Նոյեմբերի 8-ից 10-ը «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կայացավ Ազգային աջակցման մարմնի միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում խոշոր աղետների դեպքում միջազգային օգնություն ստանալու գործընթացը, հետամուտ լինել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO կողմից մշակված ուղեցույցներին, ինչպես նաև` կատարելագործել ներկայումս միջազգային հանրության շրջանում մարդասիրական օգնության ընդունման մեխանիզմները:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, արդարադատության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, քաղաքացիական ավիացիայի, ոստիկանության, ինչպես նաև` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները հանդես եկան Սենդայի գործողությունների ծրագրի, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև համաձայնագրի, Ազգային աջակցման մարմնի նպատակների, խնդիրների և գործառույթների, «Աղետներին պատրաստ օդանավակայաններ ծրագրի» մասին զեկույցներով։
Միջգերատեսչական խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 25-ից 26-ը: Կներգրավվեն գերատեսչությունների կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներ` Ազգային աջակցման պլանն ավելի արդյունավետ մշակելու համար։