ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանը դեռեւս իր անցկացրած առաջին նիստի ժամանակ առաջարկել էր hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:

Ինչպես հայտնի է` «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 25-ին տեղի ունեցող նիստի ժամանակ կսահմանի ուժը կորցրած ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016 թվականի մայիսի 31-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 7-ի N190Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N139Ն որոշումը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հիմա փորձենք հասկանալ, թե հունվարի 1-ի դրությամբ ուժի մեջ մտնող նոր որոշումը ում համար ինչ սակագնային քաղաքականություն է մտածել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության` այս տարվա նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար կկազմի 100 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր անապահով համարվող ¥նպաստառու) ընտանիք մեկ խորանարդ մետր գազի համար վճարելու է 100 դրամ: Բայց արդյոք մեկ տարվա համար սահմանված 600 խորանարդ մետրը կարող է բավականացնել անապահով ընտանիքներին՝ իրենց հոգսերը հոգալու համար: Իհարկե, ոչ: Ըստ տրամաբանության` մեկ տարվա համար սահմանված այդքան խորանարդ մետրը կարող է բավականացնել միայն կերակուր պատրաստելու, սուրճ եփելու եւ այլ նմանատիպ կենցաղային հարցեր լուծելու համար: Այսինքն՝ նոր որոշումից հետո էլ անապահով համարվող ընտանիքը այդ նույն սակագնով ջեռուցում չի կարող իրականացնել, որովհետեւ չի կարող 600 խորանարդ մետրը բավականացնել ամբողջ տարվա համար` ներառելով ջեռուցում եւ այլ կենցաղային հարցեր: Տվյալ որոշումը սահմանում է նաեւ` 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար սակագինը կազմելու է 139 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար բնակիչ-բաժանորդները կվճարեն 139 դրամ: Իսկ եթե անապահով համարվող ընտանիքներն իրենց հատկացված 600 խորանարդի շեմի սահմանը հատեն, իրենք էլ դրանից հետո կսկսեն մեկ խորանարդի համար վճարել 139 դրամ:
Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց եւ ջերմոցներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմելու է 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, իսկ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը կլինի 139.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառման դեպքում` հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմելու է 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մյուս ձեռնարկությունների համար, ինչպիսիք են, օրինակ, բենզալցակայնները, ՋԷԿ-երը, որոնք համարվում են ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներ, յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի գինը նույնպես կազմելու է 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հ.Գ. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով հստակեցված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական կարգավիճակը, ըստ որի` հանձնաժողովն անկախ է իր իրավասության շրջանակներում եւ օժտված հանրային ծառայությունների սակագներ սահմանելու (կարգավորելու) բացառիկ լիազորությամբ։ Բայց կարծես այդքան էլ ամեն ինչ դեռ հստակ չէ, որովհետեւ Կարեն Կարապետյանի «առաջարկից» հետո միայն հանձնաժողովը հարկ համարեց ուսումնասիրել վերոնշյալ հարցերը:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՔԻՆ
Երեկ ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաեւ գարեջրի շուկային եւ վերջերս կիրառված տուգանքներին: Նա կոչ արեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջրի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան: Իսկ ինչո՞ւ վարչապետը այդպես վարվեց այն դեպքում, երբ լուրեր կան, թե նախապես իմացել է, որ վարույթ է հարուցվել հանձնաժողովում՝ ընդդեմ «Կիլիկիա» գարեջրի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 110 մլն դրամով տուգանված «Երեւան գարեջուր» ընկերության (որը արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը) սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդիպել է Մոսկվայից վերադարձած վարչապետին եւ ներկայացրել, որ հանձնաժողովը առանց ծանուցման նիստ է հրավիրել եւ մի շարք օրինախախտումներ թույլ տվել, ինչի արդյունքում վարչապետը հրահանգեց ազատ մրցակցային շուկա չմտնել:

 

 

ԿՍՆԱՆԿԱՆԱ՞
«Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ խանութներին մատակարարումները դադարեցրել է. գործարանը փակված է: «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ ընկերությունը հսկայական պարտքեր ունի կուտակած: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ տնօրինությունը որոշել է ընկերությանը տանել սնանկացման, որպեսզի ազատվեն պարտքերը տալու պարտավորություններից: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունը միտումնավոր է սնանկացման գնալու, ինչից հետո հնարավոր է, որ այլ անվանումով մտնեն շուկա: Նկատենք, որ «Աշտարակ կաթ»-ի սնանկացումը մեծ հարված կհասցնի այն գյուղացիներին, որոնց ընկերությունը մթերման կաթի դիմաց պարտք է:

 

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ Է ՎԱՃԱՌՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը աճուրդի է հանել սեփականություն համարվող գույքը: Ըստ այդմ, քաղաքապետարանը աճուրդի է հանել Սիսակյան փողոցի 22 շենքի թիվ 1-ից մինչեւ 25-ը հասցեում գտնվող շինությունները, որոնք պետք է ծառայեն որպես ավտոկայանատեղիներ: Դրանց աճուրդի մեկնարկային գները կազմում են 1 մլն 190 հազար դրամ, 1.3 մլն եւ 1.8 մլն դրամ: Ի դեպ, վաճառքի հանված ավտոկայանատեղիների աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

 

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ տնօրեն Յուլիա Սարգսյանը տուգանվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից: Նա ՀՀ տարածք է ներմուծել ճոպանուղու մասեր, խախտում է թույլ տվել, ինչի արդյունքում 4 մլն դրամի չափով տուգանքի է ենթարկվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Ախթամար» ՓԲԸ-ն սնանկացել է եւ գտնվում է լուծարման գործընթացում:

 

 
ՆՈՐ ՎԱՐԿ
Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 50 մլն եվրո վարկ հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում: Վարկը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Վարկը հիմնականում ուղղված կլինի գյուղմշակման եւ զբոսաշրջության ոլորտներին, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

 

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Գ. Սահակյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության կարեւորությունը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերի հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին կայանալիք համատեղ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ: Կոնստանտին Կոսաչովը եւս կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքը եւ փոխադարձ աջակցությունը:

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին: Հիշեցնենք, որ ԵՆԲ-ի հետ առաջին համաձայնագիրը կնքվել է 2007 թ., իսկ առաջին վարկավորման ծրագիրը իրականացվել է 2010 թ-ին: ԵՆԲ փոխնախագահը գոհունակությամբ է խոսել երեկ ՀՀ ԿԲ-ի հետ ստորագրված ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագրի մասին, որի հիմնական շահառուները հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկություններն են: Ս. Սարգսյանը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության եւ վարժանքների, բարեվարքության եւ այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը: Կարեւորվել է քաղաքական երկխոսության ձեւաչափերի հետագա օգտագործումը անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի): Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել:




Լրահոս