ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ՊԵԿ-Ի ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց նոր օրենսդրական նախագծի մշակման մասին, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի բուհերի խորհրդի նախագահ լինել:

«Ժողովուրդ»-ը այս օրենսդրական նախագծի շուրջ զրուցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գալստյանի հետ:
Ի դեպ, նշենք, որ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ, ահա, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահը՝ ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյան
-Պարո՛ն Գալստյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից նախաձեռնվող նոր օրենսդրական նախագծին, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել:
-Ես այսպես ասեմ, որ երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է, որովհետեւ մեր գործառույթները թափանցիկ են. լինի պետական մարմին, թե հասարակական ակտիվ մի գործիչ, ինչ-որ այդտեղ բան չեմ տեսնում: Միգուցե պետական մի ուժեղ մարմինը կարողանում է աջակցել ինչ-որ մեկին, մյուսը չի կարողանում, հնարավոր է՝ այդպիսի տարբերություն լինի: Մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է:
-Կմանրամասնեք, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունեք՝ երկու տարբերակ ասելով:
-Նկատի ունեմ, որ ընդունելի է՝ լինի պետական հզոր մարդ, ընդունելի է, որ չլինի պետական հզոր մարդ, ես չեմ ուզում այդտեղ վատ բան տեսնել, եւ երկուսն էլ մեզ համար ընդունելի է:
-Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, Ձեր ասած՝ պետական հզոր մարդկանցից: Ձեր խոսքից ստացվում է, որ նրա՝ խորհրդի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալու դեպքում կորցնելու բան չեք ունենա:
-Եթե մեր պետությունը որոշում է, որ խորհրդի մարդիկ պետք է լինեն այլ, ես ասեմ, չէ, մերը պետք է լինի Տարոն Մարգարյանը, որը մեր շատ լավ բարեկամն է, մեր կոլեկտիվը սիրում եւ հարգում է նրան ու սիրով աշխատում է իր հետ, ինքը մեզ շատ օգնում է:
-Ըստ Ձեզ՝ այս ճանապարհով բուհը հնարավո՞ր է ապաքաղաքականացնել:
-Ես քաղաքական դաշտում չկամ, մենք բուհում քաղաքական մարդիկ չունենք, չեմ զգացել դրա խնդիրը: Այսքանով սահմանափակվենք:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյան
-Տիկի՛ն Գասպարյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԿԳ նախարարի օրենսդրական նախաձեռնությանը, որով նա փորձում է բուհերը ապաքաղաքականացնել:
-Նախախարի այդ նախաձեռնությունը ընդունում ենք, եւ երեւի թե ճիշտը դա է, քանի որ հոգաբարձուների խորհուրդը արտասահմանի հոգաբարձուների խորհրդի իմաստն ունի: Բայց դրսում խորհուրդների անդամները այն մարդիկ են, որոնք ունենում են ներդրումներ տվյալ բուհի զարգացման համար: Եւ ներդրումների դիմաց պահանջում են աշխատանքի կատարում, ինչը նորմալ է: Բայց ես չէի ասի, որ բուհերը քաղաքականացված են, որովհետեւ որքան էլ որ քաղաքական գործիչներ են եղել մեր բուհի խորհրդի անդամները, նրանք երբեք քաղաքականությունը չեն մտցրել խորհրդի աշխատանքների մեջ: Ես սա միանշանակ կարող եմ ասել:
-Մարդու իրավունքների նախկին պաշտպաններն իրենց զեկույցներում բարձրաձայնել են բուհերը քաղաքականությունից զերծ պահելու խնդիրը, եւ ներկայիս նախարարը եւս նման խնդիր տեսել է: Ձեր ղեկավարած բուհի խորհրդի նախագահը ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն է: Ի՞նչ պիտի նա տա բուհին:
-Ձեզ ասեմ, որ մինչ Հովհաննես Հովսեփյանի գալը Վիգեն Սարգսյանն էր խորհրդի նախագահը, հետո եկավ Հովհաննես Հովսեփյանը, եւ ոչ մեկի կողմից որեւէ ուղղորդում մենք չենք ունեցել ընտրություններից առաջ:
-Այսինքն՝ բուհը չի տուժի՞, եթե Հովհաննես Հովսեփյանը օրենսդրական նշված փոփոխության՝ ուժի մեջ մտնելուց հետո չունենա խորհրդի նախագահի կարգավիճակ:
-Մենք Հովհաննես Հովսեփյանի հետ շատ լավ աշխատում ենք, եթե պետք է փոխվի, ուրեմն պետք է փոխվի, եթե մնա, մենք իր հետ շատ լավ աշխատել ենք: Խնդիրներ չենք ունեցել իր հետ, հակառակը, ունեցել ենք միայն աջակցություն:
-Իսկ Հովհաննես Հովսեփյանի հետ խոսե՞լ եք այս նախաձեռնության մասին:
-Ո՛չ, հնարավորություն չի եղել զրուցելու այդ մասին, կարծում եմ, որ շատ շուտով կզրուցենք իր հետ, տեսնենք՝ ինչ ենք անելու:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ»` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Երեկ, մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Կարեն Կարապետյանը պարզաբանեց, թե ինչ ասել է «չքննարկվող» հարց, եւ ինչու է ներկայացվող հարցերից մի մասի դիմաց նշված «չքննարկվող»: Պարզվում է` այսուհետ նախարարությունները իրենք պետք է որոշեն, թե որ հարցերն ու որոշումներն են կատարվելու իրենց մակարդակով, որոնք են բերվելու նիստի օրակարգ: Սակայն տեխնիկական բնույթի եւ հանրության կողմից առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը վարչապետն առաջարկեց տարբերակել եւ ներկայացնել «չքննարկվող» ձեւաչափով:

Ըստ երեւույթին այս գաղափարը վարչապետի մոտ առաջացավ կառավարության՝ հոկտեմբերի 13-ի նիստի ընթացքում ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի առաջարկից հետո: Հիշեցնենք, որ փոխնախարարն առաջարկում էր իր գործընկերոջ համար հեռախոսահամար հատկացնել: Առաջարկը վարչապետին դուր չեկավ, եւ վերջինս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես անել, որ նման հարցերը կառավարության օրակարգ չընդգրկվեն, այնուհետեւ հիշեցրեց, որ պետք է որոշումների ապակենտրոնացում անել:
Երեկ, մինչ կառավարության անդամները, հարմարավետ տեղավորված, իրենց հանձնարարակներն էին ստանում, կառավարության շենքի հետնամուտքի մոտ հավաքված մի խումբ մարդիկ էլ որոշում էին, թե ինչպես նիստից հետո գումար «կպցնեն» պաշտոնյաներից ¥բառն իրենք էին օգտագործում¤: Նրանցից ոմանք վիճում էին, թե ինչպես կիսեն «կպցրած» գումարները, ոմանք սպասում «Կառավարության ծաղկին»` Արփինե Հովհաննիսյանին. այս էլ արդեն որերորդ անգամն է՝ Հովհաննիսյանը «անհասանելի է» շատերի համար: Նրանցից մեկն անգամ հիշեցնում էր մյուսին. «Չես հիշում՝ 1000 դրամ որ կպցրել էի, քո համար բուլկի առա, կերար»: Նման պատկերը իսկապես ցավալի է: Բայց այս ամենի համար այդ քաղաքացիները մեղավոր չեն, նրանց ներկայիս թշվառ վիճակի պատասխանատուները նիստերի դահլիճում «բուռն» քննարկումներ անցկացնող պաշտոնյաներն են, որոնք ամեն նիստից հետո տարբերակներ են մտածում, թե ինչպես «թռնեն» լրագրողներից եւ այն մարդկանցից, ովքեր իրենց ոտնահարված իրավունքներն են փորձում պաշտպանել:
Նկատենք, որ մինչ մանկապարտեզներում, դպրոցներում երեխաները ցրտից սառչում են եւ հիվանդանում, կառավարության մի շարք աշխատասենյակներում չափից ավելի տաք է: Կառավարության աշխատակիցների համար, պարզվում է, ամառը դեռ չի վերջացել, կամ էլ ոգեւորվել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սպասվելիք իջեցումից: «Ժողովուրդ»-ը երեկ նկատեց կառավարության շենքի մի շարք բաց պատուհաններ: Կարելի է ենթադրել, որ այդ աշխատասենյակներում ջերմաստիճանն այնքան բարձր է, որ աշխատակիցների համար տոթ է: Ի դեպ, այդպիսի պատկեր էր նաեւ ֆինանսների նախարարության մասնաշենքում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՊԱՐՏՔԻ ՏԱԿԻՑ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ըմբշամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա արդյունավետ աշխատանքային գործունեության, վաստակած հեղինակության ու համբավի եւ ֆեդերացիայի 20-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:
Սա ուշագրավ է այն իմաստով, որ մինչ Գյումրու քաղաքապետի ընտրությունները, Մ. Գրիգորյանն ու Ս. Բալասանյանը քաղաքական հակառակորդներ էին: Նրանց մրցակցության առիթը Գյումրու քաղաքապետի աթոռն էր, քանի որ պատգամավորը մտադրություն ուներ առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում: Բայց այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն Գրիգորյանին արգելեց առաջադրել իր թեկնածությունը, վերջինս չընդդիմացավ, այլ խոստացավ օգնել, բայց դրա դիմաց նա Բալասանյանի առաջ որոշակի պայմաններ դրեց: Այն է՝ Գյումրու ավագանու ցուցակում պետք է լինեին իր թիմակիցներից: Եւ Բալասանյանի՝ Մարտուն Գրիգորյանին ոսկե հուշամեդալով պարգեւատրումը, հավանաբար, վերանշանակված քաղաքապետի «շնորհակալությունն» է պատգամավորի «օգնության» դիմաց:

 

 

ՔԻԹ ՍՐԲԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ
Խիստ աշխատանքային ռեժիմ է ՀՀ մարզպետարաններում. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մարզպետներին բազմաթիվ հանձնարարականներ է տվել, որոնք վերջիններս պետք է կարճ ժամանակահատվածում իրականացնեն: Սակայն այս ամենի արդյունքում «խեղճ ու աշխատասեր» մարզպետները ընդմիջում անելու եւ շունչ քաշելու ժամանակ անգամ չունեն: Ինչքան հրատապ ու խիստ են հանձնարարականները, որ նրանք ընդմիջումը նույնիսկ անում են իրենց աշխատասենյակներում եւ ուշ են տուն գնում: Բացի խստությունը, այստեղ կա մեկ այլ գործոն եւս՝ մարզպետները փորձում են իրենց «ջանասիրությամբ» աչքի ընկնել վարչապետի մոտ:

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ: Սակայն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի անկախ հանձնաժողովի անդամները դեռեւս չեն ծանոթացել նախագծին եւ, ըստ էության, դեռեւս չեն կարող ասել` նոր նախագիծը արդյոք ինչ-որ կերպ կլուծի դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը: Ինչեւէ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ով նաեւ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս նախագծի մասով հանրային խորհրդում քննարկում կլինի, իսկ այս պահին նոր նախագծի մասին դեռեւս ոչինչ ասել չի կարող:




Լրահոս