Քննարկվել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը ներկայացրել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը, որի նպատակն է աշխատողների առողջության պահպանման առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումը և հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումը:

Նա նաև նշել է, որ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, որի կողմից պետք է մշակվի ազգային ծրագիր, որի ընդունմամբ հնարավոր կլինի համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող քաղաքականությունն առաջիկա երկու տարիների ընթացքում:

Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ, մասնավորապես առաջարկվել է ռազմավարության մեջ անդրադառնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդություններից ապահովագրական համակարգի ներդրմանը, ինչին ի պատասխան նախարար Ասատրյանն առաջարկել է այդ հարցը քննարկել միջգերատեսչական խմբում և ապահովագրական համակարգի ներդրումը՝ որպես քայլ, ներառել մշակվելիք ազգային ծրագրում:

Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս