Օրհասական հարց, սակայն նման խիստ հանձնարարականը հնչեց միայն հերթական դժբախտ պատահարից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում: Հարցը վաղուց օրհասական էր, և ափսոս, որ նման խիստ հանձնարարականը հնչեց միայն հերթական դժբախտ պատահարից հետո: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հրդեհ էր բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում գտնվող բենզալցակայանում: Տուժել էր երկու մարդ, այրվել բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, ավտոմեքենա և երկու աշխատասենյակ:

Մենք բազմիցս ենք անդրադարձել քաղաքի բանուկ հատվածներում բենզալցակայանների խնդրին և բարձրաձայնել անվտանգության նորմերի բազում խախտումների մասին: Ակնհայտ է, որ բենզալցակայանները պետք է գտնվեն բնակելի շենքերից բավարար հեռավորության վրա, մինչդեռ դրանց մեծ մասի պահեստարաններն ուղղակի տեղակայված են բազմաբնակարան շենքերի հիմքերի մոտ կամ գտնվում են հենց ճանապարհների վրա: Հասկանալի է, որ բենզալցակայաններն անհրաժեշտություն են, բայց ինչն է խանգարում, որպեսզի դրանք կառուցվեն շինություններից բավարար հեռավորության վրա` նվազագույնին հասցնելով որևէ դժբախտ պատահարի հետևանքով մի ամբողջ շենքի, թաղամասի հոդս ցնդելու վտանգը:

Ակնկալում ենք, որ իշխանություններն անմիջական մասնակցություն կցուցաբերեն վերոհիշյալ խնդրի լուծմանը և ստուգումների արդյունքում խախտումներն իրոք կբացահայտվեն ու կվերացվեն: Չէ որ հարցը վերաբերում է մարդկային կյանքին…

Անի Ստեփանյան




Լրահոս