Նախագահական կայքում դեռևս 2001 թվականն էր. ինչ փոխվեց մեր հրապարկումից հետո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում առաջին հայցքից կարծես ամեն ինչ «իր տեղում է»: Ակտիվորեն լուսաբանվում են երկրի առաջին դեմքի հանդիպումները, տարատեսակ միջոցառումներին մասնակցելու մասին տեղեկատվություններ տարածվում, հրապարակվում փաստաթղթեր, Սարգսյանի հրամանագրերը, բայց սա միայն առաջին հայացքից:
Նախագահական կայքում կա «Հայաստան» խորագիրը կրող մի բաժին: Այդ բաժնում հրապարակված են ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին` դրոշը, զինանշանը, օրհներգը, պետության ղեկավարը, օրենսդիր մարմինը, պետական լեզուն, մայրաքաղաքը, վարչական միավորը, ազգային արժույթը, կան աշխարհագրական տեղեկություններ, ինչպես նաեւ` ժողովրդագրական եւ պատմական տեղեկություններ: Ամեն ինչ կարգին է, մինչ հենց այդ վերջին ժողովրդագրական եւ պատմական տեղեկություններին հասնելը:

Ժողովրդագրական տեղեկություններ բաժնում ներկայացված են բնակչության մասին տեղեկություններ: Ըստ այդ տեղեկությունների` Հայաստանում մշտական բնակչության ցուցանիշի համաձայն՝ կա 3 մլն 2 հարյուր հազար մարդ, իսկ ըստ առկա բնակչության ցուցանիշի` 3 մլն. մարդ: Նշենք, որ ՀՀ բնակչության մասին այսպիսի տվյալներ գրանցվել են դեռեւս 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով: 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ, իսկ «առկա բնակչության» թիվը՝ 3 մլն 2 հազար 594 մարդ:

15101966_1167344256691570_1683201179_o

Բայց մեկ անգամ եւս հատուկ նախագահականի կայքը «թարմացնողների» համար հիշեցնենք, որ 2011 թվականին ՀՀ-ում եւս մարդահամար է անցկացվել: 2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ, առկա բնակչության թիվը` 2 մլն 871 հազար 771: 2011 թվականին, 2001 թվականի համեմատ, մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, բայց արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ:

Այսպիսով՝ եթե հանրագումարի բերենք, ապա ստացվում է, որ 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով:

Իհարկե, «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել` ինչո՞ւ է հին տվյալներ հրապարակվել նախագահական կայքում, սակայն Հակոբյանը իր սովորության համաձայն մեր հարցը թողեց անպատասխան: Այնուամենայնիվ, ինքներս փորձենք հասկանալ, թե ի՞նչ է սա նշանակում: Այս ամենից ոչինչ եզրակացնել չես կարող, քան ողբերգական իրականության պարտակում: Իհարկե, մեր պաշտոնյաներին բնորոշ է իրականությանը նայել գունավոր ակնոցներով, ներկայացնել այնպես, ինչպես իրենց է հաճելի, բայց այս դեպքում կան իրականության մասին փաստեր ներկայացնող թվեր, որոնց «պարտակելը» հնարավոր չէ:
Նկատենք, որ նախագահական կայքում կա պատմական տեղեկությունների մասին հակիրճ ներկայացված հատված, որտեղ ընդամենը գրված է`
«1990թ. օգոստոսի 23-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը,
1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե,
1991թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ,
1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ,
2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ,
2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ»:

15135539_1167344253358237_313852550_n
Ընդամենն այսքանը: Իսկ ի՞նչ եղավ մեկ գիշերվա ընթացքում կայացրած որոշման արդյունքում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին տեղեկությունը: Չէ որ դա էլ էր պատմական: Մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, հայրենի քաղաքական գործիչները ոգեւորվել էին այդ փաստով, անգամ մեզ հարում էին համահիմնադիրներ, իսկ իրողությունն էլ՝ «պատմական»:
Այնուամենայնիվ, պետք է, ի վերջո, հասկանալ, որ սա ոչ թե սովորական մի կազմակերպության պաշտոնական կայք է, այլ երկրի առաջին դեմքի պաշտոնական խոսափողը: Ի դեպ, այդ կայքում աշխատելու համար մի խումբ մարդիկ վարձատրվում են ՀՀ պետական բյուջեից:

Հ. Գ. Մեր այս հրապարակումից հետո` այսօր, նախագահականից տեղեկացրին, որ նշված սխալը տեխնիկական վրիպակի արդյունք է, որն արդեն ուղղվել է: Ստորև ներկայացնում ենք արդեն փոփոխված տարբերակը:

15058612_1167344650024864_86919963_n

15086408_1167344656691530_1182704938_n

15058581_1167344646691531_200040486_n




Լրահոս