ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ԹՎԵՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական ընտրությունները մոտենում են իրենց կիզակետին, եւ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այստեղ նույնպես մեծ հետաքրքրություն են առաջացնում սոցիալական հարցումները: ԱՄՆ-ի առանձնահատկությունն այն է, սակայն, որ նախընտրական հարցումները խիստ բազմազան են, եւ անհնար է անվերապահորեն պնդել, թե ով է ընտրվելու նախագահ: Ի հեճուկս սրա` Հայաստանում նախընտրական հարցումները հիմնականում հուշում են, թե ինչպիսի թվեր են պատրաստվում իշխանությունները նկարել քվեարկության գիշերը:

ԱՄՆ-ում սոցիալական հարցումների ճնշող մեծամասնությունը հաղթող է հռչակում նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, երկուշաբթի օրը հրապարակված CNN-ի հարցումների համաձայն՝ նվազագույնը 5 տոկոսի առավելություն ունի հանրապետական Թրամփից: Նույն հարցմամբ` Քլինթոնին աջակցողների 1/3-ը իր որոշումը բացատրել է Թրամփի նախագահությունը չտեսնելու ցանկությամբ: Մեկ այլ լրատվական` ABS NEWS-ը, հրապարակել է իր հարցումները, որոնցով Քլինթոնը Թրամփից առաջ է անցել ավելի քան 12 տոկոսով: Այդպիսի մեծ տարբերությունը լրատվականը բացատրում է այն հանգամանքով, որ ընտրողները մեծապես հիասթափվել են Թրամփի շուրջ առաջացած սկանդալներից, ինչպես նաեւ ընտրությունների վերջնական արդյունքները անվերապահորեն ընդունելու մասին հայտարարության հրաժարումից: Սակայն վերոնշյալ երկու աղբյուրներն էլ, գաղտնիք չէ, որ սատարում են Քլինթոնին, ուստի նրանց հրապարակած տվյալները պետք է ընդունել ի գիտություն միայն մեծ վերապահումներով: Հենց այդպես էլ վարվում է Թրամփը` հայտարարելով, որ իր շարժումն աննախադեպ է Միացյալ Նահանգների պատմության մեջ: Հղում անելով Investor’s Business Daily-ի, Rasmussen-ի եւ այլ հարցումներին` Թրամփը պնդում է, որ իրականում հաղթանակն իր կողմն է: Միանշանակորեն, անշուշտ, որեւէ բան պնդել հնարավոր չէ, երբ, օրինակ, դիտարկում ենք վերջերս աշխարհը ցնցած մեկ այլ քվեարկության արդյունքները: Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ կայացած հանրաքվեից առաջ հարցումները պնդում էին, որ բրիտանացիների 53-55 տոկոսը ցանկանում է իր երկիրը տեսնել ԵՄ-ի կազմում: Այդուհանդերձ, քվեարկությունը հակառակ պատկերը ցուցադրեց:
Նկատելի է, որ սոցհարցումները ոչ միայն վերլուծաբանների համար են հնարավորություն ստեղծում գնահատել նախընտրական պայքարն ու հավաստի տվյալների հիման վրա արդյունքների ու իրադարձությունների զարգացման ուղիների շուրջ կանխատեսումներ անել, այլեւ շարքային քաղաքացիներին են թույլ տալիս ընկալել պետության քաղաքական կյանքի զարգացման տրամաբանությունը: Հաճախ է պատահում, երբ քաղաքացին, հիմնվելով այսպիսի հարցումների վրա, վերջին պահին է կայացնում իր որոշումը՝ թեկնածուներից որեւէ մեկի օգտին: Ըստ էության, նախընտրական հարցումները նաեւ մի գաղտնի նպատակ ունեն` կանխատեսելի դարձնել ընտրությունների ելքը: Երբ մի քանի հարցումներ, որոնք նույնիսկ արժանանում են ԶԼՄ-ների մանրամասն ուշադրությանը, հավաստում են, որ, օրինակ, ԱՄՆ-ում նախագահ է ընտրվելու Քլինթոնը, շատերի համար այդ տեղեկատվության հաստատումը քվեարկության հաջորդը օրն այլեւս անսպասելի չէ: Կարելի է պնդել, որ շարունակաբար նույն արդյունքի թմբկահարումը հատկապես ԶԼՄ-ների օգնությամբ պարարտ հող է ստեղծում նաեւ ընտրություններում ինչ-ինչ մեքենայություններ անելու ու դրանք լեգիտիմացնելու համար:
