Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ.

«Հարգելի գործընկերներ,

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, և այսօր լավագույն առիթն է կարևորելու սոցիալական աշխատողի առաքելությունն ու դերակատարությունը մեր հասարակության կյանքում:

Սոցիալական պաշտպանության ոլորտում մեր երկիրն այսօր թևակոխել է ակտիվ բարեփոխումների փուլ, և այդ բարեփոխումների գլխավոր առաջնահերթությունը խոցելի խմբերի իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն է, որը պետք է իրականացնենք Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական և միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ռեսուրսների համատեղման արդյունքում:

Ներկայումս սոցիալական պաշտպանության ոլորտի առանցքային ուղղություններից մեկն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ու շարունակական կայացումն է, ինչը հնարավորություն կտա համալիր կերպով գնահատել մեր հասարակության յուրաքանչյուր անդամի կարիքները, խոցելիությունը և գտնել նպատակային օժանդակության արդյունավետ եղանակները:

Հայաստանի կառավարության որդեգրած այս հավակնոտ հանձնառության հաջողության գրավականը մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն է: Ուստի կարևորելով սոցիալական աշխատողի առանցքային դերը և օգտվելով այս տոնական օրվա ընձեռած առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին, այն մարդկանց, ովքեր իրենց հմտություններով և գիտելիքներով կայուն հենասյուն են կարիքի մեջ գտնվող մարդու համար:

Սիրելի սոցիալական աշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, և ցանկանում, որպեսզի լավատեսությունն ու հույսը լինեն Ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքի մշտական ուղեկիցները»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս