոս, կամ նույնն է, թե 54 մլրդ դրամ:
Պետական բյուջեի եկամուտները հիմնականում նվազել են երեք` ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով:
ԱԱՀ-ի գծով ստացված մուտքերը կազմել են 277 մլրդ դրամ, այս թիվն անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 36.4 մլրդ դրամով կամ 11.6%-ով: 120.5 մլրդ դրամի ԱՀՀ-ն ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 156.6 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Ներմուծումից ստացվող ԱԱՀ-ն նվազել է 15.3%-ով կամ 21.8 մլրդ դրամով: Այլ կերպ ասած՝ ներմուծումների անկումը հարկային մուտքերի վրա էապես ազդել է: Ի դեպ, հարկ է նկատել, որ ներմուծումների անկումը սովորաբար լավ օրից չի լինում, քանի որ փաստում է բնակչության գնողունակության նվազման մասին: Ներքին շրջանառությունից ԱԱՀ-ի գծով ստացվող բյուջետային մուտքերն էլ նվազել են 8.5%-ով կամ 14.6 մլրդ դրամով: Սա իր հերթին փաստում է, որ բնակչության գնողունակության նվազման հետ նվազել են նաեւ Հայաստանի արտադրող ձեռնարկությունների շրջանառության ծավալները:
Ինչ վերաբերում է հարկային մուտքերի ավելացումներին, ապա նման երեւույթ արձանագրվել է պետական բյուջեի` ակցիզային հարկի գծով մուտքերի դեպքում, որոնք կազմել են 41.4 մլրդ դրամ: Անցած տարվա համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 18.1%-ով կամ 6.3 մլրդ դրամով: Մասնավորապես, 3,6 միլիարդ դրամի աճը ներմուծվող ապրանքներից գանձվող ակցիզային հարկերից ստացված մուտքերի ավելանալու հաշվին է տեղի ունեցել, ինչն իր հերթին պայմանավորված է այն փաստով, որ այս տարվա մայիսի 1-ից սեղմված բնական գազի ներկրումից եւս ակցիզային հարկ է գանձվում, իսկ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են 10 տոկոսով: Պակաս ուշագրավ չէ նաեւ շահութահարկի գծով հարկային մուտքերի ավելացման պատճառաբանումը: Ընդհանուր շահութահարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել 102.8 մլրդ դրամ, որը անցած տարվա համեմատ աճել է 22.9 մլրդ դրամով: Այս փաստը ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հետեւյալ կերպ. «մեծ մասամբ պայմանավորված պետական ձեռնարկություններից ստացված մուտքերի աճով»: Այլ կերպ ասած՝ պետական ձեռնարկությունները, չգիտես ինչ «հրաշքի» արդյունքում, սկսել են շեշտակի ավել հարկ վճարել, քան անցած տարի: Սա ուղղակի կարող է փաստել, որ նախորդ տարիներին ինչ-որ մարդիկ պետության փողերը, մեղմ ասած, «տակով են արել», բայց քանի որ այժմ պետական բյուջեն գումարների կարիք ունի, նրանց հանձնարարել են մուծումներն ավելացնել:
Նշենք նաեւ, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով մաքսատուրքից ստացված մուտքերը կազմել են 40.3 մլրդ դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 6.4 մլրդ դրամով:
ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտներն ինն ամսում կազմել են 20.5 մլրդ դրամ: Այդ գումարից, մասնավորապես, 12,5 մլրդ դրամը կազմել են ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները: Այս գծով պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվների թերակատարումը կազմել է ավելի քան 30 տոկոս: Պետական բյուջեի կատարողականում չկա ոչ մի տվյալ, որը հաշվի առնելով՝ կարող ենք կանխատեսել, որ առաջիկա ամիսներին իրավիճակը շտկվելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՎ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է
Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնում վերանշանակված Սամվել Բալասանյանի հարստությունը նախորդ պաշտոնավարման 4 տարիների ընթացքում բավական ավելացել է: Նա դեռեւս 2012թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի չորսական բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Այս տարի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է մեկ արտադրական նշանակության շինություն, երեք անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, հողին ամրակայված մեկական այլ անշարժ գույք եւ հասարակական նշանակության մեկ շինություն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2.9 մլն դրամ եւ 13 հզ. դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, որն ամսական կազմում է 173 հզ. դրամ:

 

 

«ԱԶԳՈՎԻ ԽՆԴՐԵՑԻՆ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մի խումբ ԲՀԿ-ականներ այսօր երթով գնալու են իրենց նախկին առաջնորդի՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն` նրան խնդրելու, որ վերադառնա ակտիվ քաղաքականություն: ԲՀԿ-ականների կազմակերպած ակցիայի ժամանակ ներկաներին արգելվել էր Ծառուկյանի տանը մոտենալ: Ի վերջո, մասնակիցների անունից ինչ-որ նամակ-խնդագիր է փոխանցվել Ծառուկյանի տան անվտանգության աշխատակիցներին, որպեսզի այն փոխանցեն ՀԱՕԿ նախագահին: Այսքանով ակցիան ավարտվել է: Ծառուկյանի խոսնակը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե նա ասելիք ունենա, անձամբ կհայտարարի այդ մասին:

 

 

ՓԱԿ ՆԻՍՏ
Այսօր՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա փակ նիստ: Հանձնաժողովի անդամների հետ հանդիպման է գալու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե նոր նախարարն ինչպես է պատրաստվում լուծել ՊՆ-ի առաջ ծառացած խնդիրները:

 

 

ԴԱՇՆԱՄՈՒՐ
Երեկ ՀՀ ԱԺ-ն հաստատեց հոկտեմբերի 24-ի 28-ի քառօրյայի օրակարգը: Ինչպես մի շարք դեպքերում, այս անգամ եւս պատգամավորներից շատերը քվեարկեցին բացակաների փոխարեն: Մասնավորապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը քվեարկեց մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի` Արթուր Ստեփանյանի՝ Չախկալի փոխարեն: ՀՀԿ խմբակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը նախ քվեարկեց իր հարեւանի` Կարեն Սարիկբեկյանի, ապա՝ իր փոխարեն: ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ հասցրեց նախ իր փոխարեն քվեարկել, ապա Սպարտակ Մելիքյանի: Ըստ էության, երբ բացակա է գեներալ Սեյրան Սարոյանը, նրա փոխարեն պետք է քվեարկի մեկ այլ գեներալ` Մանվել Գրիգորյանը: Սակայն տեւական ժամանակ է՝ այդ բարդ «գործը» ստանձնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը: ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանն էլ ավանդաբար քվեարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վազգեն Կարախանյանի փոխարեն:

 

 
ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

 

 

ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՓՈԽԱՆԱԿՎԵՑԻՆ
Հայաստանի նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Երեւանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ Մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ Սերժ Սարգսյանը Ֆ. Ֆեսթինգին պարգեւատրել է «Փառքի» շքանշանով՝ Հայաստանի եւ Մալթայի միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Ֆ. Մ. Ֆեսթինգի եւ Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ էլ Սերժ Սարգսյանը պարգեւատրվել է Մալթայի բարձրագույն պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: Պարգեւներ են ստացել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը եւ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 

 

ԷԼԻ ԿՑՐՏԻ
ԱԻ-ն հաղորդմամբ՝ մինչեւ հոկտեմբերի 27-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով:

 

 

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը երեկ կայացած խորհրդակցության ընթացքում զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կակաչների սոխուկների տնկման եւ այգիների մաքրման աշխատանքները: Առաջարկվել է այս տարվա աշնանային ծառատունկը կազմակերպել նոյեմբերի երկրորդ շաբաթ օրը: Հաշվի առնելով մասնագետների առաջարկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր սահմանել նոյեմբերի 12-ը:

 

 

ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ՞
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիեւի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին: Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»։ Թե երբ եւ որտեղ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, հայտնի չէ, սակայն համանախագահները հույս են հայտնել, որ երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում, դեկտեմբերի 8-ին եւ 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում։




Լրահոս