ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՓՐԿԻՉՆԵՐԸ» ԷԼԻ ՇԱՏԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակում են քաղաքական թատերաբեմում հայտնվել «երկրի ապագայով մտահոգ» մի շարք կուսակցություններ եւ շարժումներ: Նրանցից յուրաքանչյուրը իրեն հռչակում է երկրի փրկիչ եւ նախանշում փրկության ուղին: Այս ամենը, իհարկե, սպասելի էր, բայց անտրամաբանականը այդ ուժերի գաղափարախոսությունների նույնաբովանդակ տեքստերն են, որոնց տարբերությունը միմիայն կոսմետիկ բնույթ է կրում:

Այն, որ հին ու նոր ուժերը մշտապես ելույթներում ընդգծում են, որ իրենց ստեղծման նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը եւ իրականացնել ներքին լուրջ փոփոխություններ, բնական է, որովհետեւ դրանք ականջահաճո են:
Հիմա փորձենք եւս մեկ անգամ մեր փրկիչների գաղափարախոսությունները իմի բերել:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո լքեց կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները, հիմնեց նոր կազմակերպություն` «Քաղաքացիական շտաբ» անունով, այնուհետեւ հայտարարվեց, որ այդ կազմակերպության նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Նրանք էլ բոլորի նման հայտարարում էին, որ ստեղծվել են, որպեսզի ՀՀ զարգացման գործում մասնակցություն ունենան, բնակչության համար արժանավայել կենսակերպ ապահովեն, նպաստեն պետության զարգացմանն ու ապահովմանը: Կուսակցության նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանը ՏԻՄ ընտրություններից հետո, սակայն, զգաց, որ իրենց կուսակցության գաղափարախոսության «կրողները» շատ քիչ են, որի համար էլ, ըստ երեւույթին, որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից: Պատահական չէ, որ այդ հեռացումը համընկավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերի շրջանառվելու ժամանակահատվածի հետ:
Նույն ժամանակահատվածում ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի կուսակցություն, որն ակնկալում է, ժողովրդի վստահությունը ստանալով, ստանձնել ՀՀ իշխանությունը: «Մենք ժողովրդին չենք առաջնորդելու դեպի հիասթափություն: ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն»,- նշեց Փաշինյանը: Կուսակցությունը հայտարարեց «մեկ կուսակցություն» դառնալու մասին: Սակայն ՏԻՄ ընտրություններից հետո, չնայած մեկ համայնքում հաղթանակ տանելուն, կուսակցությունը որոշեց նոր վարչություն ընտրել, որից հետո էլ հայտարարեց, որ պատրաստ է դաշինքի ձեւավորման մասին բանակցություններ վարել այլ ուժերի հետ:
2016 թվականի ապրիլի 27-ին 14 հոգուց բաղկացած նախաձեռնող մի խումբ, որում ընդգրկված էին նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, որոշեց համախմբել բոլորին եւ հայտարարեց «Համախմբում» կոչվող նոր կուսակցության ստեղծման գործընթաց սկսելու մասին: «Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման եւ ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ»,- հայտարարեց կուսակցությունը, որը ՔՊ-ի նման իրեն եւս համարեց «ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ»:
Այս թատերաբեմում իր դիրքորոշմամբ առանձնացավ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն է: Նրանք քաղաքական դաշտ են մտնում որպես ռեֆորմիստներ` քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ իրականացնել փորձելու խոստումով, բայց…: Ռեֆորմիստների դեպքում կա մի բայց. իրենց համարում են պետականամետ ուժ եւ սատարելու են իշխանության իրականացրած ծրագրերին: Ըստ կուսակցության հիմնադիր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի՝ պատրաստվելու են աջակցել Սերժ Սարգսյանի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին: Ամենաուշագրավը այս կուսակցության կարգախոսն է` «Քեզ համար, Հայաստա՛ն»: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին նույն կարգախոսն էր ընտրել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը:
Այս տարի զարմանալիորեն ակտիվացել է նաեւ սփյուռքահայությունը. մեկը՝ «Գլոբալ հայեր», մյուսը` «Արդարություն Հայաստանում» խորագրով: Առաջինը նորից համախմբման կոչ է անում, իսկ մյուսն էլ կրկին փորձում է արդարություն հաստատել Հայաստանում: Եթե նրանք սփյուռքից են իրենց ձայնը լսելի դարձնում, ապա սփյուռաքահայության մասին մտածելով էլ «Միասնական Արմենիա» շարժումն է այստեղ գործունեություն ծավալում: Արթուր Ալեքսանյանը, ով առավել հայտնի է Ամարասի Արթուր անունով, այս շարժման միջոցով նպատակ ունի ԱԺ-ում ստեղծել երկրորդ պալատ, որտեղ կընդգրկվեն սփյուռքահայերից պատգամավորներ, որպեսզի իրավունք ունենան Հայաստանի տնտեսական, քաղաքական, ռազմավարական կյանքում իրենց խոսքն ասել:
Բավականին վերջերս Երեւանի ավագանու նախկին անդամ Արման Վարդանյանի նախաձեռնությամբ էլ ստեղծվեց «Միասնություն» համաժողովրդական շարժումը: Նրանք էլ են իրենց առջեւ նպատակ դրել ներքաղաքական կյանքում փոփոխություններ կատարել եւ երկիրը տանել զարգացման նոր փուլով:
Դե, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի համատեղ քաղաքական հավակնությունների մասին պաշտոնապես չի հայտարարվել:
Այսպիսով՝ եթե ամփոփելու լինենք, պետք է փաստել, որ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին մտահոգ ուժերի պակաս չկա մեր երկրում, բայց կա միասնականության դեֆիցիտ: Եւ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո «ինքնաբուխ» ստեղծված ուժերի ղեկավարները կա՛մ «խոշորների» հետ միավորվելով մանդատ են ստանում, կա՛մ հօդս են ցնդում` օդում կախված թողնելով իրենց նպատակները, որոնց իրագործման համար գալիս են հաջորդները:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի տնօրեն Գեւորգ Ալթունյանը պատրաստվում է լքել իր պաշտոնը, իսկ նրան փոխարինողի անունն էլ արդեն հայտնի է` «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Արտակ Ալեքսանյան: Հարցի առնչությամբ մեկնաբանություններ ատանալու համար զրուցեցինք հենց Գեւորգ Ալթունյանի հետ: Վերջինս, ի պատասխան, նշեց. «Իրականում մի քանի առաջարկ կա, բայց դեռ որոշում չկա»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե որտեղից են այդ առաջարկները, Ալթունյանը պատասխանեց. «Մասնավոր հատվածից էլ կա, պետական կառավարման հատվածից էլ»: Ալթունյանի խոսքով` որեւէ մեկը իր առաջ խնդիր չի դրել, որ պետք է ինչ-որ տեղ գնալ կամ չգնալ: Սակայն, ըստ էության, Ալթունյանը ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունները իր հեռանալու մասին: Չի բացավում Գ. Ալթունյանը աշխատանքի անցնի ՊՆ-ում:

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը Հայաստանի կառավարությանը ուղարկել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ ծրագիրը: Տեղեկացնենք, որ վերջինս մինչ այդ մի քանի անգամ նամակ է գրել կառավարությանը ու նշել, որ պատրաստ է վերագործարկել քիմիական հսկան ու ացետիլային եղանակով կաուչուկ արտադրել: Սակայն մինչեւ օրս հստակ պատասխան չի ստացել: Նշենք, որ գործարարը գործարանը վերագործարկելու ծրագիրը նաեւ ուղարկել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Բացի այս՝ Գրիգորյանը այն ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին եւ «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանին է փոխանցել:

 

 

ԹՈՇԱԿԱՌՈՒ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտարարել էր հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Սակայն որոշ ուսումնական հաստատություններում դեռ շարունակում են անտեսել վարչապետի հայտարարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի պետական քոլեջի 70-ամյա փոխտնօրեն Աշոտ Մարտիրոսյանի դուստրը նույն քոլեջի տնօրեն Խաչիկ Կարապետյանի եղբոր հարսն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնօրեն Կարապետյանի հետ. «Դա էական նշանակություն չունի: Պարոն Մարտիրոսյանը առույգ ու կայտառ մարդ է: Նա նախկինում այս քոլեջի տնօրենն է եղել: Հիմա փոխտնօրեն է ու իր գործը լավ է անում»:
Զրույցի ավարտին նա տեղեկացրեց, որ մի երիտասարդ կա, ում մտադիր է նշանակել փոխտնօրենի պաշտոնում: «Ուղղակի նա չի տիրապետում կրթական նոր ծրագրին: Մինչեւ երիտասարդը չընտելանա, փոփոխություն չեմ անելու, քավոր-խնամիական հարաբերությունները կապ չունեն»,-արդարացավ քոլեջի տնօրենը:

 

 
ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանը, երեկ կառավարության նիստում անդրադառնալով 18 տարին չլրացած անձանց ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելու խնդրին, ընդգծել է. «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ տարբեր սրճարաններին, ակումբներին եւ զվարճանքի այլ վայրերին: Կարեւորագույն խնդիր է: Ես, ճիշտն ասած, չգիտեմ, մենք գիշերային ակումբներում ունե՞նք տարիքային սահմանափակում, թե՞ չէ: Եթե ոչ, պետք է մտցնել»:

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե հայտնվի արժանի թեկնածու. «Թեկնածուի անունը տվեք, հենց հիմա հրաժարական տամ… Ձեր գլխի մեջ չիպավորված ա, որ ես չպտի լինեմ, լավ բաներ չեք տեսնում: Բայց էդ մարդը պիտի լինի՞, որ հանձնեմ, գնամ: Բայց ո՞ւր են էդ թարմ մարդիկ: Հո ասելով չի՞, ինքնանպատակ չի: Թե դուք գիտեք՝ սպորտի նախարարը անկապ խոսում ա, թե ֆուտբոլը սենց ա, նենց ա: Դուք կարող եք ինձ չսիրել, բայց ֆուտբոլը գոնե պետք է սիրեք: Ես ազնվորեն ասում եմ՝ չեմ ուզում, հոգնել եմ, բայց ուր են»: Անդրադառնալով սպորտի նախարարի քննդատությանը՝ կապված ֆուտբոլի հետ, Հայրապետյանը հայտարարել է. «Ես ընդհանրապես նրան խորհուրդ կտամ ատամնաբուժությամբ զբաղվի, դա իրա մոտ ավելի լավ կստացվի երեւի: Սպորտի նախարարությունն իրավունք չունի ֆուտբոլով զբաղվի: Կանոնադրության մեջ հստակ գրված է, ու եթե ինքը նման փորձ անի, խիստ պատժամիջոցների կենթարկվի»:
 

ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Արձագանքելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե սպորտի նախարարն ավելի լավ կանի՝ զբաղվի ատամնաբույժի գործունեությամբ, Հրաչյա Ռոստոմյանն armlur.am-ին ասել է. «Այսինքն՝ ատամնաբույժ լինելը վիրավորա՞նք է: Ես իմ առաջին մասնագիտությամբ ստամատոլոգ եմ, բոլորը գիտեն, դասավանդել եմ պետական բժշկական համալսարանում եւ նաեւ երկու տարի աշխատել եմ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, որպես ստամատոլոգ: Ես շատ հպարտանում եմ իմ մասնագիտությամբ: Յուրաքանչյուր մարդ այս երկրում, եթե չեմ սխալվում, անգամ Սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտվել այն ամենը, ինչ ուզում է: Ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է մեր հարգարժան ֆուտբոլի ֆեդերացիային եւ հատկապես պարոն Հայրապետյանին, նա ազատ է իր գործունեության մեջ: Ֆուտբոլը ոչ միայն մարզաձեւ է, այլեւ այն կարող է բոլոր հայ ժողովրդին միացնել, կարող է տարանջատել, իսկ հաղթանակների դեպքում բոլորս համախմբվում ենք»:




Լրահոս