Եթե ամերիկյան իրականությունում քվեարկության վերջնական արդյունքները զգալիորեն կարող են տարբերվել նախնական հարցումներից, ապա Հայաստանում երբեւէ նման դեպք չի գրանցվել: 1991թ. նախագահական ընտրություններում հարցումները նախագահ էին հռչակում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչը, թերեւս, եզակիորեն համապատասխանում էր հասարակական տրամադրություններին: 1996թ. նախագահական ընտրություններում պայքարը միանգամայն այլ հարթության մեջ էր, եւ ընդդիմության միավորումը շեշտակիորեն ավելացնում էր վերջինիս թեկնածուի շանսերը: Բայց եւ այնպես, մերձիշխանական շրջապատից տարածվող հարցումներով, հարաբերականորեն տրամաբանական տարբերությամբ կրկին հաղթող էր ճանաչվում իշխանության թեկնածուն: Սակայն արդեն 1998թ. իշխանական հարցումները բացահայտ առաջատար էին հռչակում Ռոբերտ Քոչարյանին, ինչն էլ ավելի սաստիկ թվաբանությամբ կրկնվեց 2003թ-ին.: 2008թ. իշխանության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը թե՛ հայկական սոցիոլոգների, թե՛ արտասահմանից բերված կազմակերպությունների տվյալների հիման վրա ստանում էր ձայների բացարձակ մեծամասնությունը, իսկ նրա հիմնական մրցակից, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ այդ հարցումների, 3-4-րդ տեղերում էր` 4-8 տոկոսով: Հատկանշական է, որ 2008թ. փետրվարի 19-ին պաշտոնական տվյալներով Տեր-Պետրոսյանը ստացավ 22 տոկոս` մոտ երեք անգամ ավելի, քան իշխանության անցկացրած հարցումներն էին կանխատեսել, էլ չասած ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի տվյալների մասին, որոնցով Տեր-Պետրոսյանին վերագրվում էր մոտ 30-35 տոկոս քվե: Իսկ արդեն 2013թ., երբ Սերժ Սարգսյանը փաստացի մնացել էր առանց լուրջ մրցակցի, անձամբ ու անթաքույց հայտարարում էր, որ «ինչքան ուզեմ` էդքան կխփեմ` 80, 70, 60 տոկոս»: Այս ընտրություններում նախապես հրապարակված սոցհարցումները մասնակիորեն ճիշտ դուրս եկան` Սերժ Սարգսյանին վերագրելով 58 տոկոս: Սակայն արդյո՞ք իրականում Սարգսյանն ուներ այդքան ձայն, գուցե իր հուշերում անկեղծորեն կպատասխանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՏՄՊՊՀ-Ն ԽԻՍՏ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՅԱՆԴԵՔՍ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեությունը: Պարզվել է, որ «Յանդեքսի» գործունեությունը չի համապատասխանում օրենքի պահանջին եւ պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր: Արդյուքնում «Յանդեքսի» հանդեպ կիրառել է խիստ նախազգուշացում: Հիշեցնենք, որ ընկերության մուտքը հայկական շուկա ուղեկցվեց տաքսի ծառայություն մատուցող տասնյակ ընկերությունների, ինչպես նաեւ անհատ տաքսու վարորդների դժգոհություններով, որոնք պնդում էին, որ «Յանդեքսը» աշխատում է օրենքի խախտումներով:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ «Յանդեքս»-ը իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն շահույթ չի ստացել, այլ նաեւ աշխատել է վնասով՝ սեփական գրպանից անհարկի գումարներ վճարելով վարորդներին: Պարզվել է, որ «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին կատարած յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Եթե, ասենք, 1 վարորդը օրվա ընթացքում իրականացնում էր 10 ուղեւորափոխադրման պատվեր, ապա, անկախ այն բանից, թե որքան գումար է նա գանձել ուղեւորներից, ընկերության գրասենյակից ստանում էր հավելյալ 4 հազար դրամ: Նշենք, որ հանձնաժողովի նիստում ներկա է գտնվել նաեւ ընկերության տնօրենը, ընկերության այլ ներկայացուցիչներ, որոնք համաձայնել են ՏՄՊՊՀ որոշման հետ, ընդունել առկա խնդիրներն ու պատրաստակամություն են հայտնել սեղմ ժամկետներում շտկել խնդիրը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վարույթի ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն «Յանդեքսի», այլ նաեւ էլեկտրոնային հարթակներով աշխատող մյուս տաքսի ծառայությունների վարքագիծը՝ «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքս օլայն», «Վիվա Գոլդ» ընկերությունների:
