Իրազեկումը՝ կանխարգելման միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գրանցված դեպքերի թիվը տարեցտարի ավելանում է: 1988թ.-ից պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը հասել է 2481-ի: Սակայն, հաշվարկային թիվն իրականում ավելին է՝ 3600։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ խուսափում են այցելել բուժհաստատություն ստուգվելու նպատակով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին» ծրագիրը, որը համակարգում է «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (ՄՕԿ ՀՄ)՝ գործընկեր 4 հասարակական կազմակերպությունների ենթածրագրերի միջոցով։ 2016թ.-ին իրազեկման գործընթացին է միացել նաև Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ որպես մասնավոր հատված դրսևորելով սոցիալական պատասխանատվության օրինակելի մոտեցում։ Ընկերության կողմից հատկացված ֆինանսական աջակցությունն ուղղվելու է ծրագրի նպատակների իրականացմանը:

Իրականացվող ծրագրի գործառույթներն են՝ թիրախային խմբերի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկության բարձրացումը, կանխարգելման միջոցների տրամադրումը, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց վաղ հայտնաբերման նպատակով՝ ՄԻԱՎ-ի կամավոր խորհրդատվությունը և հետազոտությունը (ԿԽՀ), ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրումը: Ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներն ու ծառայություններն անվճար են ՀՀ քաղաքացիների համար, իսկ տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորված է օրենքով:

«ՄԻԱՎ վարակի դեպքում «իմը և քոնը» չկա: Խնդիրը բոլորինս է հավասարապես՝ թե՛ թիրախային խմբերինը, և թե՛ ընդհանուր բնակչությանը: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնումը մեծ թիվ է կազմում, որն էլ փոխել է երկրում համաճարակի տարածման պատկերը: ՄԻԱՎ-ի հետազոտություն անցնելու կարիք ունեն բոլոր այն մարդիկ, ովքեր երբևէ դրսևորել են ռիսկային վարքագիծ: Հորդորում ենք պատասխանատու մոտեցում դրսևորել սեփական, ինչպես նաև մերձավորների ու առհասարակ՝ այլոց առողջության նկատմամբ: Եվ իբրև առաջին քայլ հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ: Անչափ կարևոր է նաև հանդուրժողական վերաբերմունքը վարակակիրների հանդեպ: Ռիսկային խմբերում ընդգրկված մարդկանց հետազոտվելու պատրաստակամությունն էապես կախված է դրանից: Չարությունը, խնդրի մասին չբարձրաձայնելն ու անհանդուրժողականությունը չեն նպաստելու նրան, որ մարդիկ գիտակցեն կանխարգելման անհրաժեշտությունը ու ստուգվելու կարևորությունը»,- ասել է «Առաքելություն Արևելք» ՄՕԿ ՀՄ-ի տնօրեն Արմեն Բեժանյանը:

ՄԻԱՎ-ի ախտորոշում անցնելու համար հարկավոր է դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն կամ ՄԻԱՎ-ի կամավոր խորհրդատվությունը և հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատություն (կանանց կոնսուլտացիաներ, որոշ պոլիկլինիկաներ և այլն):

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս