10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԻՐԱԿԱՆ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը այս տարվա նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: Այս տեղեկությունը մեծ ոգեւորություն է առաջացրել հատկապես դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների մոտ, որոնք կկարողանան հաճախակի տուն վերադառնալ:

Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ քաղավիացիան բանակցություններ է վարում նոր բյուջետային ավիափոխադրողներ հայաստանյան շուկա ներգրավելու համար: «Արդեն կա մեկ ավիաընկերություն, որը պատրաստ է մատչելի գներով սպասարկել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, իսկ փաստաթղթերի փաթեթն ամբողջականացման փուլում է: Այլ ուղղությունների մասին դեռ խոսք չկա, ընկերությունը դեռ պետք է ուսումնասիրի շուկան: Մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ փոքր-ինչ սպասել, մինչեւ ավիաընկերությունը կհրապարակի իր սակագները եւ վաճառքի կհանի տոմսերը: Եւ այդ ժամանակ տոմսը պատվիրելիս ավիաընկերության կողմից բոլոր նախապայմանները մանրամասն կներկայացվեն»,- նշեց Ա. Չոբանյանը:
Պաշտոնյայի խոսքերով՝ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում կարող են ըմպելիքները, սնունդը վճարովի լինել, առանձին գին սահմանվի ուղեբեռի համար եւ այլն: Վերջինս վստահեցրեց նաեւ, որ ավիատոմսերի ցածր սակագները բոլորովին կապ չունեն անվտանգության խնդիրների հետ: Նրա խոսքերով՝ չի կարող լինել այնպես, որ անվտանգության խնդիրների դեպքում ընկերությունը հավաստագիր ստանա իր երկրի կողմից եւ ծառայություններ մատուցի:
Նշենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը պատկանում է «Աէրոֆլոտ» խմբին, ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» բյուջետային փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել էր թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո (պատճառը դեպի Ղրիմ ուղիղ թռիչքների իրականացումն էր): «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: «Պոբեդա»-ն «Աէրոֆլոտ»-ի լոու-քոստերն է՝ էժան թռիչքներ իրականացող կամ բյուջետային ավիաընկերությունը: Տեղեկացնենք, որ լոու-քոստերները սովորական ավիաընկերություններից տարբերվում են տոմսերի ցածր գներով, սակայն զգալի սահմանափակումներով եւ ցածրորակ սպասարկմամբ: «Պոբեդան» շատ էժան գներով թռիչքներ է իրականացնում, օրինակ՝ Մոսկվայից դեպի Սոչի՝ մոտ 11 հազար դրամով: Լոու-քոստերներով երթեւեկելիս ուղեբեռի համար լրացուցիչ գումար է գանձվում: Իսկ, ահա, «Պոբեդա»-ի դեպքում մինչեւ 10 կգ ուղեբեռի տեղափոխումն անվճար է: Սակայն «Պոբեդան» մոտ 7000 դրամի չափով գումար է գանձում ինքնաթիռի սրահ տարվող բեռի համար: Այլ լոու-քոստերները փոքր պայուսակների համար գումար չեն գանձում:
Սովորաբար, լոու-քոստերները փորձում են հնարավորինս քիչ ժամանակ կանգնել, վայրէջք են կատարում, վերցնում նոր ուղեւորներին եւ անմիջապես օդ բարձրանում: Բացի այս, լոու-քոստերներն ինքնաթիռում նստատեղ ընտրելու համար գումար են գանձում: Օրինակ՝ եթե ճանապարհորդեք ձեր ընտանիքի անդամի հետ, ապա իրար կողք նստելու համար պետք է վճարեք: Իսկ «Պոբեդա»-ի դեպքում դրա նվազագույն վճարը կազմում է մոտ 1000 դրամ: Ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ «Պոբեդան» սնունդ չի առաջարկում ուղեւորության ժամանակ՝ ո՛չ անվճար, ո՛չ վճարովի, քանի որ սրահը մաքրելը ժամանակ է խլում եւ ծախսատար է: «Պոբեդան» եւս մեկ անհարմարություն ունի. անմաքս խանութներից (duty-free) գնված ապրանքն ինքնաթիռի սրահ մտցնելու համար պետք է վճարել:
Բացի այս, բյուջետային ավիաչվերթները կատարվում են այնպիսի օդանավակայաններից, որոնք հեռու են քաղաքներից կամ զբոսաշրջային գոտիներից: Հայաստանի դեպքում «Պոբեդա»-ն ընտրել է «Շիրակ» օդանավակայանը, որն ազատված է «օդի հարկից» (շուրջ 20 դոլար), ինչն առկա է «Զվարթնոց» օդանավակայանում:
«Պոբեդա» ավիաընկերությունից մեզ տեղեկացրին, որ ներկա պահին Մոսկվայից Երեւան ուղիղ չվերթներ չեն իրականացվում, ամենամոտ ուղղությունը Թբիլիսին է: Իսկ ինչ վերաբերում է այն հաղորդագրություններին, որ «Պոբեդա»-ն ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի «Շիրակ» օդանավակայան, ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ նման տեղեկություններ կան, սակայն ժամանակացույցը դեռեւս պատրաստ չէ, այն գտնվում է մշակման փուլում: Ավիաընկերության ներկայացուցիչը հավելեց, որ ավիաընկերությունը կարող է առաջարկել 3 սակագին՝ ստանդարտ, պլյուս եւ պրեմիում: Ստանդարտ սակագինը ենթադրում է, որ մեկ ուղեւորի համար թռիչքի գինը ներառում է մինչեւ 10 կիլոգրամ ուղեբեռ՝ առնվազն 150 սմ, որպես ձեռքի ուղեբեռ անվճար թույլատրվում է կանացի պայուսակ՝ առնվազն 75 սմ, տղամարդկանց դեպքում՝ գործնական տեսքի պայուսակ՝ նախատեսված ուսերին գցելու համար, առնվազն 75 սմ, ինչպես նաեւ անձրեւանոց, ծաղկեփունջ: Պլյուս սակագնի մեջ, բացի անվճար նորմայից, պահպանվում է մինչեւ 10 կգ ուղեբեռը՝ առնվազն 150 սմ, ինչպես նաեւ տեղերի ընտրություն՝ բացառությամբ 1-ին, 2-րդ, 15-րդ եւ 16-րդ տեղերի: Ստանդարտ եւ պլյուս սակագները անվերադարձ են, իսկ ինքնակամ հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում: Պրեմիում սակագնի մեջ պահպանվում է անվճար նորման, ինքնաթիռի սալոնում մինչեւ 10 կգ ուղեբեռը՝ նշված չափանիշներով, ինչպես նաեւ տեղ բեռնախցիկում մինչեւ 20 կգ՝ առնվազն 23 սմ, ինչպես նաեւ տեղերի ընտրություն, չվերթից ինքնակամ հրաժարում՝ 2000 ռուբլիի չափով, ինչպես նաեւ օրվա կամ ժամի փոփոխություն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում՝ ըստ ժամանակացույցի: Այն հարցին, թե ի՞նչն է մտնում 10.000 դրամի մեջ, ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ այն ներառում է ստանդարտ սակագինը՝ վերոնշյալ չափանիշներով: Այն հարցին, թե դա վերջնական գի՞նն է, նա նշեց. «Որպես կանոն, երբ ուղղությունը նոր է լինում, երբ այն կիրառվում է ակցիայի շրջանակներում, ռուսական արժույթով մեկ մարդու համար՝ սկսած 999 ռուբլուց: Սակայն ակցիայի շրջանակներում այն վաճառվում է սահմանափակ քանակով»:
Այնպես որ, եկեք չշտապենք ուրախանալ, որ շաբաթական 3 անգամ կարող ենք 10 հազար դրամով Երեւանից մեկնել Մոսկվա, քանի որ դեռ ավիաընկերությունը հանրությանը մանրամասն չի ներկայացրել իր սակագները: Իսկ մինչ այդ ոլորտի պատասխանատուները կասկածի տակ են դնում այն, որ «Պոբեդա»-ի ծառայություններից օգտվելով՝ քաղաքացին բավարարվելու է միայն 10 հազար դրամ վճարելով:
Ըստ փորձագետների հաշվարկների՝ 2 ժամ թռիչքը ավելի քան 4 տոննա վառելիքի ծախս է: Իսկ 1 տոննան միջինը արժի մոտ 500 դոլար, այսինքն` միայն վառելիքի համար անհրաժեշտ կլինի ավելի քան 2 հազար դոլար: Եթե ինքնաթիռը միջինը տեղափոխի շուրջ 150 մարդ, գումարը կկազմի 3 հազար դոլար: Մնացած հազար դոլարը չի փակի թռիչքի, վայրէջքի, օդանավակայանում սպասարկման, ավիացիոն անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ծախսերը: Այս ամենը հաշվի առնելով` տոմսերի իրատեսական գինը կտատանվի 80 դոլարի սահմաններում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱՆՏԵՍՎՈՂ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում վերջին տարիներին աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում Եհովայի վկաները, հիսունականները եւ կրոնական այլ հոսանքների ներկայացուցիչները: Նոյեմբերյան քաղաքում, Ադրբեջանին սահմանակից գյուղերում «Եհովայի վկաներ» կրոնական հոսանքի ներկայացուցիչները քարոզչության նպատակով իրենց անծանոթ մարդկանց բնակարանների դռներն են թակում, բրոշյուրներ բաժանում: Վերջերս Նոյեմբերյանում կայացավ «Վերածնունդ» հոգեւոր կենտրոնի միջոցառումը: Հրավիրատոմսում գրված էր, որ հանդեսի ժամանակ ներկայացվելու են բժշկություն եւ հրաշքներ: Զենք բռնելը մերժող Եհովայի վկաների եւ տարատեսակ հրաշքներ խոստացող կրոնական հոսանքի ներկայացուցիչների ցանած սերմերը հետո են պտուղ տալու: Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի սահմանագոտում տարվող նման քարոզչությունը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
Օգոստոսի 8-ի երեկոյան Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, թե ծեր կնոջը Կոտայքի մարզում տեսնող է եղել: Գանձաքարի նախկին գյուղապետ Շահեն Շահինյանն ասաց, որ Ս. Զաքարյանին որոնել են Չարենցավանում, Հրազդանում եւ այլուր, սակայն ապարդյուն: Նախկին ղեկավարի խոսքերով՝ անհետացած ծեր կնոջը շուրջ 15 օր սարում էին որոնում, սակայն արդյունք չի եղել: Շ. Շահինյանը հայտնեց, որ այժմ ոչ ոք չի զբաղվում անհետ կորածի որոնմամբ: Նա ասաց, որ Ս. Զաքարյանի տղան Գանձաքարում է բնակվում, անասնապահ է: Վերջինիս եղբայրը Ռուսաստանում է: Ս. Զաքարյանը նաեւ ամուսնացած աղջիկ ունի, ով Գանձաքարի բնակիչ չէ: Հարազատները մեծ ցավ են ապրում, որ 78-ամյա կնոջ հետքն այդպես էլ չի գտնվում, նրանից որեւէ մասնիկ, մասունք չի հայտնաբերվում: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Ս. Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրգործ է հարուցվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը): Քրգործով հոդվածը կփոխվի, երբ կնոջը գտնեն եւ նրա անհետանալու հանգամանքները բացահայտեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս