Պետությունը սեփական պարտավորությունները չկարողանալով կատարել՝ փորձում է հերթական բեռը դնել քաղաքացո՞ւ ուսերին. ինչպես է հանրությունը կարողանալու վերահսկել՝ ուր են գնում իր տված գումարները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը երեկ Սերժ Սարգսյանին է զեկուցել զոհված եւ հաշմանդամ զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկի մասին, որով 2017թ. հունվարի 28-ից հետո ծագող դեպքերի համար կնախատեսվեն զգալիորեն ավելացված վճարներ: Մասնավորապես զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացածները՝ 5 միլիոն դրամ:

Զոհվելու կամ 1-ին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական վճարները կկազմեն 300 հազար դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ՝ ենթասպաների եւ 200 հազար դրամ՝ շարքայինների համար: 2-րդ կարգի հաշմանդամների դեպքում՝ 250, 200 եւ 150 հազար դրամ: Այդ գումարը կվճարվի 20 տարի: Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել ոչ թե պետբյուջեի, այլ հատուկ այդ նպատակով ստեղծվելիք հիմնադրամի միջոցներով, որին յուրաքանչյուր աշխատող ՀՀ քաղաքացի պետք է վճարի 1000 դրամ: Ահա այսպես, բավականին պարզ մեթոդով, որը, ըստ նախարարի, ազգ-բանակ գաղափարախոսության շրջանակներում է, փորձ է արվելու հոգալ մեր զոհված եւ հաշմանդամ զինծառայողների եւ նրանց ընտանիքների հետ կապված սոցիալական խնդիրները:

Արդեն երեկ այս ծրագրի հետ կապված հնչում էին դժգոհություններ, թե պետությունը սեփական պարտավորությունները չկարողանալով կատարել՝ փորձում է հերթական բեռը դնել քաղաքացու ուսերին: Մինչդեռ այդ միջոցները կարելի էր ստանալ ստվերը հարկային դաշտ բերելով, օլիգարխներին կուլակաթափ անելով եւ այլն: Բացի այդ՝ շատերը կասկած էին հայտնում, որ այս հիմնադրամի միջոցները կծախսվեն ոչ ըստ նպատակի:

Անշուշտ, հատկապես այս առումով դժգոհությունը կարելի է արդարացված համարել՝ աչքի առաջ ունենալով այն, թե ինչպես են նույն նախագահականից ամեն տարի տասնյակ միլիոնների դրամաշնորհներ տրվում անհասկանալի գործունեություն իրականացնող հիմնադրամներին, եւ կամ ինչպես են տնօրինվում, օրինակ, ՊՆ-ի «Մարտիկ» հիմնադրամի միջոցները: Էլ չասած այնպիսի աղաղակող դեպքերի մասին, երբ անգամ ապրիլյան օրերին հավաքագրվող միջոցները ոմանք որպես ընտրակաշառք էին բաժանում. այնպես, ինչպես եղավ Հրազդանում: Եվ այս առումով հարկ է, որ ծրագրի հեղինակները անվիճարկելի երաշխիքներ ներկայանեն, թե ինչպես է հանրությունը կարողանալու վերահսկել՝ ուր են գնում իր տված գումարները: Եթե այդպիսի երաշխքներ լինեն, եւ դրանք իսկապես գործեն, այս ծրագիրը հարկ է ոչ թե քննադատել, այլ ողջունել:

Ի վերջո, ամեն առիթով Իսրայելի օրինակը բերողները հարկ է, որ հիշեն, թե ինչպես են տարիներ շարունակ աշխարհի բոլոր հրեաները իրենց վաստակի մի մաս հատկացրել հայրենիք ունենալու երազանքի իրագործմանը: Իսկ մենք էլ պետք է մեր աջակցությունը հայտնենք մեր զինվորներին ոչ թե միայն ճգնաժամային պահերին, այնպես, ինչպես եղավ ապրիլին, այլ շարունակաբար: Ի վերջո, սա նվազագույնն է, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել:




Լրահոս