ԻՍԿ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՀՀ ԱԳՆ-Ն, Ի ՎԵՐՋՈ, ՆԵՐՔԱՇՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվել է, թե որն է պատճառը, որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կրավորական եւ իներտ պահվածք դրսեւորել՝ հրապարակավ եւ արագ չարձագանքելով թշնամու կողմից դիվերսիոն ներթափանցման եւ սահմանային խախտումների նոր դեպքերին, որոնք հակասում են միջնորդների եւ կողմերի միջեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին:

-Պարո՛ն Նազարյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չէր կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Սակայն մենք տարօրինակ կերպով չլսեցինք ո՛չ հենց այդ օրը տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ, որ առավել տարակուսելի էր, ՀՀ ԱԳՆ-ի կոշտ, դատապարտող հայտարարությունը: Ինչո՞ւ:
-Արտաքին գործերի նախարարությունը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս համապատասխան հայտարարություններով այն հարցերի շուրջ, որոնք առաջացնում են խնդիրներ բանակցային գործընթացն առաջ մղելու հետ կապված կամ ուղղակի առավել վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը: Արտգործնախարարության ռեակցիան կամ վերաբերմունքը երբեք երկար սպասել չի տվել:
-Բայց մենք հիմա ունենք կոնկրետ իրավիճակ, եւ այստեղ ԱԳՆ-ի վերաբերմունքը ուշանում է: Ըստ Ձեզ՝ ապրիլյան պատերազմից հետո նոր դիվերսիոն փորձը տարածաշրջանային անվտանգությունը չի վտանգո՞ւմ, ինչո՞ւ է ԱԳՆ-ն լռում:
-Ինչ վերաբերում է, առհասարակ, հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ապա այդ մասին մի քանի անգամ արտաքին գործերի նախարարը եւ նախարարությունը հանդես են եկել համապատասխան հայտարություններով: Մեր նպատակն է, որ այսօր բանակցային գործընթացը առաջ մղենք, եւ այդպիսով ճանապարհ հարթվի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների համար:
-Մինչ հայկական կողմը խոսում է Վիեննայի պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին, այդ ընթացքում ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ թուրքական դիվանագետները հայտարարում են կարգավորման բոլորովին այլ պայմանավորվածությունների մասին: Օրինակ՝ հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ-ի ամբիոնից Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլին հայտարարեց. «Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, եւ մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»: Ասվածի հետ կապված՝ մենք մինչ օրս այդպես էլ չենք լսել ռուսական կողմի հերքումը, ստացվում է՝ Չավուշօղլուն ճիշտ էր ասում՝ պնդելով, թե Ռուսաստանը կիսում է 5 շրջանները հանձնելու ուղղությամբ իրենց ջանքերը:
-Արտաքին գործերի նախարարությունը չի ներքաշվում անհեթեթ հայտարարությունների մեջ ընդհանրապես:
-ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, Ըստ Ձեզ, անհեթեթությո՞ւն է: Ներողություն, բայց դա Դուք եք ասում, մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ ոչինչ ասաց, իսկ լռությունը, ինչպես գիտենք, համաձայնության նշան է: Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի դիմում ՌԴ ԱԳՆ-ին՝ այդ հայտարարության շուրջ մեկնաբանություն ստանալու համար:
-Տեսեք, որ դեպքում է միայն արտաքին գործերի նախարարությունը հանդես գալիս համապատասխան հայտարարություններով եւ գնահատականներով: Չէի ցանկանա մեկնաբանել անհեթեթ հայտարարությունները, որոնք հնչել են որեւէ կողմից:
-Մի՛ մեկնաբանեք, դիմեք Ռուսաստանի ԱԳՆ-ին, հարցում արեք՝ պարզելու՝ արդյո՞ք ԵԱՀԿ համանախագահ, ՀՀ դաշնակից երկիրն իրոք ներքաշված է ազատագրված շրջանները հանձնելու՝ թուրքաադրբեջանական ջանքերում:
-Ռուսաստանը անգամներ հերքել է:
-Կոնկրետ այս վերջին հայտարարությանը նրանք չեն արձագանքել:
-Այս կամ այլ հայտարարությունները, որոնք հնչել են եւ ոչ միայն թուրքիայի կողմից, որպես համանախագահ երկիր՝ Ռուսաստանն իր ասելիքն արդեն ասել է այդ առումով, ինչպես նաեւ մյուս երկու համանախագահները:
-Հիմա կոնկրետ բանակցությունների սեղանին ի՞նչ փաստաթուղթ է:
-Բանակցությունների սեղանին նույն փաստաթուղթն է, որի մասին բազմաթիվ անգամ խոսվել է. խոսքը գնում է համապարփակ կարգավորման փաթեթի մասին, որը ներկայացվել էր ժամանակին, եւ որի շուրջ արվել են հայտարարությունները, այդ թվում՝ 2009 թվականից համանախագահների մակարդակով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ ԴՐԱՅՎՈՏ ԷՐ

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստը նախորդներից տարբերվեց Կարեն Կարապետյանի կողմից հնչեցված առարկայական հանձնարարականներով եւ դրանց կատարման համար սահմանված սեղմ ժամկետներով: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով՝ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներից ելնելով:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սերժ Սարգսյանն էր իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարել ՀՀ ոստիկանության պետին եւ առաջարկել Երեւանի քաղաքապետին «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական եւ համայնքային կառույցներին: Կարապետյանը Սարգսյանի հանձնարարականի կատարման համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց, ըստ անհրաժեշտության, ներգրավելով նաեւ ՀՀ ֆինանսների եւ ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ այդ հարցի շուրջ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին տրվեց 20 օր` քննարկելու եւ ներկայացնելու առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:
Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ եւս հնչեցին հանձնարարականներ: «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- սահմանեց վարչապետը:
Կարապետյանն անդրադարձավ նաեւ հասարակությանն ամենաշատ հուզող հարցին՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնին՝ նշելով, որ 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Այսինքն, ըստ էության, գազի սակագնի իջեցման սկզբունքը լինելու է հասարակության տարբեր խավերի աստիճականացումը: Այդպես էլ անհասկանալի է մնում, եթե հնարավոր էր գազի եւ էլեկտարէներգիայի սակագնի նվազում, ինչու դա չէր արվում մինչ օրս:
Դեռեւս սեպտեմբերի 29-ին Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարել էր կրճատել ՊՈԱԿ-ների թիվը, փակել ԾԻԳ-երը: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի` գործադիրը երեկ կայացրեց որոշում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ», ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ», ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի եւ երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ ամենի արդյունքում, ընդհանուր առմամբ, կտնտեսվի 193 մլն դրամ գումար:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԻՐ ՈՐՈՇԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ Է
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե. «Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ու պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որ ես քաղաքականություն մտնեմ, հնարավոր է՝ ծալած գիրքը բացվի», ասաց՝ իր որոշելու խնդիրն է: Մեր այն հարցին, թե արդյոք այս ընթացքում նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանին, վերջինս ասաց. «Իր հետ չեմ զրուցել, տեղյակ չեմ՝ ինչ է մտածում, ինչ որոշում կկայացնի, երբ որ որոշում կայացնի, տեսնենք, ոնց կլինի»: Կուսակիցների շատերի պնդմամբ՝ ԲՀԿ-ի «փողերն առած ու թռած» Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հստակ որոշել է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է. «Իսկ թե ինչ ֆորմատով, դեռ չեմ որոշել, ժամանակ ունեմ, էդ արդեն հունվարի վերջին կորոշեմ, կիմանաք»:

 

 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից փորձեց հետաքրքրվել, թե արդյոք այս ընթացքում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գոհ է եղել իր աշխատանքից: Դաշնակցական մարզպետն ասաց, որ նման գնահատական վարչապետը դեռ չի տվել, փոխարենը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում են իր աշխատանքը գնահատել: Նշենք, որ այդ նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն է: Այսինքն՝ կուսակիցներով միմյանց բարձր են գնահատում: Վերջում տեղեկացնենք, որ այս օրերին վարչապետի հանձնարարականների մասով աշխատանք է տարվում մարզպետարանում: «Կոնկրետ հանձնարարականների կատարման ավարտը ֆիքսված է նոյեմբերի 20-ը, պիտի հասցնեն»,- ասաց Գյոզալյանը:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Անցած տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ կողմից վնասազերծված «զինված հանցախմբի» անդամ համարվող Գեւորգ Ջնդոյանը ծանոթացել է գործի նյութերին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գ. Ջնդոյանի մայրը՝ Ժանետա Ջնդոյանը, հայտնեց, որ որդին չի ընդունում մեղադրանքը, համաձայն չէ նախաքննությամբ ձեռք բերված փաստերին: «Որդուս հետ ձերբակալվել էր նաեւ Հայր Անտոնը, սակայն, չգիտենք՝ ոնց, նա երկու ամիս հետո ազատ արձակվեց, իսկ որդիս մնաց կալանքի տակ: Հայր Անտոնին ասում եմ՝ Դուք եք որդուս ամեն տեղ տարել, 14 տարի Ձեր ձեռքի տակ է գործել, նրան սարկավագ եք դարձրել, էդ ինչպես եղավ, որ նա մնաց փակի տակ, իսկ Դուք, որ նրա ամեն քայլից տեղյակ էիք, ազատ արձակվեցինք, ինձ ասում է՝ շուտով նա էլ կազատվի»: Հիշեցնենք, որ 26-ամյա Գեւորգ Ջնդոյանը սերտ կապերի մեջ է եղել Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների հետ, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ, ով եւս, ինչպես հայտնի է, մեղադրվում է խմբի անդամ լինելու մեջ: Վերջինս, սակայն, գրավով ազատ է արձակվել:




Լրահոս