Ըստ հանձնաժողովի՝ նշվածների գործունեությունը եւս ենթակա է լիցենզավորման: Խնդիրն այն է, որ մյուս բոլոր տաքսի ծառայությունները վճարում են լիցենզավորման պարտադիր տուրք, որը կազմում է տարեկան 200 հազար դրամ, արտոնագրային վճար, ինչպես նաեւ վարորդների համար եկամտային հարկ: Տեղեկացնենք նաեւ, որ լիցենզավորման կարգի հետ կապված ՏՄՊՊՀ-ը պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻ ՉԿԱՏԱՐԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ
Սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքում /այն ներառում է քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը/ կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: 7 թեկնածուներից, որոնցից 4-ը ՀՀԿ անդամ էին, համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական գործարար Կարեն Աբազյանը: Համայնքների խոշորացման գործընթացի ընթացքում սահմանամերձ Ոսկեպար գյուղում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ Իջեւանում, Տավուշի մարզխորհրդի նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմում ընդգրկվող գյուղապետերին հավաստիացրել էր, որ վերջիններս չանհանգստանան իրենց աշխատանքի համար, քանի որ խոշորացումից հետո նրանք իրենց համայնքներում պաշտոնավարելու են որպես Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչներ: Նորընտիր համայնքապետ Կ. Աբազյանը սահմանամերձ Բաղանիսի, Ոսկեվանի, Դովեղի, Կոթիի նախկին գյուղապետերին նշանակել է այդ գյուղերում իր լիազոր ներկայացուցիչներ: Իսկ ահա Բարեկամավանում, Ոսկեպարում, Բերդավանում եւ Ջուջեւանում լիազոր ներկայացուցիչներ է նշանակել այլ անձանց, ոչ թե նախկին գյուղապետերին: Բարեկամավանի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը եւ Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածուներ էին: Ընտրություններից հետո Գարիկ Աբազյանը դժգոհ լինելով՝ հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը: Բերդավանի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Արարատ Գաբրիելյանը եւ Ջուջեւանի նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Ժորա Չիլինգարյանը սեպտեմբերի 18-ի ընտրություններում աջակցել են Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից որպես Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վանուշ Ամիրաղյանին: Ըստ օրենքի՝ համայնքի ղեկավարը տվյալ բնակավայրում հասարակական լսումներ է անցկացնում, ներկայացնում լիազոր ներկայացուցչի իր նախընտրած թեկնածուին, ինչից հետո խոշորացված համայնքի ավագանին հաստատում է համայնքի ղեկավարի նշանակումները: Մի քանի օր առաջ Ոսկեպարի նախկին գյուղապետ Երվանդ Եգանյանը Երեւանում հանդիպում է ունեցել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ եւ հիշեցրել նրա խոստման մասին: Նախարար Լոքյանը հոկտեմբերի 4-ին կմեկնի Տավուշի մարզ եւ ընտրություններից հետո գործազուրկ դարձած նշված 3 նախկին գյուղապետերի, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ կքննարկի ստեղծված իրավիճակը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս