Երեխաների պատրաստվածությունը՝ ԱԻՆ ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին և 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցներում Աշխատակիցների և աշակերտների պաշտպանության իրականացումը երկրաշարժի ժամանակ։

«Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում ուժեղացված և նոր կառուցված յուրաքանչուր դպրոցի համար արտակարգ իրավիճակներում արձագանքման գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ուսումնական վարժանքներ են կազմակերպվել Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Բադալյանը հակիրճ ներկայացրեց աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձավ պատրաստվածության կարևորությանը.

– Քանի որ Երևան քաղաքը գտնվում է հնարավոր երկրաշարժի 8-10 բալային գոտում և այստեղ է գտնվում հանրապետության կառավարման մարմինների, արդյունաբերության, տնտեսության և ազգաբնակչության հիմնական մասը, ուստի նմանատիպ միջոցառումները խիստ անհրաժեշտ են և կրում են պարբերական բնույթ: Ուսումնական վարժանքներին ընդգրկված են Երևան քաղաքի և վարչական շրջանների ղեկավար կազմն ու աղետների ռիսկի նվազեցման թիմերի ներկայացուցիչները, ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ անձնակազմը, վարչական շրջանի դպրոցների տնօրենները և զինղեկները, ուստի վարժանքի դրական արդյունքը պայմանավորված է բոլորիս մասնակցությամբ:

Ուսումնական վարժանքի տեսական հատվածում մասնակիցներին ներկայացվեց «Հեշտ ապրենք երկրաշարժի հետ» թեմայով տեսաֆիլմ, այնուհետև ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցները հանդես եկան զեկույցներով՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով:

Ինչպես Նոր Նորքի N 135 հիմնական դպրոցում, այնպես էլ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան N 155 հիմնական դպրոցում ուսումնավարժանքի մտահղացումը հետևյալն էր. Երևանում տեղի է ունեցել երկրաշարժ, վնասվել են դպրոցի մասնաշենքերը, առաջացել են փլուզումներ և հրդեհ, կան նաև տուժածներ: Դպրոցի երկու մասնաշենքերի 1-ին և 2-րդ հարկերն ամբողջությամբ ծխապատված են: Ծուխը տարածվում է դեպի մյուս մասնաշենքեր, վնասվել են կոմունալ-էներգետիկ համակարգերը:

Դպրոցի ազդարարման համակարգի միջոցներով տրվեց ազդանշան և հնչեց տարհանման հրահանգ:

Նախքան հրշեջ-փրկարարների ժամանումը՝ դպրոցի քաղաքացիական պաշտապանության շտաբի պետի գլխավորությամբ կազմակերպվեց աշակերտների տարհանումը: Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին դպրոցի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հրշեջ-փրկարարները շենքում արգելափակված տուժածներին դուրս բերեցին և մոտեցրին տարածքում հերթապահություն իրականացնող շտապօգնության և կարմիր խաչի աշխատակիցներին:

Լ. Միրիջանյանի անվան N 155 հիմնական դպրոցում վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Արզումանյանը:

Դպրոցի տնօրեն Լ. Դանիելյանի փոխանցմամբ՝ նման միջոցառումները միայն անհրաժեշտություն են, քանի որ վրահաս աղետի ժամանակ մեծ նշանակություն ունեն առաջին րոպեներին արված ճիշտ գործողությունները:

-Մեր դպրոցում ուսանում է 1500 երեխա, ուսուցչական կազմը հասնում է 100-ի և այսպիսի վարժանքները նախևառաջ մեզ՝ մանկավարժներիս է անհրաժեշտ, քանի որ երեխաների ապահովության և անվտանգության պատասխանատվությունը մեզ վրա է: Հստակ կարող եմ ասել, որ Լ. Միրիջանյանի անվան N 155 հիմնական դպրոցը վաղուց առաջնորդվում է իմացությունը, գիտելիքը՝ փրկություն է նշանաբանով, – եզրափակեց դպրոցի տնօրենը:

Փ/ծ փոխգնդապետ Կ. Արզումանյանն ամփոփեց վարժանքի արդյունքերը՝ մատնանշելով գործողությունների թերություններն ու բացթողումները, հանձնարարականներ տվեց դրանց վերացման ուղղությամբ և հայտարարեց ուսումնավարժության ավարտի մասին:




Լրահոս