ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ նոյեմբերի 10-ին ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի գլխավորությամբ գումարվել է «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստ հոկտեմբերի 27-ին Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով իրականացրած քանդման աշխատանքների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, ներկայացվել է հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը:
«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը կասեցնելու վերաբերյալ ԱԻ նախարարության վերոնշյալ հանձնաժողովի որոշման տեքստում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 6-ի թիվ 291-Ն որոշման պահանջները, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել անձանց կյանքին, առողջությանը, ինչպես նաև՝ այլոց իրավունքներին և ազատություններին, ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովը որոշում է.
Կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով»: